Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-05 15:56
BOUCHERON ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ
Հանրահայտ Boucheron ընկերությունը 1858 թվականին հիմնադրել է Ֆրեդերիկ Բուշերոնը, որը շուտով Փարիզում բացեց ոսկերչական զարդերի իր առաջին խանութը։

Ոսկերիչների տաղանդավոր գերադաստանը մինչ օրս ներկայացնում է ամբողջ  աշխարհում հայտնի իր բացառիկ զարդերը, որոնցից շատերը պատրաստված են միակ նմուշով։ Այս ապրանքանիշը վայելում է թագավորական անձանց ու հանրահայտ մարդկանց առանձնակի բարեհաճությունը։ Ապրանքանիշի գլխավոր արժանիքը համարվում է ամենաարտառոց զարդերը չհնացող կլասիկայի վերածելը։ Boucheron ոսկերչական տան առաջին հավատարիմ գնորդներից մեկը Նիկոլայ Առաջինի դուստր իշխանուհի Մարիա Նիկոլաևնան էր։ Հենց նրա շնորհիվ ապրանքանիշը հայտնի դարձավ Ռուսական կայսրությունում։

Փարիզյան Boucheron ոսկերչական տանը կամ մի գիրք՝ շքեղաշուք ոսկերչական զարդերի լուսապատճեններով, որ ստեղծվել են հնդիկ մահարաջաների համար։ Ապանքանիշի երկրպագուների թվում էին նաև Իրանի շահի կինը, Եգիպտոսի թագուհի Ֆարիդան, որոնց համար պատրաստվել են արքայական թագ ու ադամանդե մանյակ։ Ապրանքանիշի նրբագեղ զարդերը բարձր են գնահատել այնպիսի հանրահայտ անձինք, ինչպիսիք են Սառա Բեռնարը, Մառլեն Դիտրիխը, Օսկար Ուայլդը, Էդիտ Պիաֆը… Այսօր Boucheronի երկրպագուներն են Նիկոլ Քիդմանը, Պենելոպա Կրուզը, Դիանա Քրյուգերը, Ջուլիանա Մուրը և այլք։

Boucheron ապրանքանիշը առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում իր զարդերի որակին՝ դրանց ստեղծման համար օգտագործելով բարձրորակ թանկարժեք մետաղներ ու ակնեղեն, ոճերի միախառնում, ինքնատիպ դիզայն, նորարարական գաղափարներ հղկման ու քարերի մշակման ոլորտում։ Ապրանքանիշի ամենաճանաչելի խորհրդանիշները օձատեսք զարդերն են, քամելեոնով մատանին, ծաղիկները, բաղեղի ճյուղը, արևելյան զանազան մոտիվները, փետուրները և գիշատիչների պատկերները։

Կենդանիների տեսքով նրբագեղ զարդերը Boucheronի արվեստանոցներում սկսել էին արտադրել 1866 թվականից։ Դրանք ստեղծելիս օգտագործվում են ադամանդ, զմուրուխտ, շափյուղա, սուտակ ու այլ թանկարժեք քարեր։ Կենդանիների տեսքով Animaux հավաքածուի զարդերը շատերի համար պարզապես թալիսման են դարձել։

2004 թվականին երևան եկավ ապրանքանիշի ևս մեկ խորհրդանիշ՝ վարդագույն, սպիտակ, դեղին ոսկուց ու խեցեղենից Quatre մատանիները, որոնք միանգամից կուլտային դարձան։ 2016ի վերջին ներկայացվեց Serpent Boheme հավաքածուն, որի հիմքում ապրանքանիշի խորհրդանիշ օձն էր։ Ստեղծվեցին օձատեսք մատանիներ, կախիկներ, ականջօղեր, մանյակներ ու ապարանջաններ։ 

Boucheron ոսկերչական տունը հաճախ է նոր հավաքածուներ ստեղծելիս օգտագործում իր սեփական արխիվները։ Վերջերս ներկայացվեց ութ նոր մանյակ՝ «Հարցի նշան», որոնց նախատիպը ստեղծել էր անձամբ Ֆրեդերիկ Բուշերոնը։ Իսկ Տան ոսկերիչները, ստեղծագործական ղեկավար Քլեր Շուանի ղեկավարությամբ, թարմացրել էին Delilah հավաքածուն, որի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր էր ծառայել մեծ իշխան Վլադիմիրի սիրո պատմությունը։ Նրանք ստեղծել էին նաև հավաքածու, որը դարձավ բուտիկի պատուհանից Վանդոմի հրապարակը բացվող տեսարանների ոսկերչական մեկնաբանութունը։ Ներկայացված էին ընկնելու պահին անձրևի կաթիլներ, խատուտիկների աղվամազոտ հովանոցների թռիչքը, աստղի ընկնելը, երկնքում թռչնի թռիչքը։

62 զարդից բաղկացած Contemplation հավաքածուն ապշեցնում է ինչպես իր գեղեցկությամբ, այնպես էլ պատրաստման բարդությամբ։ Այսպես, անկշիռ ամպ հիշեցնող Nuage en Apesanteur մանյակի վրա ծախսվել է ամբողջ երկու տարի։ Դրանում օգտագործված են տիտանի 10000 չափազանց բարակ թելեր, 4000-ից ավելի ադամանդներ ու ապակյա ուլունքներ, որոնք արձագանքում են կրողի յուրաքանչյուր շարժմանը։ Նույն հնարքը օգտագործվել է նաև խատուտիկի տեսքով Avant le Frisson մանյակը ստեղծելիս։

Boucheron ոսկերչական ապրանքանիշը Animaux de collection հավաքածուի շրջանակներում օձերի, ոզնիների, թութակների, կոլիբրիների և այլ կենդանիների ու թռչունների տեսքով նոր զարդեր է թողարկել։ Մատանիների, մանյակների ու ապարանջանների վրայի երաշտահավերը զարդարված են ադամանդներով, աչքերը սև շափյուղայից են, իսկ փետուրները՝ դեղին ոսկուց։

Boucheronը առաջինն էր, որը թողարկել է փոխվող կաշեփոկով ժամացույցներ։ Իսկ երևան գալուց մեկ դար անց ապրանքանիշը սկսեց նաև օծանելիք թողարկել։