Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-24 18:00
ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՒՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎՍՏԱՀ ԵՒ ՀԱՎԱԿՆՈՏ
Ինչպես պոդիումն է անցնում երկու շարքերի միջով, այդպես էլ «Ատեքս» նորաձևության կենտրոնը ստեղծվեց 1991-ին` երկու Հայաստանների` խորհրդային ու անկախ Հայաստանների միջև։ Հետո արդեն անկախության տարիներին, «Ատեքսն» աստիճանաբար սկսեց զբաղվել նորաձևության բոլոր ճյուղերով:

Կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը պատմում է, որ դեռևս Սովետական Միության ժամանակ Հայաստանը ունեցել է զարգացած թեթև արդյունաբերություն, իսկ հայկական կոշիկը շատ հաճախ նախկին Խորհրդային Միության տարբեր վայրերում վաճառվում էր իտալականի փոխարեն:

«Ես շատ ուրախ եմ, որ հիմա մեծ ուշադրություն է դարձվում հայկական արտադրությանը, դա ճիշտ է՝ շատ-շատ վաղուց պետք է արվեր: Որ հենց նորաձևության ինդուստրիան զարգանա, դա շատ մեծ շղթա է: Մենք այդ շղթայի սկիզբը ունենք՝ դիզայներներ, որոնք, փառք Աստծո, արդեն կան և հետաքրքիր երիտասարդներ կան: Մենք ունենք մի քանի արտադրություն. դա մեջտեղն է, բայց ոչ արանքը այդ շղթայի ունենք, ոչ վերջը։ Որովհետև ինդուստրիան դա իրոք շատ երկար շղթա է, և եթե մի կապը չկա, արդեն շղթան էլ չկա»:

Դիզայներ Արամ Նիկոլյանը իր գործունեության 20 տարիների ընթացքում հասցրել է դառնալ Հայաստանում նորաձևություն ստեղծողներից ու զարգացնողներից մեկը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակը բացասական ազդեցություն ունեցավ նաև նորաձևության վրա, բայց նաև դրական կողմ ունեցավ.

«Եթե առաջ ու հետո օրինակներ բերենք, առաջ շատ-շատ բուռն էր, ու անգամ, իմ կարծիքով, հասել էր այն եռման աստիճանին, որտեղ նորաձևությանը հասնելը արդեն բավականին բարդ էր դարձել: Որովհետև fast fashion ասվածը, այն բրենդները, ովքեր աշխատում էին այդ ուղղության մեջ, իրենք այնքան արագ էին զարգանում ու այնքան արագ էին այդ ամեն ինչը ներմուծում, որ բարձր նորաձևությունը մի քիչ հետին պլան էր գնացել: Ու, կարծում եմ, հիմա, այս ամեն ինչից հետո ամեն բան կընկնի իր տեղը, ու ամեն ուղղություն կզարգանա համաչափ»:

2016 թ.-ին 5 հայ երիտասարդ դիզայներներ միավորվելով Երևանում բացեցին «5կոնցեպտ» խանութ-սրահը, որը բազմաթիվ երիտասարդ և տաղանդավոր հայ դիզայներների հնարավորություն տվեց ներկայացնելու իրենց հավաքածուները, իսկ նորաձևությամբ հետաքրքրվողներին` տեսնելու, ճանաչելու և շոշափելու հայկական արտադրանքը: «5կոնցեպտ» խանութ-սրահի արտ տնօրեն Իրինա Վանյանն ասում է, որ հայկական դիզայներական հագուստը նորաձև է, տարբերվող, և ամենակարևորը՝ որակով:

«Իհարկե, դա նորաձև է ներկա պահին՝ մեր ժամանակներում կրել դիզայներական հագուստ: Եվ ոչ արտերկրի, այլ քո՝ հայկական: Եվ մենք շատ մեծ պատվով ենք ասում, որ սա արտադրված է Հայաստանում, «Made in Armenia»-ն պետք է բոլորը իմանան: Շատ անգամ մեզ փորձում են հարցերով դիմել, թե ինչու է հայկական արտադրանքը մի քիչ բարձր սեգմենտի մեջ: Որովհետև այն արված է դիզայներների կողմից, դա մի քիչ մասս-մարկետից տարբերվում է»:

