Նյութը՝ Վլադ Մուրադյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-05 21:49
ՍԵՎԱԿ ԱՎԱՆԵՍՅԱՆ. «ԱՐՑԱԽՆ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆՆ Է, ԵԹԵ ՈՉ՝ ԱՌԱՋԻՆԸ»
«Ես Արցախ շատ հաճախ եմ գնում։ Համարում եմ իմ երկրորդ տունը, եթե ոչ՝ առաջինը։ Մտադիր էի և հիմա էլ որոշումս չեմ փոխել՝ այնտեղ տուն եմ առնելու»,- իր երազանքների մասին է պատմում բելգիահայ հայտնի թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում։

-...և մի ակնթարթում ամեն ինչ փոխվեց, Սևակ։

-Այո, բոլորս փոխվեցինք, կյանքը փոխվեց, աշխարհը... Ու եթե ամիսներ առաջ ասում էի, որ կորոնավիրուսից հետո մենք ապրելու ենք ուրիշ աշխարհում, հիմա համոզված եմ՝ պատերազմից հետո հայ ազգը, հաստատ, ուրիշ աշխարհում կարթնանա։ Մեծ պատասխանատվություն պիտի ունենա մեզանից յուրաքանչյուրը, թույլ չտա, որ պատերազմից հետո կրկնվի այն, ինչ եղավ 1990-ականներին։

-Համաճարակի պատճառով, հավանաբար, մի շարք ծրագրեր հետաձգվեցին։

-Այո, գրեթե բոլոր համերգներս չեղարկվեցին, բայց դա արդեն էական չէ։  Երանի եմ տալիս այն օրերին, երբ բողոքում էի, որ կորոնավիրուսի պատճառով համերգներ են չեղարկվում, ու դու ստիպված փակվում ես տանդ։ Հիմա ավելի կարևոր բաներ կան։ Եթե անգամ չլիներ կորոնավիրուսը, այս օրերին, վստահաբար, կչեղարկեի բոլոր համերգներս ու կգայի Հայաստան։

-Իսկ ինչպե՞ս հաջողվեց այս օրերին գալ Հայաստան։

-Ես այստեղ էի, երբ սկսվեց պատերազմը։ Այս ընթացքում երկու անգամ գործերի բերումով ստիպված եղա գնալ ու վերադառնալ։ Մինչև պատերազմի ավարտը ես այստեղ եմ լինելու։

-Հասցրեցիք այս օրերին լինել Արցախում ու անգամ Կոմիտաս հնչեցնել Շուշիի հրետակոծված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Ձեզ ոչինչ չէ՞ր վախեցնում։

-Վախ չկար, վտանգ կար։ Եթե ուշադիր դիտեք 2-րոպեանոց տեսանյութը, որտեղ ես նվագում եմ Կոմիտասի «Կռունկը», անպայման կլսեք դրոնի ձայնը։

-Բայց դուք չեք ընդհատում նվագելը։ Անվա՞խ եք։

-Այդ պահին ոչ մի ձայն չեմ լսել։ Անշուշտ, դա շատերին կարող էր նաև վախեցնել, ինչը միանգամայն բնական է։ Այս դեպքում վախկոտ-անվախ լինելու հարց չկա։ Մեզանից յուրաքանչյուրն էլ ինչ-որ վախեր ունի, որոնք ինչ-որ հանգամանքներում ի հայտ են գալիս։ Մեկը բարձրությունից է վախենում, մյուսը՝ խավարասերներից։ Ես ոչ թե վախենում եմ, այլ ինձ վրա սարսափելի ազդում են թուրքական մուղամները  տարածողները։ Հենց որ այդպիսի երաժշտություն եմ լսում, գլխացավ եմ ունենում և երեք օր ուշքի չեմ գալիս։

-Դուք նվագում էիք փակ աչքերով։

-«Կռունկը» վերջին անգամ նվագել էի ինը տարեկան հասակում Ֆրանսիայում։ Դա այն գործը չէ, որ ես հաճախ նվագում եմ համերգների ժամանակ. ունեմ մոտ 2-ժամանոց մենահամերգի ծրագիր։ Մտածում էի, թե Բախ կամ Եկմալյան կնվագեմ։ Սա պահի թելադրանք էր։ Նստեցի ու հասկացա, որ պետք է նվագեմ հենց ա՜յդ ստեղծագործությունը։

Շատ հետաքրքիր մի բան է տեղի ունեցել. մարդիկ, որոնք նայել էին տեսանյութը, նույնիսկ ընկերներս, բելգիացի երաժիշտ գործընկերներս, ինձ չէին ճանաչել։ Ինչ-որ առումով դա ինձ ուրախացրեց։ Ես չեմ համարում, որ դա իմ քայլն է, ես դա համարում եմ ժողովրդի կողմից արված քայլ։ Այդ պահին ես այնտեղ էի, և Աստված ինձ նման հնարավորություն ընձեռեց։ Դա կարելի է աղոթք անվանել, որն հնչեցվեց մեր ազգի կողմից, և այստեղ իմ անձը բացարձակ կապ չունի։

