Նյութը՝ Մերի Աղաջանյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-10-22 20:06
ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ...
Պատերազմը ոչինչ չի տեսնում, ոչ էլ լսում է: Ուշադիր փնտրում է մարդկանց, որ գա ու տանի:

Տանի մեզ ու մեզանից... Որ մեր նամակները մնան անպատասխան, որ մեր հանդիպումները, որոնք ծրագրվել էին ընդամենը օրեր առաջ ու հետաձգվել մեր անփութության պատճառով, ամբողջ կյանքում մեզ հիշեցնեն միասին չխմած սուրճի ու թեյի մասին:

Պատերազմը հնարավորություն է, վերջին հնարավորություն, որ հրաժեշտի հետ է գալիս ու հաճախ՝ հրաժեշտով էլ գնում. զինվորի տված հրաժեշտին փոխարինում է զինվորին տված հրաժեշտը՝ անվերադարձ...

Դու սպասում ես, կիսատվում ամեն վայրկյանի հետ, ինքդ դառնում վայրկյան, որ անընդհատ վեր է թռչում տեղից ամեն մի կլոր ժամի, երբ հեռուստացույցով լսվում է. «Եթերում է «Լուրերը»»: Սպասում ես լուրի, բայց չես ուզում լուրերը լսել: Խաղաղ կյանքով ապրող մարդիկ տեսնես ինչքա՜ն բան դեռ չգիտեն ու լիովին չեն հասկացել կյանքը: Էկրանին գրվում է՝ «Հրատապ լուր»: Սիրտդ դուրս է գալիս իր տեղից, չես էլ ուզում մտածել՝ ինչ են ասելու: Ու մեկնաբանը հանկարծ կարդում է. «Վճռաբեկ դատարանում այսօր նոր դատավոր է ընտրվել...»: Ի՞նչ վճռաբեկ դատարան, ի՞նչ ընտրություն: Երկրում է իրավիճակը վճռաբեկ և կամ ՍԱՀՄԱՆադրական. սահման է դրված ապրելու ու չապրելու միջև. արանքում՝ մի տեղ: Էնքան փխրուն սահման, որ տրորվում է ոտքերի տակ: Տրորում են: Իսկ մարդիկ՝ աշխարհի մարդիկ, անցնում են էդ տրորված կյանքերի կողքով... որպես դիտորդ:

Չքարկոծեք, չասեք, որ սրբապիղծ եմ: Փարիզի Աստվածամոր տաճարը վառվեց, փլվեց կրակից: Եվրոպայում, ամբողջ աշխարհում մարդիկ իրենց տեղը չէին գտնում: Հիմա մի ամբողջ ժողովուրդ է փուլ գալիս չդադարող կրակից։ Ու պատերազմը պատեր է քանդում։ Շուշիում անտանիք է մնում հավատքի տաճարը, Ստեփանակերտում մի երեխա դառնում է անընտանիք: Իսկ մարդիկ աշխարհում շարունակում են խոսել, ուղղակի խոսել: Կոչեր են անում, մտահոգվում են, մինչդեռ ինչ-որ տեղ պատերազմը մարդկանց ստիպում է գոռալ, որ իրենց լսեն: Ճիչը մնում է օդում կախված, մարդիկ սպասում են ավարտի։ Ոչ մի բանի ավարտն այնքան հաճելի չի, որքան պատերազմինը։ Պատերազմի ավարտից հետո չես վախենում ցուցակներ կարդալուց, բայց շարունակում ես ատելությամբ նայել երեխայիդ ձեռքում այսուայնկողմ շուռումուռ եկող տանկերին, թեկուզ դրանք ընդամենը խաղալիք են։ Պատերազմը նույնիսկ ավարտից հետո չի թողնում, որ դու ապրես առաջվա պես, առաջվա արժեքներով։ Ամեն անգամ նոր սկսվող պատերազմի հետ ավարտվում է քո նախկին կյանքը։ Ուրիշ մարդ ես դառնում։ Արդեն մի քիչ կիսատ։

Պատերազմն ի վերջո ավարտվում է, բայց դու շարունակում ես ապրել պատերազմական երկրում, որովհետև պատերազմն ամեն անգամ նորից է սկսվում։ Սովորական բան է դարձել մեզ համար պատերազմը։ Մեր ապրած կյանքն անցավ պատերազմին զուգահեռ։ Մենք չիմացանք՝ ինչ է իսկական խաղաղությունը։ Խաղաղ երկնքի մասին միայն կենացներ ասացինք ու բարեմաղթանքներ հնչեցրինք։ Ու մինչև հիմա սպասում ենք խաղաղության...