Նյութը՝ Վլադ Մուրադյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-02 12:59
ՀԱՄԵՐԳ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԶԱՐՄԻԿՆԵՐԻՆ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայանալիք համերգ-ցուցահանդեսի ազդագիրը հուշում է, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին կազմակերպվող միջոցառումը նվիրվում է անվանի կոմպոզիտորի զարմիկներին։

Միջոցառման մասին զրուցում ենք տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի հետ։

-Թանգարանի համապատասխան ցուցափեղկից տեղեկանում ենք, որ Կարեն և Էմին Խաչատրյանները Արամ Խաչատրյանի եղբորորդիներն են։

-Այո, Արամ Խաչատրյանն ուներ երեք եղբայր` Սուրեն, Վաղինակ և Լևոն Խաչատրյանները,- պատմում է Արմինե Գրիգորյանը։- Վաղինակը մասնագիտությամբ ֆինանսագետ էր։ Նա եղբայրներից միակն էր, որն իրեն չնվիրեց արվեստին ու երաժշտությանը։ Ավագ եղբայրը` Սուրենը, մեծ հետաքրքրություն էր տածում թատրոնի նկատմամբ։ Ավարտել էր Մոսկվայի համալսարանի պատմա-փիլիսոփայական ֆակուլտետը, բայց աշխատում էր Մոսկվայի գեղարվեստական թատրոնի առաջին ստուդիայում՝ որպես ռեժիսոր։ 1919-ին Մոսկվայում նրա ջանքերով հիմնադրվեց Հայկական դրամատիկական ստուդիան։ Նրան հաջողվեց Անդրկովկասից Մոսկվա տանել 40-50 տաղանդաշատ երիտասարդների։ Նա մեծ դեր ունեցավ նաև Արամ Խաչատրյան արվեստագետի կայացման գործում։ Լևոն Խաչատրյանը Մոսկվայի ռադիոյի մենակատար էր։ Հիանալի ձայն ուներ (բարիտոն), բեմ դուրս գալ չէր սիրում, բայց բազմաթիվ ֆիլմեր է հնչյունավորել։

-Դե իսկ զարմիկները անվանի երաժիշտներ են։

-Նրանց անունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս։ Լեյլի Խաչատրյանը Վաղինակ Խաչատրյանի դուստրն էր՝ Հայաստանի ժողովրդական արտիստուհի։ Երաժշտական կրթություն ստանալով՝ նա ուսումը շարունակել է նախ Մոսկվայի Վախթանգովի թատրոնին առընթեր Շչուկինի ուսումնարանում, ապա՝ Երևանի թատերական ինստիտուտում։ Լեյլի Խաչատրյանը եղել է Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհիներից։ Կարեն Խաչատրյանը Սուրենի որդին էր։ Հորեղբոր՝ Արամ Խաչատրյանի նման, նա ևս ավարտել էր Մոսկվայի կոնսերվատորիան, սովորել Նիկոլայ Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարանում, աշակերտել է նաև Դ.Շոստակովիչին և Վ.Շեբալինին։ Հետագայում ինքն էլ դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ Կարեն Խաչատրյանը մի շարք սիմֆոնիկ ստեղծագործությունների, ներկայացումների, մուլտիպլիկացիոն և խաղարկային ֆիլմերի համար գրված երաժշտության հեղինակ է։ Նա է գրել նաև Սոմալիի պետական օրհներգը։ Նրա «Չիպոլինո» և «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները»

բալետները բեմադրվել են Մոսկվայի Մեծ թատրոնում և այլ թատրոններում։

Անվանի դիրիժոր Էմին Խաչատրյանը Լևոն Խաչատրյանի որդին է։ Նա ևս ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ Ղեկավարել է Մոսկվայի մարզի սիմֆոնիկ, իսկ 1965-ից՝ ԽՍՀՄ Մեծ թատրոնի նվագախմբերը։ Տասը տարի շարունակ եղել է ԽՍՀՄ պետկինոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։ Նա ղեկավարել է աշխարհի շատ հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբեր։ 1990-91 թվականներին եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ, իսկ 1991 թվականից՝ Երևանի կամերային նվագախմբերի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։

-2020 թվականը հոբելյանական է Կարեն և Էմին Խաչատրյանների համար։

-Այո, համերգ֊-ցուցահանդեսը նվիրված է Կարեն Խաչատրյանի 100-ամյա և Էմին Խաչատրյանի 90-ամյա հոբելյաններին։ Թանգարանը դեռ փետրվարին է նշել Կարեն Խաչատրյանի 100-ամյակը. Յուրի Բաշմետի կազմակերպած Արվեստի 13-րդ ձմեռային միջազգային փառատոնի շրջանակներում Սոչիի կամերային և երգեհոնային երաժշտության տանն անցկացվեց հայկական երաժշտարվեստի տոն՝ «Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը» խորագրով։ Նախասրահում բացված լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում էր «Հայկական հնգյակի»՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի կյանքն ու գոծունեությունը։ Մեր թանգարանի աշխատակիցները հանդես եկան զեկուցումներով, ապա կայացավ համերգ, որտեղ հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները «Խաչատրյան տրիոյի» կատարմամբ։

Իսկ դեկտեմբերի 2-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կազմակերպված համերգի ընթացքում ելույթ կունենան Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Մաքսիմ Նովիկովը (ալտ), Էլեն Սահակյանը (դաշնամուր)։ Կկատարվեն Արամ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ադաջիո՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետից, Կ.Խաչատրյանի Դաշնամուրի և ջութակի սոնատը, ինչպես նաև պիեսներ «Չիպոլինո» բալետից (դաշնամուրային փոխադրումներ 4 ձեռքի համար)։ Համերգը կվարի երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը: Միջոցառման ընթացքում կցուցադրվեն լուսանկարներ, որոնք կներկայացնեն Կարեն և Էմին Խաչատրյանների ստեղծագործական ուղին, ինչպես նաև կցուցադրվեն կադրեր ֆիլմից, որտեղ կոմպոզիտորի զարմիկները իրենց հուշերն են պատմում Խաչատրյանների մեծ ու հետաքրքիր գերդաստանի մասին։

Համերգ-ցուցահանդեսը կկազմակերպվի Պարետատան կանոնների պահպանմամբ: Տեղերը սահմանափակ են՝ընդամենը 40 տեղ: Մուտքն ազատ է։