Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-26 16:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ
Եվրոպական ժառանգության օրեր. Ռուսական արվեստի թանգարանում կկայանա «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շնորհանդեսը

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կկայանա «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրը նախատեսում է Բ. Գրիգորևի «Կենդանաբանական այգի» նկարի ներկայացումը VR տեխնոլոգիայի միջոցով։ Դիտողները վիրտուալ իրականության ակնոցի միջոցով կհայտնվեն ստեղծագործության «ներսում» (նկարի հիման վրա նախապես ստեղծված 3D միջավայրում), «կզբոսնեն» այնտեղ, «կհանդիպեն» նկարի հերոսներին և կծանոթանան ստեղծագործության պատմությանը։ ՀՀ թանգարանների պատմության մեջ սա առաջին փորձն է, որտեղ այցելուն հայտնվում է հենց նկարի «ներսում»։

Նախագիծն իրականացրել է «ԱՐԼՈՒՊԱ» ընկերությունը «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորությամբ: Կարևորելով թանգարանում հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ հանդիպմանը ներկա գտնվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել (հեռ.՝ 010 560331, հասցե՝ Իսահակյան 38):

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը կներկայացնի «Մեր մանկության խաղերը» միջոցառումը

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը կներկայացնի «Մեր մանկության խաղերը» միջոցառումը: «Չլիկ դաստա», «7 քար», «Հալամուլա» և բազում մոռացված խաղեր կվերհիշվեն տուն-թանգարանի պուրակում։ Հանդիպումը կամփոփվի բոլոր ժամանակների սիրված և ինտելեկտուալ զբաղմունքով՝ սպենդիարյանական թեմատիկայով փազլ հավաքելով։ Կարևորելով թանգարանում հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ հանդիպմանը ներկա գտնվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել (հեռ.՝ 010 58 07 83, հասցե՝ Նալբանդյան 21):

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի այգում կհնչեն ժամանակակից մշակումներով ստեղծագործություններ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի այգում սեպտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա «Հայ արդի մեղեդիներ» խորագրով համերգ՝ կհնչեն ստեղծագործություններ ժամանակակից մշակումներով: Կարևորելով թանգարանում հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ հանդիպմանը ներկա գտնվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել (հեռ.՝ 010 28 16 87, հասցե՝ Քանաքեռ 2-րդ փողոց, տուն 4):