Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ Զրուցակցի անձնական արխիվից
Տեղադրվել է 2020-11-19 08:31
«ՀԱՂԹԱԹԵՅ»՝ ԱՌԱՋՆԱԳԾԻ ՀԱՄԱՐ
Պատերազմի առաջին իսկ օրից ամբողջ հայ ժողովուրդը լծվեց մեր բանակին, առաջնագծում կենաց-մահու կռիվ տվող քաջերին սատար լինելու գործին։

Զինվորներին օգնելու մղումով հանպատրաստից ծնված նախաձեռնությունները՝ ողջ հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղարկելու նպատակով 100 դրամով ընկույզ վաճառող դպրոցական տղայի սրտառուչ արարքից մինչև մեր զինվորների համար տաք գուլպաներ գործող ծերունազարդ տատիկի վարակիչ օրինակը, հուզում ու ոգևորում էին մարդկանց, նոր գաղափարների ծնունդ տալիս։ Եղեգնաձորի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհիներ Սիլվա Վարդանյանը, Սեդա Թարվերդյանը և Անի Վարդանյանը նույնպես մտածում էին մեր հայրենիքին, մեր բանակին օգնելու մասին, և աղջիկները որոշեցին փոքրիկ վաճառակետ բացել։

-Ինչպե՞ս կազմակերպեցիք աշխատանքը։

-Գաղափարը կյանքի կոչելու համար ընդամենը 1 օր պահանջվեց։ Նախնական ներդրումը մենք երեքս արեցինք։ Հարմար մի վայրում սեղանիկ դրեցինք, ու վաճառքի նորաբաց «կենտրոնն» սկսեց գործել։ Անուն էլ որոշեցինք՝ «Հաղթաթեյ»։ Փոքրիկ ցուցանակը հուշում  էր, որ վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Չափազանց կարևոր էր, որ մարդիկ հավատացին ու վստահեցին մեզ։

-Տեղյակ եմ, որ ձեր մտահղացումը շատերին է ոգևորել։

-Այո, շատ արագ աջակիցներ էլ հայտնվեցին. փոքրիկ տաղավար տեղադրվեց, մարդիկ իրենց կողմից թել, սուրճ, բաժակներ էին բերում, որ ամեն կերպ ապահովեն «Հաղթաթեյի» հաղթական ընթացքը։ Չափազանց հուզիչ էր, երբ տաղավարին մոտենում էին ռազմաճակատում զավակ ունեցող մայրեր ու հայրեր։ Իմանալով, որ գումարը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ ջերմ խոսքերով շնորհակալություն էին հայտնում։ Նրանց այդ վերաբերմունքն ավելի էր ոգևորում մեզ,- պատմում են աղջիկները

Ընդամենը 15 օր գործեց «Հաղթաթեյը», և այդ ընթացքում շուրջ 700 հազար դրամ հավաքվեց ու փոխանցվեց Հիմնադրամին։ Սիլվա Վարդանյանը, Սեդա Թարվերդյանն ու Անի Վարդանյանը մի ցանկություն ունեն՝ օր առաջ ավարտվի պատերազմը, և ամեն զինվոր տեսնի միմիայն իր մոր ուրախության արցունքները։