Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-30 08:20
ԲԵՐՁՈՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԱՔՍԻ ԱՓՆ ԸՆԿԱԾ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԴԻՐՔԱՅԻՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ
Այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ օրվա ընթացքում ողջ ռազմաճակատի երկայնքով շարունակվել են մարտերը, սակայն ոչ մեծ ինտեսիվությամբ:

«Նախ հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափը ընկած ռազմաճակատային ուղղությամբ, մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել: Բացի դրանից, ինչպես նախորդ ժամանակ նշել էինք, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում` հիմնականում անտառային զանգվածի փոքր բնակավայրերի հարակից տարածքներում, շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողությունները ընթացել են Ավերատանոց ու Սղնախ գյուղի տարածքում` հարակից բլուրներում և անտառային հատվածներում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների ձև և մարտավարություն, ինչը նման չէ սովորական համազորային մարտերին:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց նաև, որ օրվա ընթացքում շարունակվել են Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները: