Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-29 18:43
ՄԻԵԴ-Ը ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ 5 ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՏԱՊ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերեվարված զինծառայողներ Սամվել Ասատրյանի, Ալբերտ Միքաելյանի, Էդիկ Տոնոյանի, Վալերի Հայրապետյանի և Արսեն Կարապետյանի գործերով Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:

Այս մասին «Ֆեյսբուքի»-ի իր էջում գրել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև նոյեմբերի 3-ը»,- գրել է Զեյնալյանը: