Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Տեղադրվել է 2020-11-24 10:21
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գործարանի արտադրական և մասնագիտական ներուժին, արտադրատեսակներին և զարգացման հնարավորություններին: Վարչապետին ներկայացվել են գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը և մարտագլխիկները: Նոր փորձանմուշներից ցուցադրվել են գիշերային և ցերեկային նշանոցներով զինված ավտոմատ և հեռակառավարվող, խոշոր տրամաչափի հրաձգային համակարգերը։ Գործարանն առաջիկայում նոր ներդրումներ է ստանալու և ընդլայնելու է արտադրական կարողությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր ու ընդլայնելով արտահանման հնարավորությունները: Վարչապետը կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը և տեղում հանձնարարել արագ տեմպերով շարունակել զարգացնել արտադրական հզորությունները՝ ծավալային և զինատեսակների ընդլայնման առումներով: