Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-27 16:53
ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ՈՒ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ԱՂՈԹՔ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Վատիկանում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը, հանդիպմանը մասնավոր անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված գործողություններին:

Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Սեպտեմբերի 27-ին Վատիկանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված սերտ հարաբերություններին և տարբեր ոլորտներում առկա գործակցությանը։ Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված գործողություններին, որոնք հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության մեջ»,-հայտնել է  Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Կաթոլիկ Քույր Եկեղեցու և նրա հովվապետի ձայնը։ Դատապարտելով Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան՝ Գարեգին Բ Կաթողիկոսը հաստատել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարգմամբ և արդարության հռչակմամբ միայն հնարավոր կլինի վերահաստատել խաղաղությունն ու կայունությունը։

«Երկու հովվապետերը աղոթք բարձրացրեցին խաղաղության վերականգնման համար։ Առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պետրոսի տաճարում ներկա գտնվեց Սուրբ Պատարագի արարողությանը։ Պատարագիչ Լանզարի արքեպիսկոպոսը, ողջունելով Վեհափառ Հայրապետի ներկայությունը սրբազան արարողությանը, մասնակից եկեղեցականներին և հավատացյալներին տեղեկացրեց վաղ առավոտյան վերսկսված հակամարտության մասին։ Լանզարի արքեպիսկոպոսը ներկաների անունից զորակցություն հայտնեց Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ աղոթելով Արցախի և արցախահայության անվտանգ ու ապահով կյանքի վերահաստատման համար»,-նշել է  Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով Իտալիայի Հանրապետություն էր մեկնել սեպտեմբերի 26-ին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: