Նյութը՝ Վլադ Մուրադյանի
Լուսանկարները՝ Զրուցակցի անձնական արխիվից
Տեղադրվել է 2020-10-22 19:10
ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ՄԵՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՀԱՂԹԵՆՔ»
«Մենք անպայման հաղթելու ենք: Պարզապես պետք է լինել ուժեղ և տոկուն»,- համոզված է Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս օրերին Ռուսական դրամատիկական թատրոնը աջակցում է իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին: Չորս բարեգործական մանկական ներկայացում արդեն ցուցադրվել է: Խոսքը «Երեք խոզուկները» (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան) «Բժիշկ Այբոլիտը» և «Գայլն ու յոթ ուլիկները» (բեմադրիչ` Իռա Հարությունյան) մանկական ներկայացումների մասին է:

-Երբ թնդանոթները որոտում են, մուսաները լռո՞ւմ են:

-Ո´չ, չեն լռում և չպետք է լռեն, երբ զոհվում են մարդիկ, երբ կյանքից հեռանում են երիտասարդ տղաները։ Մեր զենքը, մեր առաքելությունը ներկայացումներ խաղալն է, ինչն էլ շարունակաբար Ռուսական դրամատիկական թատրոնն անում է և անելու է՝ հատկապես իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների համար: Մենք անում ենք հնարավորը, որ նրանց դուրս բերենք այս ծանր իրավիճակից, թեկուզ կարճ ժամանակահատվածով տեղափոխենք նրանց հեքիաթի աշխարհ: Լիահույս ենք, որ հեռու չէ այն օրը, որ փոքրիկները ժպտալու են, իրականանալու է նրանց՝ տուն վերադառնալու երազանքը, հեքիաթը դառնալու է իրականություն, իսկ պատերազմի մղձավանջը մնալու է անցյալում։

-Ռուսական թատրոնից այսօր կա՞ն առաջնագիծ մեկնածներ:

-Այո, կան: Երիտասարդ դերասան Վահագն Սամվելյանը, որ վերջերս է եկել մեր թատրոն, վիրավորումներ է ստացել: Խոսել եմ հարազատների հետ, ասացին, որ նա ևս մեկ վիրահատություն է տարել: Կարծում եմ, որ արագ կապաքինվի, և շատ շուտով մեր հանդիսատեսը նրան կտեսնի բեմում:

Թատրոնը միայն դերասանախումբը չէ, այլև տարբեր մասնագետներ, որոնք աջակցում են ներկայացման կայացմանը։ Նրանցից մեկը՝ բոլորիս կողմից շատ սիրված Հայկը, հիմա առաջնագծում է: Աստված նրան առողջություն, կամք, ուժ տա, և թող օր առաջ բոլորի հետ հաղթանակով վերադառնա:

-Պատերազմի հենց երկրորդ օրը թատրոնը հանդես եկավ տեսաուղերձով։ Ինչպիսի՞ արձագանքներ եղան:

-Դիտումներն, իսկապես, շատ էին: Կարծում եմ, որ այն օրերին սոցցանցերի օգտատերերը կարիք ունեին ոգեշնչող խոսք լսելու։ Դրանով եմ բացատրում այն մեծաթիվ դիտումներն ու արձագանքները, որ ունեցավ տեսաուղերձը հրապարակման պահից սկսած:

-Տիկին Մարիաննա, սպասելի էր նաև հակառակորդի «բանակի» բացասական կարծիքների տարափը:

-Այո, իհարկե, նողկալի մեկնաբանություններ, անեծքներ...

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք: Հնարավո՞ր է՝ մանկական ներկայացումներով հանդես գաք ՀՀ մարզերում:

 

-Այդ ծրագրերը քննարկման փուլում են: Այս օրերին թատրոնում փորձեր են ընթանում: Նոյեմբերի 28-29-ին առաջնախաղ է նախատեսված՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Հուսանք, որ առաջնախաղը տեղի կունենա, և մեր հանդիսատեսը կգա թատրոն, ամեն ինչ խաղաղ կլինի, և մենք հետզհետե կփորձենք վերադառնալ աշխատանքային բնականոն ռիթմին։

Միաժամանակ փորձեր են անցկացնում բեմադրիչներ Նորա Գրիգորյանը, Մանվել Խաչատրյանը և Իռա Հարությունյանը: Աշխատանքը մեզ օգնում է դիմակայելու այս պահին մեր առաջ ծառացած խնդիրներին։

-Անշուշտ, լրացուցիչ դժվարություններ են ծագում նաև այս օրերին կորոնավիրուսի աճող տվյալների պատճառով։

-Իհարկե: Բայց մենք պահպանում ենք հակահամաճարակային բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորություն, ջերմաչափում, դիմակ, ախտահանիչ միջոցներ, և առայժմ կարողանում ենք չհիվանդանալ:

-Ի՞նչ կմաղթեք սահմանին կանգնած զինվորին:

-Տոկուն եղեք, ուժեղ եղեք, և մենք, անպայման, կհաղթենք:

Լուսանկարները՝ հղումով