Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-08 08:59
ՏՐԻԿՈՏԱԺ
Կանանց զգեստապահարանում առանձնակի արդիականություն է ձեռք բերում հարմարավետ և էկոլոգիական տրիկոտաժը։

Առաջին անգամ այս գործվածքը սկսել է օգտագործել իտալական Միսսոնի ընտանիքը։ Միսսոնիի տրիկոտաժի բնորոշ առանձնահատկությունը ոլործուն՝ զիգզագաձև նախշն ու կարերի շատ բարձր որակն է։ 1947թ. Օտտավիո Միսսոնին, որը նախքան Առաջին աշխարհամարտը հայտնի թեթև ատլետ էր, հայրենիք վերադարձավ Եգիպտոսից, որտեղ գերի էր եղել։ Ընկերոջ՝ նույնպես մարզիկ Ջորջիո Օբերվեգերի հետ նա Տրիեստում հիմնեց տրիկոտաժի արտադրության ձեռնարկություն։ Սկզբում նրանք ստեղծեցին հագուստ թեթևատլետների համար։ Նրանց մազրահագուստի Venjulia գիծը դարձավ Լոնդոնի Օլիմպիական խաղերում իտալացի թեթևատլետների պաշտոնական համազգեստը։ Հենց այստեղ 1948-ին Օտտավիոն հանդիպեց իր ապագա կնոջը՝ Ռոզիտա Ջելմինիին, որի ընտանիքը Լոմբարդիայում գլխաշորերի ու շարֆերի արտադրության գործարան ուներ։ 1953թ. նրանք Ռոզիտայի հայրենի քաղաքում՝ Գալլարատեում, հիմնեցին տրիկոտաժի ոչ մեծ արհեստանոց։

1958թ. Միլանում Միսսոնի ընտանիքը ներկայացրեց իր առաջին հավաքածուն Milano-Simpathy անունով։ Նորաձևության ինդուստրիայում հավաքածուի առաջ մղելուն մեծապես նպաստեց լեգենդար Աննա Պյաջին, որն այդ ժամանակ Arianna հանդեսի նորաձևության բաժնի խմբագիրն էր։ Շուտով Աննա Պյաջիի հետաքրքիր հոդվածների շնորհիվ նորաձևության պրոֆեսիոնալները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել Միսսոնիի արտադրանքի հանդեպ։

60-ականների կեսին Միսսոնին ներկայացրեց լամեից կիսաթափանցիկ բլուզներ, որոնք իսկական ֆուրոր առաջացրին։ Հենց դրանից հետո տրիկոտաժե հանդերձները դադարեցին միայն սպորտային և տնային հագուստ համարվել և դասակարգվեցին haute couture-ի շարքում։

Արտադրանքի որակը բարձրացնելու համար ձեռնարկատերերը սկսեցին թողարկել տրիկոտաժե կտոր, որը բաղկացած էր տարբեր լայնության բազմագույն զոլերից։ Իսկ այնուհետև նոր հաստոցների շնորհիվ հնարավոր դարձավ ոլործուն նախշով կտորներ արտադրել։ Ռոզիտա Միսսոնիի առաջին աշխատանքները սև-սպիտակ և կարմիր-սև նախշերով տրիկոտաժե կտորներն են։

1970-ականներին Missoni ապրանքանիշը սկսեց երևալ հանրահայտ հանդեսների՝ ամերիկյան Vogue-ի և ֆրանսիական Elle-ի էջերում։ 1973թ. Missoni ընկերությունը նորաձևության բնագավառում արժանացավ Neiman Marcus պարգևի։ Ընկերության բիզնեսն սկսեց ընդլայնվել և ավելի ու ավելի շատ հաջողություններ գրանցել։ Միսսոնիները անընդհատ փորձարարություններ էին անում՝ խառնելով մանվածքաթելի տարբեր նմուշներ։ Գունային վառ երանգներ ստեղծելիս ընկերության մասնագետները օգտագործում էին Աֆրիկայի, Ասիայի և Արևելքի ժողովրդական ստեղծագործությունը։ Միսսոնիի տրիկոտաժի շատ նմուշներ ներկայացված են հեղինակավոր թանգարաններում՝ Metropolitan Museum of Art-ում (Նյու Յորք), Museum of Costume-ում (Բատե)... Այսօր Missoni-ը նորաձևության բնագավառում լավագույն ընկերությունների քսանյակի մեջ է մտնում և համաշխարհային էլիտային ապրանքանիշի համարում ունի։

1997թ. Միսսոնի զույգը Missoni նորաձևության տան կառավարումը հանձնեց դստերը՝ Անջելային, որին օգնում են եղբայրները՝ Վիտտորիոն և Լուկան։

Տրիկոտաժի զարգացման մեջ մեծ վաստակ ունի նաև Loro Pina իտալական ապրանքանիշը։ Սկզբնապես ապրանքանիշը զբաղված էր բրդի և քաշմիրի արտադրությամբ, 90-ականներին սկսեց թողարկել պատրաստի հագուստի գիծ, որում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում բարձրորակ տրիկոտաժը։

Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ այսօր կարելի է անգամ տրիկոտաժե տաբատ ու փեշ կրել։ Կիպ նստող տրիկոտաժե զգեստ ընտրելիս հիշեք, որ չափազանց բարակ տրիկոտաժը ընդգծում է կազմվածքի թերությունները, իսկ օվերսայզ զգեստը ուրվագիծն ավելի նրբին է դարձնում։