Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-23 17:46
«ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԿԱՐԳԱԽՈՍՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է. ԷԴԳԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշումը, որն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի դեկտեմբերի 31-ին: Ինչպիսի՞ն են տեղական բիզնեսների մտորումներն այս հարցի շուրջ:
Ներկայացնված է ալյումինե  դռների և պատուհանների, ապակե կոնստրուկցիաների տեղական առաջատար արտադրող PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ զրույցը:
 
-Ի՞նչ կարծիքի եք թուրքական ծագման ապրանքների ներկրումն արգելող ՀՀ կառավարության որոշման մասին:
 
-Այս նախագծի ընդունումը մեր երկրի համար միանշանակ ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Նախագիծը որոշակի առումով ուշ է ընդունվում, բայց, իհարկե, ոչ ուշացած: Մինչ որոշման ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը հնարավոր է օգտագործել վերապրոֆիլավորվելու և  այլընտրանքներ, նոր մատակարարներ ու գործընկերներ գտնելու համար: Չկա թուրքական այնպիսի արտադրանք, որի այլընտրանքը չենք կարող գտնել Հայաստանում՝ հենց հայկական արտադրողից կամ ներմուծված այլ շուկաներից, չկա հումք, որը չենք կարող ձեռք բերել այլ երկրների մատակարարներից:  Թուրքական արտադրանքից  հրաժարվելը պետք է լինի ոչ միայն օրենքի պարտադրանքով, այլև մեզնից  յուրաքանչյուրի գիտակցումով. առաջին հերթին մենք ինքներս՝ որպես սպառող, պետք է վերանայենք մեր մոտեցումները ոչ միայն գործնական, այլև էմոցիոնալ մակարդակում:  
 
-Արդյո՞ք  հայկական արտադրողն ունի այնքան ներուժ, որ թուրքական արտադրանքի ներմուծման արգելքից հետո կարողանա ապահովել շուկան:
 
-Նախորդ տարի Թուրքիայից Հայաստան է ներմուծվել ըստ ծագման երկրի հատկանիշի 268.1 մլն.ԱՄՆ դոլարի ապրանք, որոնցից 21.6 մլն դոլարի ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերն են եղել: Հիմա ժամանակն է համապատասխան քայլեր ձեռնարկել և վերանայել գործընկերային հարաբերությունները: PROFAL-ը, որպես այս ոլորտում մասնագիտացված և բազմամյա փորձ ունեցող ընկերություն  դա հնարավոր է համարում, քանի որ հումքը  մշտապես ձեռք է բերել եվրոպական առաջատար մատակարարներից: Մենք պատրաստ ենք մեր արտադրական ամբողջ ներուժն օգտագործել, որպեսզի կարողանանք փակել շուկայի փոխակերպման արդյունքում առաջացող հնարավոր բացը: Չնայած շատ կարճ ժամանակ է անցել, բայց կարող եմ արձանագրել, որ արտադրության ոլորտում մեր բազմաթիվ գործընկերներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ հրաժարվել թուրքականից և  հումքի ձեռքբերման դեպքում առաջնահերթությունը տալ եվրոպականին, իսկ պատրաստի արտադրանքի դեպքում՝ տեղականին: Քանի որ արդեն իսկ  պահանջարկի աճ է նկատվում,  այս ուղղությամբ, հիմա մենք բանակցություններ ենք վարում արտերկրի մեր մատակարարների հետ, որպեսզի Հայաստանը դիտարկեն որպես մշտական գործընկեր, և մեծածավալ պատվերների դեպքում մեզ ավելի հասանելի պայմաններ ու մրցունակ  գներ առաջարկեն: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր տեղական բոլոր ընկերությունները հնարավորություն ունենան օգտվել միայն լավագույնից, կարողանան  տեղական  և արտասահմանյան սպառողին առաջարկել միայն լավագույնն ու որակյալը:
 
-Ինչպիսի՞ն պետք է լինեն  տեղական բիզնեսի հետագա քայլերն այս իրավիճակում:   
 
-Այժմ յուրաքանչյուր քայլ պետք է ուղղված լինի հանուն մեկ նպատակի՝ հաղթանակի: Մեր ամբողջ ներուժը և հնարավորությունները գործի դնելով այս փորձությունն ու մարտահրավերն էլ ենք հաղթահարելու: Կոչ եմ անում իմ գործընկերներին,  հայաստանյան  բիզնես ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, հայկական արտադրության հիմքը դնողներին և  տեղական ստարտափներին հրաժարվել թուրքականից : Մեր փորձով կարող ենք ասել, որ դա հնարավոր է:
 
Սիրելի՛ գործընկերներ, հիմա է հենց ժամանակը ապացուցելու, որ մեզ համար անհնարին ոչինչ չկա: Մենք կարող ենք հզորացնել մեր երկիրը, շենացնել մեր հայրենիքը: Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք բոլոր ճակատներում՝ մեր համախմբվածության, միասնաբար պայքարի ու  ջանքերի շնորհիվ: Ամեն ինչ կախված է մեզնից յուրաքանչյուրից, յուրաքանչյուրիս պատասխանատու մոտեցումից: Մենք մեր աշխատանքով ենք կերտելու հայկական արտադրության նոր մշակույթ, ձևավորելու ենք ամուր տնտեսություն ու հզոր երկիր, հայկական արտադրանքը՝ «ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»-ը,  դարձնելու ենք բարձր որակի նոր նշաձող ամբողջ աշխարհում: Ուրեմն՝ ի գո´րծ: