Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-16 19:26
«ՄԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ». ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը` ի նշան բողոքի ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման: Նրանք միջազգային հանրության ուշադրությունն են ցանկանում հրավիրել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա։
Ակցիայի մասնակիցները գերմանական լրատվամիջոցներից մեկին ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը և պատմել, որ հակառակորդը տարբեր զինատեսակներից հարվածներ է հասցնում մանկապարտեզների, դպրոցների և հոսպիտալի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվում և զոհվում են քաղաքացիական անձինք:
 
Նրանք հանդես են գալիս «Դադարեցրեք ցեղասպանությունը» «Դադարեցրեք ահաբեկչությունը» «Էրդողան՝ ահաբեկիչ» «Ալիև՝ ահաբեկիչ» «Արցախը Հայաստան է», «Մենք խաղաղություն են ուզում» և այլ գերմաներեն ու հայերեն վանկարկումներով:
 
Հոկտեմբերի 16-ին Եվրոպայի հայերը մոբիլիզացվել և նախաձեռնել էին աննախադեպ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման. հայերն այս անգամ փակել են Եվրոպայի միջպետական նշանակության ավտոմայրուղիները: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացրել էր, որ հայերը վաղ առավոտից փակ են պահում նաև հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիա-Իսպանիա, Բելգիա-Նիդերլանդներ, Ֆրանսիա- Շվեյցարիա, Նիդերլանդներ-Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա, Ֆրանսիա-Իտալիա, Գերմանիա-Դանիա։