Նյութը՝ Մերի Աղաջանյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-10-22 20:09
ԵՐԳ ԶԻՆՎՈՐԻՆ
Օրեր առաջ որոշեցի Youtube-ում անգլերեն երգեր փնտրել զինվորի ու հայրենիքի մասին: Ընդամենը 1-2 բան գտա՝ վաղուց ծանոթ երգեր:

Զարմանալի չէ, որ այդպես է: Աշխարհի երևի թե ոչ մի ազգի համար զինվորն ու հայրենիքը չունեն այն արժեքը, ինչ հայերիս համար: Ամեն նոր սկսվող պատերազմի ժամանակ կենաց-մահու կռիվ մղող մեր ժողովուրդը չի կարող երախտապարտ չլինել այն հերոսներին, որոնք իրենց կյանքը տալիս են հանուն հայրենիքի ու մեր ապրելու իրավունքի:

«Կյանքդ՝ կյանքիս համար,

Կյանքս՝ կյանքիդ գնով...»։

Տողեր են 22-ամյա Վիկտորյա Խաչատրյանի գրած երգից: Թե ինչու պիտի  երիտասարդ աղջիկն իմանա՝ ինչ է զինվորի մահը, մեզանից ոչ ոք չի կարող ասել: Ոչ ոք չի կարող կիսել նաև հարազատի կորստի նրա ցավը, թեև բոլորիս էլ թվում է, թե մենք մեր մարմնի ամեն բջիջով զգում ենք դա: Զինվորին նվիրված երգ լսելիս կարողանում ենք մեզ գոնե մի փոքր սփոփել, հավատում ենք, որ հայրենիքի համար չի կարելի սեփական կյանքը խնայել, ու որ բոլոր հերոսներն անմահ են: Իրապես այդպես է, բայց արդյոք դրանից մեղմանո՞ւմ է այն մայրերի ցավը, որոնք իրենց որդիներին նվիրեցին հայրենիքին:

Վիկտորյան երգը գրել է Տավուշի հուլիսյան հրետակոծությունների ժամանակ, երբ իր հարազատներից մեկը՝ Սմբատ Գաբրիելյանը, այդպես էլ տուն չվերադարձավ: Հիմա ասում է՝ գրել է մեկի համար, նվիրում է բոլորին: Առաջնագծում ներկա պահին էլ հարազատներ ունի, վստահ է՝ այս անգամ բոլորն էլ հետ են գալու: Ձայնի մեջ՝ անսահման հույս, ասում է՝ հրաշք է տեղի ունենալու, ու հաղթանակը մերն է լինելու: «Մենք ենք կերտելու մեր հաղթանակը: Մեր փրկությունը մենք ենք: Հույսը միայն մեզ վրա պետք է դնենք»,- ասում է Վիկտորյան:

Երգը գրել է անասելի հուզմունքի պահին ու կարծում է՝ դա էր պատճառը, որ մարդիկ երգն իրենցը համարեցին: Երգի կատարողին` Քրիստինե Պեպելյանին, անձամբ չի էլ հասցրել հանդիպել: Ասում է՝ դրա համար ժամանակ չեղավ: Պարզապես զանգահարել էր Ավետ Բարսեղյանին, ասել, որ զինվորի մասին երգ է գրել և ուղարկել էր երգն իր կատարմամբ: Ավետն առաջարկել էր երգը հնչեցնել Հանրային ռադիոյի եթերում: Տաղավարում այդ պահին ներկա Քրիստինե Պեպելյանը շատ էր հավանել երգն ու առաջարկել գտնել մեկին, որ կկատարի այն։ Ու երբ իր կարծիքն էին հարցրել՝ թե ում կառաջարկի, պատասխանել էր՝ ինձ: Ու այդպես հապշտապ երգը ձայնագրվել էր:

Ցավոք, այս օրերին էլ թանկ կորուստներ ունեցանք, հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերող հերոսների թիվն օրեցօր ավելանում է: Իսկ մենք երազում ենք հաղթական այն առավոտը, որ խաղաղ ու անկորուստ կլինի, ու երգի հերոսների թիվն այլևս երբեք չի ավելանա...