Նյութը՝ Զավեն Բասմաջյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-16 09:14
ԲՐԻՏԱՆԱՑԻՆ ՁԵՂՆԱՀԱՐԿՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԹԵՅՆԻԿ Է ԳՏԵԼ
Բրիտանական Դերբիշիր կոմսության 51-ամյա բնակիչը, որը ցանկացել է անհայտ մնալ, կարանտինի ժամանակ որոշել է կարգի բերել ձեղնահարկը:

Հին առարկաների մեջ նա գտել է ճենապակյա փոքրիկ թեյնիկ, որը նրա պապը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բերել էր Չինաստանից: Երկար տարիներ ճենապակին որպես ընտանեկան մասունք իր պատվավոր տեղն էր ունեցել հյուրասենյակի պահարանում: Ժամանակի ընթացքում փոխվում են սերունդները, փոխվում է նաև մարդկանց ճաշակը, կենցաղային նորաոճ իրերը գրավում են հների տեղը, և թեյնիկն էլ, տուփի մեջ խնամքով փաթեթավորված, հայտնվում է ձեղնահարկում:

Բրիտանացին իր գտածոն որոշում է հանձնել հնավաճառների խանութներին, բայց քանի որ դրանք կարանտինի պատճառով փակ էին, փորձում է համացանցի օգնությամբ ինքնուրույն գնորդ գտնել: Համացանցում նման չինական թեյնիկներ որոնելիս ուսումնասիրում է նաեւ «Hansons Auctioneers» աճուրդի կենտրոնի էջը: Ավելի թանկ վաճառելու հույսով դիմում է փորձագետներին, որոնք էլ հայտնում են գտածոյի իրական արժեքը: Պարզվում է, որ ճենապակյա թեյնիկն իրականում հազվագյուտ հնաոճ իր է, որը թվագրվում է Մանչժուրյան Ցին դինաստիայի Ցյանլունա կայսեր ժամանակաշրջանով՝ 1735-1799 թվականներով: Այն նախատեսված է եղել կայսերական խնջույքներին տաք գինի մատուցելու համար: Ի դեպ, նույն թեյնիկներից երկուսն այժմ գտնվում են Թայբեյի ազգային պալատական թանգարանում (Թայվան) եւ Պեկինի պալատական թանգարանում (Չինաստան):

Նախնական գնահատականներով բրիտանացին կարող է մոտ 130 հազար դոլար ստանալ: «LAD Bible»-ը գրել է, որ նա թեյնիկը հանել է աճուրդի, որը տեղի կունենա սեպտեմբերի վերջին: