Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-01 08:51
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ՕԾԱՆԵԼԻՔԻ ՍՐՎԱԿ
Օծանագործության արվեստի առանձին ճյուղ է օծանելիքի սրվակների արտադրությունը։

Անուշահոտությունների մասին առաջին տեղեկությունները թույլ են տալիս ասել, որ այդ սրվակների պատմությունը սկիզբ է առել մ.թ.ա. 2800 թվականին։ Հին Եգիպտոսի, Հունաստանի, Հռոմի և Չինաստանի ժողովուրդները բույրերն օգտագործում են ինչպես գեղագիտական, այնպես էլ բուժական նկատառումներով։ Բուսական եթերային յուղերի բուժական հատկությունները կիրառվում էին անձնական հիգիենայում՝ տհաճ հոտերը վերացնելու, ինչպես նաև մարմնին և կացարանին անուշահոտություն հաղորդելու համար։

Հռոմեական կայսրության տրոհումը կործանարար ազդեցություն է ունեցել օծանագործության վրա, որը նորից վերածնվեց միայն 16-րդ դարում։ Այն ժամանակ հայտնի և լայն տարածում գտան բուրավետ գնդիկները։ Այսօր արդեն հայտնի մի շարք օծանագործական ֆաբրիկաների մեծ մասը, ինչպիսին Yardley-ն է, հիմնադրվել է 18-րդ դարում։

Երբ մենք փնտրում ենք «մեր բույրը», այդ գործում պակաս կարևոր դեր չի խաղում նաև օծանելիքի «հագուստը»։ Սրվակները ստեղծում են ոչ միայն օծանելիքը պահելու, այլև բույրը ճիշտ և գեղեցիկ ներկայացնելու համար։ Օծանելիքի սրվակների դիզայնը իսկական մոլուցք է դարձել մի շարք հավաքորդների համար։

Այսօր կան օծանելիքի սրվակներ, որոնք աճուրդով վաճառվում են մի քանի հարյուր հազար դոլարով կամ եվրոյով։ Օրինակ՝ վերջերս «Ծովի գանձերը» օծանելիքի բացառիկ սրվակը, որը ձևավորել է հանրահայտ Ռենե Լալիքը, վաճառվել է աճուրդում 216 հազար դոլարով։ Հավաքորդը չի ցանկացել հրապարակել իր անունը։

Ըստ ավանդության՝ Կլեոպատրան իր նավի առագաստներն օծում էր անուշաբույր նյութերով, որպեսզի հեռվից տեղեկանային իր գալստյան մասին։ Կարելի է ենթադրել, թե ինչ չափերի էին հասնում նրա օծանելիքի տարաները։ 18-19-րդ դարերում ևս ազնվական կանայք և հարուստ քաղաքացիները օծանելիք, շրթներկ և դիմափոշի գնում էին մեծ բանկաներով։ Օծանելիքի շշավորման և փաթեթավորման ժամանակակից նրբագեղ և նրբաճաշակ դիզայնին մասնագետները հասել են անասելի դժվար և աշխատատար պրոցեսի արդյունքում։ Օծանագործության զարգացման պատմությունը զարմանալի մանրամասներով է նկարագրել  Պատրիկ Զյուսքինդը իր «Օծանագործը» զարմանալի վեպում։ Մոգական այդ արհեստի մանրամասները նա այպես է նկարագրում, որ ընթերցողին թվում է՝ զգում է անգամ օծանելիքի բույրը։

1880-ականներին օծանագործության պատմության մեջ սկսվեց որակական զարգացման նոր փուլ. խտանում էին եթերայուղերը, քիմիայի նորանոր նվաճումները հնարավորություն էին տալիս եթերայուղեր ստանալ  սինթետիկ եղանակով։ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին օծանագործությունը արդեն տիրապետում էր չորս շատ կարևոր արոմատիկ նյութերի՝ վանիլինի, գելիոտրոպինի, իոնոնի (մանուշակի արմատի հիմնական նյութը) և արհեստական մուշկի, ստացման սինթետիկ եղանակին։ Այդ ժամանակ Ֆրանսիան արտահանում էր տարեկան 16 միլիոն ֆրանկի, իսկ Գերմանիան՝ 6,8 միլիոն մարկի օծանելիք (1893թ.)։ Օծանելիքի արդյունաբերական արտադրությունը մեծացրեց և սրեց մրցակցությունը։ Հենց այդ ժամանակ էր, որ ծագեց օծանելիքի գեղեցիկ և գեղարվեստական ձևավորման հարցը, և փաթեթավորման ու սրվակի հարցը մղվեց առաջին պլան։

18-րդ դարում մեծ ճանաչում էին վայելում փոքրիկ սնդուկ հիշեցող բուրավետ աղերի արկղիկները և տուալետային քացախի սրվակները, որոնք տեղավորվում էին կնոջ ափի կամ ձեռնոցի մեջ։ Հենց նույն ժամանակ էր, որ եթերայուղերը և ծաղկաջուրը սկսեցին ներկայացնել ապակե գեղեցիկ շշերով։ Հետզհետե այդպիսի շռայլություն սկսեցին իրենց թույլ տալ ոչ միայն բարձրաշխարհիկ կանայք, այլև հասարակ մարդիկ։ Նապոլեոն Բոնապարտը ամեն ամիս պատվիրում էր 60 սրվակ ծաղկաջուր։

19-րդ դարի կեսերին վիկտորիական ոճն իր ազդեցությունը թողեց նաև օծանագործության արդյունաբերության վրա։ Սրվակները աչքի էին ընկնում ճոխությամբ։ Հաճախ դրանք պատրաստվում էին արծաթից, պատվում փորագրությամբ, զարդարվում հետաքրքիր տեսարաններով։ Կերամիկական սրվակները պատկերազարդվում էին ծաղիկներով, իսկ ապակե սրվակներն այնպես էին պատրաստվում, որ լույսի տակ ուղղակի առկայծում էին։ Այդպիսի ճոխությունն առաջացնում էր բարձրաճաշակ և խստապահանջ կանանց հիացմունքը։

18-19-րդ դարերում բարձր ճաշակի և հասարակական դիրքի յուրատեսակ չափանիշ էր համարվում ճենապակյա սրվակների առկայությունը կնոջ զարդասեղանին։ Այդպիսի սրվակն առանձնակի շքեղություն էր  հաղորդում ննջասենյակին։

18-րդ դարում ի հայտ եկան գունավոր ապակուց պատրաստված օծանելիքի սրվակներ։ Այդ ժամանակներից պահպանվել է պոչը բացած սիրամարգի տեսքով գունավոր ապակուց սրվակ։

19-րդ դարի վերջին, մինչև 20-րդ դարի 20-ական թվականները նորաձևության տները հետաքրքրություն չէին ցուցաբերում օծանագործության հանդեպ։ Այդ ժամանակ օծանագործությամբ զբաղվող տներն առանձին էին, որոնց անունն արդեն թնդում էր։ Սկսվել էր բույրերի իսկական բում։ Այդ ժամանակներից պահպանված սրվակներն իսկական գոհարներ են։ Ժամանակի հայտնի դիզայներների շարքում հարկ է նշել Էրվե Գիմարին (Herve Guimard)։ Նա առաջին էր, որ 1900թ. ներկայացրեց Millot բույրի համար ոչ համաչափ սրվակը։ 1910-20-ականներին մեծ հաջողություն էր վայելում Ժուլիեն Վիարը (Julien Viard), որի ստեղծած սրվակները շատ բարձր են գնահատվում հավաքորդների կողմից։

Ժամանակի լավագույն համադրություններից էին «Ուբիգանի» (Houbigant) ստեղծած օծանելիքը և «Բաքարա» (Baccarat) ընկերության ստեղծած սրվակը, «Կոտի» (Coty) օծանելիքը և «Լալիքի» (Rene Lalique) սրվակը։ Ոսկերիչ, դիզայներ Ռենե Ժյուլ Լալիքը հայտնի դարձավ մեկ սրվակում տարբեր նյութերի (ջնարակ, փղոսկր, պլաստիկ) համադրությամբ, ինչպես նաև իր սրվակների տեսքի բացառիկությամբ ու հնարամտությամբ։

1905 թվականին նա բացեց օծանելիքի ապակե սրվակների սեփական խանութը։ Պայմանավորվելով Coty ընկերության հետ՝ նա սկսեց սրվակների զանգվածային արտադրությունը։ Նա օգտագործում էր բացառիկ դիզայներական նորարարություններ, գիտեր՝ ինչ առաջարկեր օծանելիքի սիրահարներին։ Զուր չէ, որ նրա ստեղծած զարդերն ու թանկարժեք իրերը հաջողություն էին վայելում այնպիսի տիկնանց շրջանում, ինչպիսիք էին հայտնի դերասանուհի Սառա Բեռնարը, Ռուսաստանի կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնան և այլք։ Նշենք, որ այդ հրաշագործ ոսկերիչը և ապակու մեծ վարպետը «Ար նուվո» ոճի հայտնի նկարիչներից մեկն էր։ Իր ողջ կյանքի ընթացքում նա ստեղծել է ավելի քան 1000 սրվակ 6 տասնյակից ավելի ֆաբրիկաների համար, նաև շրթներկի, դիմափոշու տուփեր։

«Ար նուվո» ոճից բացի օծանագործության վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև ար դեկոն, իսկ 20-րդ դարի 20-30-ականներին՝ մոդեռնիզմը՝ միահյուսված կուբիզմի և սյուրռեալիզմի հետ։ Այդ ոճով օծանելիքի սրվակներ սկսեց արտադրել Baccarat ֆաբրիկան, որը հիմնադրվել էր Ֆրանսիայում 1764 թվականին։ Այն թողարկել է բազմաթիվ սրվակներ հայտնի մի շարք տների, այդ թվում Elizabeth Arden¬ի համար։

1922 թվականին օծանագործության մեջ տեղի ունեցավ հեղափոխություն։ Այդ ժամանակ օծանագործության մեջ օգտագործում էին հիմնականում բնական ծաղկային բույրեր։ Կոկո Շանելը ստեղծեց բոլորովին նոր, անսովոր բույր, նոր օծանելիք՝ Chanel N5-ը՝ օգտագործելով սինթետիկ բաղադրիչներ։ Այդ օծանելիքի սրվակը դարձավ զուսպ վայելչագեղության բարձրակետը։

1930-ականներին՝ Ամերիկայում մեծ դեպրեսիայի տարիներին, Ժան Պատոն ներկայացրեց նոր օծանելիք «Joy»՝ «Ուրախություն» անունով։ Այն դարձավ աշխարհի ամենաթանկ բույրը։ Տխուր ու մռայլ ժամանակներում Պատոն կարողացավ օգտագործել մարդկանց զգացմունքները՝ հիշեցնելով, որ նույնսիկ հուսահատության պահին չպետք է մոռանալ գեղեցիկի մասին։ 30մլ «Joy» ստեղծելու համար օգտագործվում էր հասմիկի ավելի քան 10 հազար ծաղիկ և 360 վարդ։ Այս օծանելիքի սրվակը շատ զուսպ էր. անշուշտ, դեր էր խաղացել Chanel N5-ի հաջողությունը։

Երկրորդ աշխարհամարտից հետո մեծ հաջողոթյուն սկսեց վայելել բոհեմյան ապակին հայտնի դիզայներ Հենրիխ Հոֆմանի շնորհիվ։ Նրա ստեղծած սրվակներն աչքի էին ընկնում երկրաչափական ձևերով և արտասովոր մեծ չափի գլխիկներով։

Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո օծանելիքի սրվակների պատրաստման համար օգտագործում էին էժան արդյունաբերական ապակի և պլաստիկե փականներ, իսկ պարզ ու հասարակ ձևը քողարկում  էին պայծառ ու վառ նկարներով։ Օրինակ՝ Լիլի Դաշեն ստեղծեց պուդել շան տեսք ունեցող սրվակ իր Dashing բույրի համար, իսկ Drifting օծանելիքի համար՝ կնոջ կրծքի տեսքով սրվակ։

Nina Ricci-ի առաջին բույրի համար սրվակն ուներ սրտի տեսք. դիզայնը մշակել էր Lalique նորաձևության տունը։

Nina Ricci-ի l’Air du Temps (1948թ.) օծանելիքն ունի ամենակուլտային սրվակներից և բույրերից մեկը և այն բացառիկ օծանելիքներից է, որն իր ավելի քան 60-ամյա գոյության ընթացքում չի ենթարկվել կտրուկ և արմատական փոփոխությունների, շարունակում է մնալ այդ բույրի սիրահարների ուշադրության կենտրոնում։ Այն ստեղծվել է հետպատերազմյան new look և new life ժամանակաշրջանում, երբ խաղաղությունը ամբողջ աշխարհում թվում էր փխրուն, և այն պետք էր սիրել, փայփայել ու պահպանել։ Աղավնին բույրի խորհրդանիշն էր, իսկ աղավնյակները հնուց ի վեր համարվել են սիրո խորհրդանիշ։ Մարկ Լալիքը՝ Ռենե Լալիքի որդին և նրա ապակեգործական արհեստի արժանի փոխարինողը, մտածեց աղավնիներին նստեցնել կափարիչի վրա, և նրանք շարունակում են այնտեղ մնալ մինչև օրս։

Chanel N5 (1921թ.) օծանելիքի սրվակը արդեն 93 տարեկան է, բայց շարունակում է պահպանել արդիականությունը։ Մինչև այդ սրվակի ստեղծումը օծանելիքը լցնում էին սափորների և հրեշտակների տեսք ունեցող սրվակների մեջ՝ համոզված լինելով, որ բույրը գնորդին կհրապուրի, իսկ հրեշտակների տեսքը կստիպի նրան բացել դրամապանակը։ Կոկո Շանելն առաջինն էր, ում մտքով անցավ, որ օծանելիքն ինքնին թանկարժեք հաճույք է, իսկ սրվակը սոսկ տարա է։ Ինչպես արդեն նշել ենք, Chanel N5-ի սրվակի նախատիպը եղել է դեղատնային հանգստացնող կաթիլների սրվակը, որը Կոկոն ընդունել էր նախորդող գիշեր՝ անքնությունը հաղթահարելու համար։ Անոթը, ինչպես և կաթիլները, ունեին ռուսական ծագում. դրանք Սանկտ Պետերբուրգի «Վորոնցովյան» դեղատնից էին ձեռք բերվել։

Ժակ Գեռլենը առաջինն էր, ով մտածեց, որ լավ բույրը պետք է ունենա նաև իր լեգենդը, որպեսզի լինի գնողունակ։ Shalimar-ի լեգենդը ստեղծելու վրա աշխատել են գովազդի ժամանակի լավագույն մասնագետները. լեգենդի հիմքում հնդիկ կառավարչ Շահ Ջահանի և գեղեցկուհի Մումթազ Մահալի սիրո պատմությունն է, որը չավարտվեց գեղեցկուհու մահով, այլ վերածվեց Թաջ Մահալի և Շալիմարի սիրո այգիների։ Սրվակը ստեղծել էին Բաքարա ընտանիքի ներկայացուցիչները, որոնց հետ Ժակ Գեռլենը մտերիմ հարաբերություններ ուներ։ Այն իրենից ներկայացնում է Շալիմարի այգիների շատրվանների հավաքական ընդհանրացումը։ Նմանությունն ակնհայտ էր, և ընդամենը մի քանի տարի առաջ Ջեյդ Ջագերը հանձնարարեց թարմացնել օծանելիքի սրվակը։ Նա վերացրեց կլորավուն ուրվագիծը, սրվակը հարմարեցրեց ժամանակակից մինիմալիզմի ոճին, որոշակի փոփոխության ենթարկվեց նաև բույրը։

1952 թվականին Շայո պալատում պարահանադեսի ժամանակ առաջին անգամ հանրությանը ներկայացվեց Lancome-ի Tresor-ը, որը հիրավի գանձ է (ֆրանսերեն «tresor» նշանակում է «գանձ»)։ Բալետային ներկայացման հերոսներն էին Magie փերին և Արևելքի արքայազն Tresor-ը։ Օծանելիքը լցված էր բյուրեղապակյա սրվակի մեջ, որն ուներ դասական՝ ճիշտ 75 աստիճանի անկյան տաշվածք, ադամանդի տեսք։ Կասկածից վեր էր, որ մարդկանց առջև իսկական գանձ է. բոլորը հիացած էին։ 1990 թվականին բույրը և սրվակը ամբողջովին փոփոխվեցին ու վերաիմաստավորվեցին։ Այսօր սրվակն ունի բուրգի ձև, որը ցանկության դեպքում կարելի է դիտարկել որպես թանկարժեք մի իր։ 2010-ին թողարկվեց Tresor Diamant Noir լիմիտավորված (20 հատ) տարբերակը, որը հիշեցնում էր սև շրջանակի մեջ դրված ադամանդ։ Սրվակի վզին բյուրեղներ կային, գինը 2000 եվրո էր։

Miss Dior Cherie

Christian Dior նորաձևության տան առաջին բույրը Miss Dior-ն է, որը թողարկվել է 1947 թվականին։ Այն բազմիցս վերաթողարկվել է, փոխվել են սրվակները, սակայն անփոփոխ է մնացել սրվակների վզի հատվածում հայտնի փողկապ-թիթեռնիկը, որն առաջին անգամ սպիտակ կարապի վզին պատկերել էր հայտնի ձևավորող Ռենե Գրյուոն։ Օծանելիքի պարագայում ժապավենը նախ տեղադրվել էր բյուրեղապակյա սրվակի վզիկին, հետո տեղափոխվել էր ուղղանկյունաձև սրվակի պիտակին։ Հետգայում թիթեռնիկը կրկին «թռավ-նստեց» նորացված սրվակի վզիկին։ Փոխվել էր նաև սրվակի գույնը. սպիտակ սրվակում մի խտության օծանելիք էր, սևում՝ մեկ այլ։ Տարիների ընթացքում  այն եղել է մետաղական, ապակե, կիսաթափանց, ասես եղյամապատ։ Օծանելիքի այժմյան տարբերակը գովազդում է հոլիվուդյան դերասանուհի Նատալի Պորտմանը. գովազդային հոլովակում աղջիկն առևանգում է իր ընկերոջ փողկապը և այն վերածում սեքսուալ խաղալիքի։

Dior նորաձևության տան ամենաշահութաբեր և մինչ օրս ամենահաջողված բույրը J’Adore-ն է (1999թ.)։ Իր գոյության 15 տարիների ընթացքում այն ենթարկվել է բազմաթիվ վերափոխումների. լավացել է, վատացել, եղել են լիմիտավորված թողարկումներ։ Այս ամենի համար օծանելիքը պարտական է ոչ միայն օծանագործին՝ Կալիս Ազանչեև-Բեքերին, այլև սրվակի դիզայներ Էրվե վան դեր Ստրատենին։ Ստրատենի գերխնդիրն էր  հավերժական, ժամանակակից և չափից դուրս dior-ական տարրերի միավորումը։ Նա դա արեց շատ վարպետորեն՝ ստեղծելով մի սրվակ, որը հնագույն անոթ էր հիշեցնում (հավերժականի խորհրդանիշը), լակոնիկ էր (արդիականի խորհրդանիշը)։ Հորիզոնական դիրքով այն նման է հավերժության նշանին, իսկ ուղղահայաց դիրքով՝ Քրիստիան Դիորի սիրելի «8» թվին, և միաժամանակ կրկնում էր New Look-ի ուրվագիծը, որով մոդելագործը ցնցեց աշխարհը դեռևս 1947-ին։

2011 թվականի վերջին երևան եկան J’Adore-ի նոր՝ լիմիտավորված տարբերակները։ Դրանց գինը տատանվում է 8000-30000 եվրոյի միջև։

Երբ օծանագործներ Ժան Ամիկը և Ժան-Լուի Սյեզակը 1977-ին ձեռնամուխ եղան Իվ Սեն-Լորանի Opium բույրի ստեղծման աշխատանքին, նրանք Իվ Սեն-Լորանից հատուկ ցուցում ստացան. ստեղծել այնպիսի օծանելիք, որը դուր կգա Ճապոնիայի կայսրուհուն։ Օծանելիքի սրվակի դիզայնի հեղինակն է Պիեռ Դինանը, որին հանձնարարություն էր տրված վերարտադրել այն մտապատկերը, որը տեսել էր Իվ Սեն-Լորանը, երբ իր կյանքում առաջին անգամ ՙծանոթացել էր՚ ափիոնի հետ. «Հրեղեն, գունավոր, պայծառ, նարնջագույն, մանուշակագույն մի բան, դե դուք ինձ հասկանում եք»,- այսպես էր ձևակերպել իր պահանջը Իվ Սեն-Լորանը։ Դինանը հասկանում էր, քանի որ ծառայել էր Հնդկաչինում և առիթ ունեցել էր «ծանոթանալու» ափիոնի հետ։ Տպավորությունների մեկտեղումից ստեղծվեց բացառիկ անուշաբույր մի կոնստրուկցիա, որը խելքամաղ արեց աշխարհի կեսը, և բացառիկ մի սրվակ, որը լաքապատ ծխախոտատուփ էր հիշեցնում։ Սա երևի օծանագործության մեջ այն բացառիկ դեպքերից է, երբ սրվակի ձևը թելադրել է նոր բույրի անվանումը։ 2011 թվականին նույն մոտիվներով ստեղծված Belle d’Opium-ը չկարողացավ կրկնել օրիգինալի մեծ հաջողությունը։ Ի դեպ, այս օծանելիքի սրվակն էլ չի առաջացնում անթույլատրելի հաճույքի մասին թաքուն մտքեր։

Guerlain նորաձևության տունը Բակարա տան ստեղծած օծանելիքի նույն սրվակը երկու անգամ է օգտագործել. նախ 1912 թվականին՝ L’Heure Bleue բույրի համար և 1919-ին՝ չափազանց հայտնի Mitsouko բույրի համար։ Հետագայում Guerlain-ը կարող էր տարանջատել այդ երկու բույրերը և Mitsouko-ի համար ստեղծել նոր դիզայնով սրվակ, սակայն չգնաց այդ քայլին։ Մինչև հիմա ոմանք փորձում են այդ ամենի մեջ ինչ-ինչ սիմվոլիկա փնտրել, սակայն չի բացառվում, որ ոչ մի իմաստ էլ չկա։ Պարզապես Mitsouko-ն այնքան լավ էր վաճառվում, որ որևէ բան փոխելու անհրաժեշտություն չկար։

Givenchy Organza (1996թ.) բույրը ստեղծվել է երկու դիզայների համագործակցության արդյունքում։ Այս օծանելիքը ստեղծելու գաղափարի հեղինակը Ալեքսանդր Մակքուինն էր, որը 1996-ին զբաղեցրեց Givenchy նորաձևության տան արտ տնօրենի պաշտոնը։ Իսկ սրվակի ստեղծող Սերժ Մանսոյին ոգեշնչեց շիֆոնից սպիտակ այն զգեստը, որը ստեղծել էր Ջոն Գալյանոն Givenchy տան համար, երբ նախքան Մակքուինի գալը ղեկավարում էր այն։ Այս օծանելիքը թե բույրի, թե սրվակի շնորհիվ նվաճեց աշխարհը, դարձավ ամենանորաձևն ու տարածվածը։ Դիզայները կարողացել էր որսալ ու հավերժացնել այն պահը, երբ  բեմահարթակով քայլող գեղեցկուհի մոդելը մի պահ կանգ է առնում ֆոտոօբյեկտիվների առջև, և նրա ալիքվող շիֆոնե զգեստի տակ ուրվագծվում է կատարյալ մարմինը։

Եկավ մի ժամանակ, երբ ոսկերչական հայտնի տներից շատերը սկսեցին հաճույքով համագործակցել օծանագործների հետ։ Նրանք աշխատում էին այնպես անել, որ այս կամ այն նորաձև բույրը կապվի, ասոցացվի իրենց ստեղծած ոսկերչական թանկարժեք արտադրանքի հետ։ Առաջինը այդ գործում հաջողեց Van Cleef & Arpels (VCA) ոսկերչական տունը, որը թողարկեց First-ը։ Բույրն ստեղծեց մեծ օծանագործ Ժան-Կլոդ Էլենան, իսկ սրվակը VCA հանրահայտ կախիկի մեծացրած տարբերակն էր։ Բրենդի մյուս գլուխգործոցը Feerie օծանաջուրն էր. սրվակի վրա VCA-ի կախարդական փայտիկով հանրահայտ փերին է, որ ասես բալետային պա է կատարում։ Իսկ սրվակը թանկարժեք քարի նման տաշվածքով է։ Սրվակը երկու դիզայների համատեղ ստեղծագործություն է. ընդհանուր սկզբունքի և փերիի համար պատասխանատու էր Ժոել Դեսգրիպը, իսկ սրվակի տաշվածքի համար՝ Ֆաբրիս Լեգրոն։ Նա հիանալի տիրապետում էր ամենահասարակ ապակին թանկարժեք իրի վերածելու արվեստին։

20-րդ դարի 60-70-ական թվականներին շքեղ ձևավորված մեծ ու ճոխ սրվակներին փոխարինելու եկան փոքրածավալ սրվակները։ Բակելիտ արհեստական խեժի հայտնագործումը թույլ տվեց նկատելիորեն էժանացնել սրվակների գինը։ Ջորջիո Բևեռլի Հիլզի շնորհիվ ի հայտ եկած թղթե բարակ զոլերը, որոնց վրա ցողում են օծանելիքը՝ բույրը զգալու համար, հնարավորություն տվեցին զգալիորեն մեծացնել օծանագործական ապրանքների վաճառքի ծավալները։

Այսօր ստեղծվող շատ օծանելիքներ հիացնում ու գրավում են ոչ միայն բույրով, այլև սրվակի գեղեցկությամբ և ինքնատիպությամբ։

Donna Karan-ը համոզված է, որ օծանելիքը նման է կնոջ ներքնազգեստին. այն տեսանելի չէ, բայց շատ կարևոր է։ Սրվակը, որն իր մեջ պահպանում է բույրի փնջի նոտաները, յուրօրինակ գեղեցիկ շրջանակ է բույրի համար, որը նույնքան կարևոր է, որքան օծանելիքը։

ԱՄՆ-ում և Եվրոպայի որոշ երկրներում կան օծանելիքի սրվակների թանգարաններ։ Ապակեգործական որոշ գլուխգործոցներ (օրինակ՝ «Ծովի գանձերը» բույրի համար աշխարհահռչակ Ռենե Լալիքի ստեղծած սրվակը) աճուրդներում վաճառվում են աստղաբաշխական գնով։ Պետք է նշել, որ տարեցտարի մեծանում է օծանելիքի սրվակների հավաքորդների բանակը, որոնք ստեղծել են Օծանելիքների սրվակների հավաքորդների միջազգային ասոցիացիա։