-Ի դեպ, պատասխանն էլ սպասեցնել չտվեց։ Փորձել էին նմանակե՞լ։

-Անկեղծ ասած՝ նայեցի հակառակորդի նկարահանած այդ տեսանյութը և հասկացա, որ ոչ թե նմանակել էին փորձել, այլ, իմ կարծիքով, ցանկացել էին այդպիսով ինձ պատասխան տալ։ Բայց, ինչպես տեսաք, քյամանչան այդպես էլ չնվագեց, և գոնե ես ոչինչ չհասկացա այդ «պատասխանից»։

-Խաղաղության ուղերձով հանդես եկաք նաև Շուշիի մզկիթում։

-Մեծ հաճույքով ու հպարտությամբ նվագեցի պարսկական երաժշտություն, որ ընկերս էր գրել։ Այդ քայլով մենք աշխարհին ասացինք, որ թեպետ մենք կռվում ենք ադրբեջանցիների, թուրքերի, իսլամական ահաբեկիչների դեմ, բայց մզկիթներ չենք ավերում։ Պարսկական այդ մզկիթն ինքնին արվեստի գործ է, և մենք հարգում ենք օտարի մշակույթը, հավատը։

-Ե՞րբ էիք վերջին անգամ եղել Արցախում։

-Ուղիղ մեկ տարի առաջ։ Ես Արցախ շատ հաճախ եմ գնում։ Համարում եմ իմ երկրորդ տունը, եթե ոչ՝ առաջինը։ Մտադիր էի և հիմա էլ որոշումս չեմ փոխել՝ այնտեղ տուն եմ առնելու։ Միշտ կապված եմ եղել Արցախի հետ, թեև մայրս Գյումրիում է ծնվել, հայրս՝ Կապանում։

-Ձեր՝ Արցախ մեկնելու մասին ասե՞լ էիք ծնողներին։

-Հորս թեթևակի ակնարկել էի։ Ծնողներս ապրում են Բելգիայում, գուցե, շատ բան չեն տեսնում և չեն պատկերացնում, թե որքան վտանգավոր է այս ամենը։ Փորձում եմ նրանց անհարկի չանհանգստացնել։

-Հարցազրույցներից մեկում Ձեր հայրը մոտավորապես այսպես էր բնութագրել Ձեզ՝ բարի է, ազնիվ ու զգացմունքային։ Համաձա՞յն եք։

-Զգացմունքայինը որ՝ հաստատ։ Եթե իմ մասին ուզում եք կարծիք կազմել՝ կարող եք գալ իմ համերգին։ Այնտեղ ամեն ինչ կզգաք։ Բեմի վրա ես լիովին «մերկ» եմ ու բաց։ Այն մարդն եմ, ինչ որ կամ իրականում։ Կյանքում կարող եմ տարբեր լինել։ Իմ խոսքը կարևոր է միայն բեմում, մնացած տեղերում կարևոր չէ։ Իրական Սևակը նա է, որը բեմի վրա է, ոչ թե Ձեր առջև նստած։

-Ձեր ձայնը հասանելի եք դարձնում նաև սոցիալական տիրույթում և բավական շատ հետևորդներ ունեք։

-Այո, ունեմ, որոնք նաև տարածում են իմ գրառումները։ Բայց այդ ամենը, ցավոք, մի քանի րոպե է տևում. «կիսվեցին» և մոռացան։ Ես ուզում եմ, որ ամբողջ աշխարհը տեսնի, թե ով է հայը և ով է թուրքը։ Թեպետ իրականում այդ մասին բոլորն էլ գիտեն։

-Տեղյակ եմ, որ մտադիր եք բարեգործական համերգներ ունենալ։ Ի՞նչ ծրագրով եք հանդես գալու։

-Անկեղծ ասած՝ ծրագիրը դեռ չեմ կազմել։ Թավջութակի համար գրված ստեղծագործություններն այնքան էլ շատ չեն ջութակի կամ դաշնամուրի համար գրվածների համեմատությամբ։ Կատակով միշտ ասում եմ, որ նվագել եմ թավջութակի համար գրված գրեթե բոլոր գործերը։ Իսկ ինչը չեմ նվագել, մեծ հաճույքով սովորում եմ։ Մտածում եմ նաև Երևանում փառատոն կազմակերպելու և աշխարհի տարբեր ծայրերից երաժիշտներ հրավիրելու մասին։ Հավաքված գումարները կծառայեն մեր ընդհանուր գործին։ Մտքեր շատ կան, կիրագործվեն, թե ոչ, ցույց կտա ժամանակը։

-Հաղթելո՜ւ ենք։

-Կարող ենք համարել, որ արդեն հաղթել ենք։