Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-22 15:38
ՉԿԱՅԱՑԱՎ ՆԱԵՎ ՕԿՏՈԲԵՐՖԵՍԹԸ
Գարեջուրն այսօր ամբողջ աշխարհում ամենաշատ գործածվող խմիչքներից է։

Աշխարհի տարբեր երկրներում մշտապես կազմակերպվում են գարեջրի փառատոներ։ Դրանցից թերևս խոշորագույնն ու հնագույնը Օկտոբերֆեսթն է (Oktoberfest)՝ Գերմանիայի Մյունխեն քաղաքում կազմակերպվող ամենամյա փառատոնը, որը շուրջ 200 տարվա պատմություն ունի։

Առաջին անգամ գարեջրի այս փառատոնը կազմակերպվել է 1810 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ի նշանավորումն արքայադուստր Թերեզայի և արքայազն Լյուդվիգ Բավարացու հարսանիքի։ Մյունխենի կայարանամերձ հարթավայրը, որտեղ հարսանիքի առիթով մի ունտեր-օֆիցերի առաջարկով տեղի ունեցավ ձիարշավ, այսօր կոչվում է Թերեզայի հովիտ։ 1810 թվականից ի վեր Օկտոբերֆեստը անցկացվում է ամեն տարի (բացառությամբ՝ պատերազմական տարիների)։ 1872 թվականից տոնախմբությունը սկսում են սեպտեմբեր ամսին, երբ եղանակն ավելի մեղմ է ու հաճելի։ Բայց քանի որ այն շարունակվում է մինչև հոկտեմբեր, անվանումը չի փոփոխվել։ Անցած տարիների ընթացքում Օկտոբերֆեսթը անընդհատ վերափոխվել է ու կատարելագործվել։ Այսպես, 1881 թվականին գործի դրվեցին թռչնամսի տապակման առաջին վառարանները (հատուկ եղանակով՝ գարեջրով և համեմունքներով պատած հավի տապակած տոտիկները այս փառատոնի գլխավոր ուտեստներից են), իսկ 1892 թվականից սկսեցին գարեջուրը մատուցել ապակե մեծ բռնակավոր գավաթներով։

Փառատոնի գլխավոր ավանդույթը մնում է գարեջրի համտեսումը: Օկտոբերֆեսթի ընթացքում միջին հաշվով խմում են ավելի քան յոթ միլիոն լիտր «բավարական հեղուկ ոսկի»: Վերջին շրջանում ամեն տարի այս տոնին մասնակցում է ավելի քան 6 միլիոն մարդ (ի դեպ, ոչ միայն երիտասարդներ)։ Նրանք Մյունխեն են գալիս Գերմանիայի բոլոր երկրամասերից, ինչպես նաև արտասահմանյան երկրներից։ Տոնախմբությունը սկսվում է գարեջրագործների երթով, որոնք այդ օրվա համար առանձնահատուկ գարեջուր են եփում և որը կարելի է խմել միմիայն Օկտոբերֆեսթի օրերին։ Ճիշտ կեսօրին՝ հանդիսավոր երթից հետո բացվում է գարեջրի առաջին տակառը։ Ավելի ճիշտ՝տակառի վրա տեղադրվում է ծորակը, որով և ազդարարվում է գարեջրախմության սկիզբը։ Գարեջուրը մատուցվում է ոչ միայն տապակած թռչնամսի, այլև մյունխենյան նրբերշիկների, կաղամբի ու կարտոֆիլի աղցանի, ծխեցրած ձկնեղենի, խորոված խոզի մսի և այլ ուտեստների հետ։ Օկտոբերֆեսթի խորհրդանշական ուտեստներից մեկն էլ համարվում է կրենդելը՝ ոլորուն թխվածաքաբլիթը։ Ինչե՜ր ասես չեն անում կազմակերպիչները տոնախմբությունն առավել գրավիչ ու գունեղ դարձնելու համար։

Այս տարի Օկտոբերֆեսթը պետք է անցկացվեր 187-րդ անգամ՝ սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 4-ը: Սակայն բոլոր նրանք, ովքեր անհամբերույթամբ սպասում էին այս մեծ տոնախմբությանը, հուսախաբ եղան։ Համավարակի պատճառով տոնակատարությունը հետաձգվեց մեկ տարով։