Այս տարվա սեպտեմբերի լոնդոնյան նորաձևության շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը: 13 ինքնատիպ հայ դիզայներներ կներկայացնեն իրենց հավաքածուները համաշխարհային նորաձևության կենտրոններից մեկում, բայց կներկայացնեն օնլայն: Դիզայներ Վահան Խաչատրյանը կազմակերպչական խմբի անդամ է։ Ասում է` օնլայն նորաձևության շաբաթը հակառակ իր բացասական կողմերին, կարող է նաև նոր հնարավորություններ ստեղծել:

«Բոլոր դիզայներները նկարահանել են վիդեո հոլովակներ, ամեն մեկը իր պատկերացումով, թե ինչպես է ցանկանում ներկայացնել հագուստը, բրենդը: Կա հատուկ ժամացուցակ, թե որ ժամին, որ դիզայների վիդեոն է հայտնվելու օնլայն: Առաջին բարդությունը, մանավանդ, երբ որ խոսքը գնում է հագուստի մասին, այն է, որ մարդիկ ուզում են շոշափել և փորձել այն, ինչ պիտի գնեն: Այսինքն՝ մենք այս պահին զրկվում ենք այդ հնարավորությունից: Եվ շատ հաճախ դիզայներներն, ովքեր աշխատում են թանկ կտորների հետ, ունեն որակով կար և դա տեսանելի է միայն այն դեպքում, եթե դու մոտիկից ես հագուստը տեսնում, վիդեո տարբերակում կամ ֆոտո տարբերակում զրկվում են այդ հնարավորությունից: Բայց հնարավորություն է տալիս նոր բաներ մտածել: Ես չեմ ասում, որ սա ավելի լավ տարբերակ է, բայց սա խթան է հանդիսանում, որ ինչ-որ նոր բաներ մտածեն, և գուցե հետագայում կլինի երկուսի միքսը»:

Օնլայն պոդիումը, որը կանցնի Հայաստանի և Լոնդոնի միջև, նոր շունչ կտա հայկական նորաձևությանը և այն ավելի ճանաչելի կդարձնի աշխարհում: Մինչ այդ, դիզայներ Գայանե Մանուկյանը փոքրիկ պերֆորմանսի միջոցով ներկայացրել է «Just Black» նորաձևության տան նոր հավաքածուն` «After all» («Այս ամենից հետո») խորագրով։

«Պերֆորմանս՝ ընդամենը 10 մոդելներով, ովքեր ներկայացնում էին «Just Black»-ի նոր հայեցակարգը «After all» անվան տակ: «After all», որը թարգմանաբար նշանակում է՝ այս ամենից հետո: Հայեցակարգը խոսում է այն մասին, որ այս ամենից հետո կյանքը դեռ շարունակվում է՝ «After all life is going on»: Եվ ըստ այդմ՝  նոր հավաքածուն, որն այս հայեցակարգի տակ պետք է ներկայացնենք, վերաբերելու է ավելի հարմարավետ, ավելի կրելի հագուստներին: Նոր հավաքածուն լինելու է հենց այդպիսին»:

Նորանկախ Հայաստանի հետ 29 տարի իր քայլերն անող հայկական նորաձևությունն այսօր իր յուրօրինակ գույնն ունի և չնայած այն դեռևս ճանաչում չունի համաշխարհային նորաձևության հարթակում, սակայն մի քանի հայ դիզայներներ հասցրել են ցուցադրվել արտերկրում, իսկ Հայաստանում պարբերաբար ցուցադրություններ են կազմակերպվել, որոնց հրավիրված են եղել համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի անուններ: Այսօր հայկական նորաձևությունը՝ չնայած փոքր, բայց նոր գույներով առաջ է քայլում: Քայլում է ի հեճուկս ֆինանսական, առողջապահական և այլ դժվարությունների, քայլում է վստահ և հավակնոտ, որ անկախ Հայաստանի տնտեսության մեջ կդառնա արդյունաբերական կայացած ոլորտ, իսկ համաշխարհային շուկայում հայտնի կլինի իր ուրույն ձեռագրով։