Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-23 16:38
ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԵՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ
Հայաստանի Հանրապետության Անկախության օրն ամփոփվել են ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի՝ Քուվեյթի վարժարանի սաներին ուղղված արևմտահայերեն բանաստեղծությունների մրցույթի արդյունքները:

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստանի և արտերկրի հասակակից աշակերտների միջև կապերի սերտացմանն ուղղված հեռավար զրույցների շրջանակում բանաստեղծությունների մրցույթի անցկացման մասին հայտարարվել էր տիկին Սարգսյանի՝ այս տարվա մայիսի 26-ին Քուվեյթի ազգային վարժարանի սաների հետ հեռավար հանդիպման ընթացքում: Այդ ժամանակ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել վարժարանի սաների մասնակցությամբ մրցույթի արդյունքներն ամփոփել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը:

Չխախտելով պայմանավորվածությունը՝ սեպտեմբերի 21-ին տիկին Սարգսյանը, «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքի աջակցությամբ, առցանց հանդիպում է ունեցել Քուվեյթի ազգային վարժարանի և «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում վարժարանի հետ որպես քույր դպրոց հայտարարված՝ Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտների հետ: «Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհավորել Հայաստանի Անկախության տոնը: Անկախությունը փոխեց բոլոր հայերի կյանքը: Քսանինը տարվա ընթացքում Հայաստանը կարողացավ հաստատվել և դառնալ անկախ պետականություն ունեցող երկիր»​,-իր ողջույնի խոսքում ասել է տիկին Նունե Սարգսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել երկու դպրոցների տնօրեններին, ուսուցչական կազմին և աշակերտներին՝ իրենց գնահատելի պատրաստակամության ու ոգևորության, ջանքերի ու աշխատասիրության, և, իհարկե, հայ ազգին, հայոց լեզվին և մշակույթին նվիրված լինելու համար։ «Սա է այս նախաձեռնության հիմնական նպատակը՝ լինել կամուրջ և պահպանել մեր մայրենի լեզուն, -նշել է նա: -Շատ ուրախ եմ, որ դուք հավատացիք և մասնակցեցիք այս մրցույթին»:​

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է տասներկու աշակերտ: Վարժարանի աշակերտների կողմից ներկայացված բանաստեղծությունները գնահատվել են չորս անձից բաղկացած մասնագիտական ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված են եղել ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, արձակագիր, բանաստեղծուհի և մանկագիր Մարիամ Խուրշուդյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը, «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքի հիմնադիր, խմբագիր Նայիրի Մկրտիչեանը: Առավելագույն միավորներ են հավաքել և հաղթողներ են ճանաչվել Քուվեյթի ազգային վարժարանի 8-րդ դասարանի աշակերտուհի Լալա Խաչատուրյանը՝ «ՍԻՐՈՅ ՏԱՂ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ», 1-ին դասարանի աշակերտուհի Աննա Պոտիկյանը՝ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» և 4-րդ դասարանի աշակերտ Նիգոլ Աղպոյանը՝ «ՔՈՅՐՍ» բանաստեղծություններով:

«Հավատացնում եմ, որ թե՛ ժյուրին, թե՛ մենք բոլորս շատ հավանեցինք բոլոր տասներկու բանաստեղծությունները»,-ընդգծել է տիկին Նունե Սարգսյանը: Որպես քաջալերանք, խրախուսանք և շնորհակալություն՝ բոլոր տասներկու աշակերտների կողմից ներկայացված բանաստեղծությունները կհրապարակվեն «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքում և Հայաստանի նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքում: «Երեխանե՛ր, սա միասին աշխատելու մեր առաջին փորձն էր, բայց ես վստահ և լիահույս եմ, որ մենք շատ ուրիշ ծրագրեր պետք է իրականացնենք»,​-ասաց տիկին Սարգսյանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարգևների հանձնման արարողությունը կազմակերպել այն ժամանակ, երբ Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցի հրավերով մրցույթի մասնակիցները կայցելեն Հայաստան: Տիկին Նունե Սարգսյանը տեղեկացրել է, որ որոշվել է երեխաներին հյուրընկալել Հանրապետության նախագահի նստավայրում և այնտեղ էլ հանձնել պարգևները: Պարգևներ կստանան Քուվեյթի ազգային վարժարանի այն տասներկու սաները, որոնք մասնակցել են մրցույթին: Իսկ առավելագույն միավորների արժանացած երեք աշակերտները կստանան հատուկ մրցանակներ:

Տիկին Նունե Սարգսյանը քաջալերել է երկու կրթօջախների աշակերտներին շարունակել «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում շփումները, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել երկու դպրոցների տնօրենների, ուսուցիչների և ամենակարևորը՝ աշակերտների կողմից: «Գրչի ընկեր» նախաձեռնության շարունակականությունը ապահովելու նպատակով տիկին Սարգսյանը առաջարկել է դպրոցների միջև իրականացնել ասմունքի մրցույթ: Նշենք, որ տիկին Նունե Սարգսյանի «Գրչի ընկեր» նախաձեռնությունը իրականացվում է «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքի հետ համագործակցաբար: