Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-17 08:41
ԺՆԵՎՈՒՄ ՋԱՀԵՐՈՎ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԵՐԹ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ`Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ
Շվեյցարիայի խոշորագույն քաղաքներից մեկում` Ժնևում ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի:
Այս մասին ասաց շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը:
 
Նա հայտնեց, որ երթի մասնակիցները «Արցախ», «Հայաստան», «Հաղթելու ենք»  «Ալիև ջիհադիստ», «Էրդողան մարդասպան» վանկարկելով Վիլսոնի պալատից շարժվել են դեպի Ազգերի պալատ, որտեղ գտնվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը: Գասպարյանի խոսքով` երթի մասնակիցները պահանջում էին նաև ճանաչել Արցախի անկախությունը:
 
«Բացի դրանից, ներկա էին մի շարք շվեյցարական կուսակցությունների  ու կազմակերպությունների ներկայացուցիչներ` կանաչները, սոցիալիստները և բոլոր ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները:
 
Հատուկ ուզում եմ ընդգծել «Կանաչներ» կուսակցության պատվավոր նախագահ Ուելի Լոյենբերգերի ներդրումը այս ամենում, ով Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից ջանք ու եռանդ չի խնայել մեզ աջակցելու հարցում»,- եզրափակեց Գասպարյանը:
 
Երթը կազմակերպվել է հայ-շվեյցարական միության կողմից, որին միացել էին բոլոր հայկական ասոցիացաները:
 
Ավելի վաղ, Ժնևի քաղաքային խորհուրդը  ընդունել էր բանաձև, որով դատապարտել էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ: Փաստաթուղթը կոչ է անում ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք:
 
Շվեյցարական քաղաքի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հորդորում են վարչական խորհրդին միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Խորհրդային Միության փլուզումից ի վեր Ադրբեջանն առաջնորդող Ալիևների կլանի ունեցվածքի սառեցման հարցով: