Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-08 09:07
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ՀԱՐԻՉ
Հարիչը (անգլ. mixer՝ «խառնող» բառից) կենցաղային ամենագործածվող սարքերից է։

Դրանով հարում և խառնում են սորուն և հեղուկ բաղադրիչները՝ ստանալով համասեռ զանգված։

Հարիչի ստեղծման պատմությունը սկսվում է 1908-ից. հենց այս թվականին էր, որ Օհաոյի բնակիչ, մասնագիտությամբ ինժեներ Հերբերթ Ջոնսթոնի (Herbert Jonston) մտքով անցավ հեշտացնել խմոր հունցելու գործը։ Պատահմամբ տեսնելով ձեռքով խմոր հունցող հացթուխին՝ նա զգաց, թե ինչ ծանր աշխատանք է դա և որոշեց հեշտացնել այդ գործը։

Մեծ ջանքեր և գիտելիքներ ներդնելով՝ 1914թ. Ջոնսթոնը հաջողությամբ շուկայում ներկայացրեց իր առաջին հարիչը՝ «Hobart H» մոդելը 75 լիտր ծավալով։ 1917-ին մեծ հարիչներ տեղադրվեցին ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի նավերի խոհանոցներում։ Ջոնսթոնը ամեն նոր մոդելի հետ հասկանում էր, որ իր «մանկիկը» շատ մեծ ներուժ ունի։ Նրա մտքով անցավ ստեղծել փոքր չափի մոդելներ առօրյայում՝ խոհանոցում օգտագործելու համար։

1919 թվականին կենցաղային «Hobart H-5» բացառիկ մոդելն արդեն արտոնագրված էր, բայց հեղինակը չէր կարողանում ճիշտ և համապատասխան անվանում հորինել։ Այդ ժամանակ էր, որ ընկերությունների տնօրեններից մեկի կինը, փորձելով սարքը տարբեր արագություններով, ասաց. «Ի՞նչ տարբերություն, թե սարքն ինչպես կկոչեք։ Ավելի լավ օգնական խոհանոցում ես երբեք չեմ ունեցել»։ Այդպես էլ ծնվեց Kitchen Aid-ը (Քիթչեն Էյդ)՝ «խոհանոցային օգնականը»։ 1920 թվականին ստեղծվեց Kitchen Aid Manufacturing Company-ն, որը սկսեց զբաղվել սեղանի խոհանոցային հարիչների արտադրությամբ։

1923թ. զանգվածային լրատվամիջոցները սկսեցին գովազդել և ներկայացնել Kitchen Aid-ը։ Այդ գործին լծվեցին այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են Good Housekeeping-ը, The Saterday Evening Post-ը, որոնք, կարելի է ասել, ԱՄՆ-ում մտնում են գրեթե ամեն տուն։

1927 թվականին Հերբետ Ջոնսթոնը սկսեց թողարկել հիանալի, նրբագեղ «G» մոդելը, որն ավելի թեթև քաշ ուներ, ավելի կոմպակտ էր, միևնույն ժամանակ գինը շատ մատչելի էր։ Դա էլ ավելի ամրապնդեց ընկերության հաջողությունը, որն իր գոյության առաջին երեք տարիների ընթացքում վաճառել էր 20 հազարից ավելի օրինակ։

Իր փառասիրությունը շոյելու համար 1936թ. Ջոնսթոնն այս աշխատանքի մեջ ներգրավեց տաղանդավոր դիզայներ Էգմոնտ Արենսին, որը միևնույն ժամանակ Creative Arts հանդեսի խմբագիրն էր, նաև Vanity Fair ընկերության անդամ։ Նրա դիզայներական հոտառության շնորհիվ ծնվեցին «K» սերիայի երեք նոր մոդելներ Kitchen Aid-ին վայել բարձր որակով։ Այդ մոդելներն արժանացան բազմաթիվ պարգևների յուրահատուկ դիզայնի համար։ Դրանք դարձան դիզայնի թանգարանների ցուցադրական նմուշ։

Տնային տնտեսուհիների համար կենցաղային տեխնիկայի՝ այդ ժամանակ հայտնի բոլոր սարքերից ամենասիրելին հարիչն էր։

Կենցաղային տեխնիկայի արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունները նույնպես սկսեցին հարիչներ արտադրել։ Քիթչեն Էյդի առաջին հակառակորդ ընկերությունը դարձավ Sunbeam Mixmaster-ը, որն առաջին անգամ առաջարկեց հարիչի հանովի և դնովի թիակներ որպես սարքի անբաժանելի բաղկացուցիչ։ Դա էլ ավելի հեշտացրեց տնտեսուհիների գործը։

Երկար ժամանակ հարիչը ստացիոնար էր՝ անշարժ և բավական ծանր էր։ 1930-ականների բոլոր մոդելները խոշոր էին, կոպիտ ուրվագծով և տեսքից ոչ այնքան գրավիչ։ Բայց երբ Ամերիկայում սկսվեցին Մեծ դեպրեսիայի տարիները, արտադրողները ստիպված եղան ստեղծել ավելի թեթև և մատչելի գնով տարբերակներ։

Տարիների հետ միքսերը կատարելագործվեց. քաշը թեթևացավ, ուրվագծերը դարձան ավելի սահուն, սարքը ձեռք բերեց ցանկացած ճաշակին հարմար գունապնակ։ Հենց այդ ժամանակ էր, որ ինժեներները սկսեցին համագործակցել դիզայներների հետ, որոնք ընդհանուր համաձայնության եկան, որ ինժեներական նորամուծությունները սարքի տեսքի վրա չպետք է ազդեն։

Երկար ժամանակ է անցել, սակայն հարիչի հիմնական կառուցվածքը մնացել է անփոփոխ։ Վերջին էական փոփոխությունը հարիչի պատմության մեջ տեղի է ունեցել 1952 թվականին, երբ Sunbeam Mixmaster ընկերությունը հանրությանը ներկայացրեց առաջին ձեռքի հարիչը, որը շատ հարմար էր շահագործելու առումով. տնտեսուհին շատ հանգիստ, առանց դժվարության սարքը կարող էր բռնել ձեռքում, աշխատեցնել, տեղափոխել տեղից տեղ։ Դրանից հետո հարիչի կյանքում համակարգային և տեխնիկական փոփոխություններ գրեթե չեն եղել։ Սարքը փոփոխվել է  արտաքուստ, գեղեցկացել է, անցումները դարձել են ավելի սահուն, ավելացել է հարիչ թիակների տեսականին։

2009 թվականին Kitchen Aid-ը նշեց իր հիմնադրման 90-ամյակը։ Այդ առիթով լեգենդար միքսերը թողարկեցին նոր տոնական գույնով, որը ստացավ ՙկարամելային խնձոր՚ անվանումը։ Այդ հիասքանչ սարքը, ինչպես միշտ, մնում է խոհանոցի աշխատանքային նժույգը՝ երբեք չվերածվելով բեռնակիր ձիու։ Նախկինի նման այն հավաքում են ձեռքով, ձուլածո մետաղական մասերից։ Սարքը շարունակում է մնալ տանտիկինների հուսալի և կայուն ընկերը։ Տարիները դրականորեն են ազդել հարիչի արտաքին տեսքի վրա. այն դարձել է ավելի շողշողուն և ամուր։

Kitchen Aid ընկերությունը սկսել է ընդլայնել իր տեսականին. նոր Artisan հավաքածուն ներառում է տոստերներ, էլեկտրական թեյնիկներ, ձեռքի շահագործման բլենդերներ և խոհանոցային կոմբայններ։

Kitchen Aid հարիչը հիանալի օրինակ է, թե ինչպես է հարկավոր ներդաշնակորեն համադրել անթերի դիզայնը և կատարման բարձր որակը։ Հենց դա է պատճառը, որ այն շարունակում է մնալ ցանկացած խոհանոցի անփոխարինելի և սիրելի առարկան։

Շարունակելով գործել ու բարգավաճել՝ Ջոնսթոնի հիմնադրած Kitchen Aid ընկերությունը ամեն օր շուկայում բախվում է դաժան մրցակցության հետ, սակայն կարողանում է դիմակայել՝ ի պատիվ իրեն, և շարունակում է մնալ շուկայի առաջատարը։ Ընկերության հաջողությունը պայմանավորված է այն նշանաբանով, որով առաջնորդվում է՝ ստեղծել հուսալի և գեղեցիկ ձևավորված տեխնիկա, որը զորու է թեթևացնել մարդու աշխատանքը։ Ապրանքանիշը ուշադրության կենտրոնում է պահում շուկայի առաջադրած պահանջները, հետևում է ինժեներական նորարարություններին և անընդհատ կատարելագործում է իր արտադրանքը՝ ավելի արդյունավետ դարձնելով հարիչի աշխատանքը։ Հարիչը արդեն նշել է իր ստեղծման 100-ամյակը։ Տնտեսուհիները հետաքրքրությամբ և անհամբերությամբ կսպասեն Kitchen Aid ընկերության նոր ու անգերազանցելի մոդելներին։