Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-16 17:23
ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՇՈՒՏՈՎ ԿՓՈԽՎԻ
Հայաստանում դպրոցների կառավարման կարգը շուտով փոփոխության կենթարկվի:

Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին ի պատասխան:

Խորհրդարանում Հարությունյանը ներկայացրել է ԼՀԿ-ի՝ իր հրաժարականի պահանջով հարցապնդման պատասխանը:

«Դպրոցների կառավարման մոդելի փոփոխությունը կառավարությունում է, քննարկվում է: Շուտով կառավարման կարգը փոփոխության կենթարկվի: Բացի այդ, ռազմավարությամբ էլ սահմանած է, որ մենք ունենալու ենք խոշորացված դպրոցային ցանցեր, որտեղ կլինի մեկ միասնական մեծ խորհուրդ: Եվ կարծում եմ՝ մենք կձերբազատվենք խնդրից, որ ստիպված են լինում հազարավոր ներկայացուցիչներ գործուղվել խորհուրդներ»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ խորհուրդները նախկինում եղել են քաղաքական ուժի կամ ուժերի վերահսկողության տակ, հետևաբար նրանց նշանակած անդամներն էլ վերահսկվել, կառավարվել են: Եվ հիմա այդ համակարգը կփովի, կգնա խոշորացման, կլինեն վերապատրաստումներ:

«Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրել էր հարցապնդում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ նույն պահանջով: