Նյութը՝ Մերի Աղաջանյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-01 16:29
ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿՈՂ ԳՈՐԳԵՐ
ՊԱՅՔԱՐ՝ ՕՎԿԻԱՆՈՍԻ ԱՅՆ ԱՓԻՆ

«Ութոտնուկի պես կաշխատինք, շատ բան ունինք ընելու։ 

Պիտի հասցնինք, որ հայրենիքին օգտակար ըլլանք»,- ամերիկահային բնորոշ առոգանությամբ ասում է գորգագործ, Հայկական գորգերի ասոցիացիայի նախագահ Հրաչ Կոզիբեյոկյանը։ Մի կողմ է դրել իր գործերն ու ընկերների հետ աշխարհի մյուս ծայրից Հայաստան ու Արցախ օգնություն է ուղարկում։ Հայաստանում դեռ չի եղել, բայց հայ լինել օտար երկրում էլ կարելի է՝ ասում է։  «Պատերազմի հենց առաջին օրը հասկացանք, որ դեղորայքի կարիք կլինի։ Սպասել անկարելի էր։ Մի որոշ ժամանակ անց հավաքված 1 տոննա դեղորայքը, բժշկական պարագաները, քնապարկերն ուղարկեցինք Հայաստան»։

Հրաչ Կոզիբեյոկյանի ֆեյսբուքյան էջում մեկը մյուսին են հաջորդում վաճառված գորգերի մասին գրառումները՝ կից լուսանկարներով։ Դրանք նրա անձնական հավաքածուի գորգերն են՝ հիմնականում 20-րդ դարասկզբի։ Ինչի՞ն պետք է ծառայեին այդ գորգերը, եթե ոչ հայրենիքին։ Վաճառված գորգերից յուրաքանչյուրի ողջ գումարը փոխանցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Միայն մի երկու շաբաթվա ընթացքում 10 հազար դոլար են փոխանցել։ «Թող ոչ ոք չկասկածի, որ մեր ուղարկած գումարը տեղ է հասնում։ Միայն մի խնդիր կա․ բավականին ժամանակ է անցնում մինչև այդ գումարը սկսում են ծախսել։ Այդ ամենը հաշվի առնելով՝ մեր Հայ մոտոցիկլիստների ակումբի անդամերից մի քանիսը անձամբ եկան Հայաստան»։ Դեպի Հայաստան թռիչքները հետաձգվել էին։ Հարութ Բոգարյանը ստիպված եղավ մի քանի օր մնալ Փարիզում։ Վերջապես Սամվել Նաջարյանի հետ օգնությունը հասցրին Գորիս․ Արցախ գնալ հնարավոր չէր։ Միակ ծանոթ մարդը Գորիսում Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Թորոզյանն էր։ Հենց նա էլ օգնեց բաշխել ամենը։ Արցախից եկած և Գորիսում ապաստան գտած ընտանիքների կարիքները  բավարարելու համար նաև հավելյալ ցանկ ստացան, որ այն, ինչ պակասում էր, հնարավորինս արագ տեղ հասնի։      

Երկարաժամկետ ծրագրեր, ցավոք, չեն կարողանում իրականացնել. իրավիճակը թույլ չի տալիս։ Բայց պարբերաբար օգնություն են ուղարկում Երևան։ Մինչև պատերազմն էլ Միացյալ Նահանգների հայ համայնքն ակտիվորեն աջակցում էր Հայաստանում ու Արցախում ապրող անապահով ընտանիքներին, մանուկներին, զինհաշմանդամներին։ «Սատար» հիմնադրամն այդ գործում մեծ ներդրում ունի։ Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերածներին էլեկտրական սայլակներ է ուղարկել։ «Հայաստանին միշտ պետք է օգնենք։ Կարող ենք, պետք է անենք։ Պատկերացրեք՝ ուղարկված գումարով գնված ամեն մի երեխայի շորիկի ու խմած ամեն կաթիլ կաթի հետ ինչքան ջերմություն է մեզ փոխանցվում»։

Հայաստան օգնություն ուղարկելուց բացի Միացյալ Նահանգներում էլ ամեն կերպ աջակցում են հայության բողոքի ցույցերի կազմակերպմանը։ Հրաչ Կոզիբեյոկյանն ասում է՝ միայն մասնակիցները գիտեն, թե ինչ գնով են կազմակերպվում բազմամարդ այն ցույցերը, որ բոլորս տեսնում ենք։ «Երբ ցուցարարները փակել էին ճանապարհները, հանկարծ ինչ-որ տեղից հայտնվեց մեկը (դժվար է ասել, թե ինչ ազգի ներկայացուցիչ էր), հանեց ատրճանակը, պահեց մեզ վրա ու ասաց․ «Ես հիմա ձեր դիակների վրայով մեքենայով կանցնեմ»։ Բարեբախտաբար, ոչ մի վատ բան չկատարվեց․ Մոտոցիկլիստների ակումբի տղաները գետնին տապալեցին անկոչ սադրիչին։ Սա դեպքերից մեկն է միայն։ Ամեն անգամ նմանատիպ միջադեպերը շարունակություն չեն ունենում խաղաղ ցույցերը  մոտոցիկլներով հսկող մեր տղաների շնորհիվ։ Տեղի զանգվածային լրատվամիջոցները պետք չէ, որ գրեն այսպիսի դեպքերի մասին, սադրանքներն ավելի կշատանան, իսկ հայասատանյան լրատվամիջոցները պետք է բարձրաձայնեն, որ Հայաստանում իմանան, թե ինչ է կատարվում դրսում։  

Մենք մեր հերթին հավաստիացնում ենք՝ յուրաքանչյուր հայի պայքար՝ ուղղված թուրք-ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելուն, կիսատ չի մնա, յուրաքանչյուրիս օգնությունը կհասնի Հայաստանին ու Արցախին։ Ամեն բան մենք անում ենք հանուն մեր ժողովրդի, անում ենք կուլիսների հետևում, ոչ թե համբավի համար։ Հաղթելու ենք»,- վստահեցնում է զրուցակիցս։