Նյութը՝ Արեվիկ Ղարիբյանի
Լուսանկարները՝ Զրուցակցի անձնական արխիվից
Տեղադրվել է 2020-12-09 07:58
ԳԱՂՏՆԻ՝ ԴԵՊԻ ԴԱԴԻՎԱՆՔ
Մայրիկից գաղտնի՝ քրոջ ու ընկերների հետ, Անին գնացել էր Դադիվանք՝ մեր պապերի ժառանգությանը «մնաս բարով ու մինչ նոր տեսություն» ասելու։

Անի Կիրակոսյանը մանկավարժական համալսարանի ուսանողուհի է։ Սովորում է կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնի չորրորդ կուրսում՝ Գյումրիից է, բայց հիմա ապրում, սովորում և աշխատում է Երևանում։ Երբ մայրիկն իմացել է աղջիկների մտադրության մասին, շատ է անհանգստացել՝ ճանապարհներն անվտանգ չեն։ Հայրը դեմ չի եղել, բայց մայրիկի հորդորով՝ նա էլ փորձել է ետ պահել աղջիկներին այդ մտքից։ Այդուհանդերձ Անին քրոջ ու ընկերների հետ գնաց։ Նրա հետ զրուցում ենք դեպի Դադիվանք իր գաղտնի ու հիշարժան ուղևորության մասին։

-Ինչպե՞ս կայացրիր Դադիվանք մեկնելու որոշումդ։

-Դադիվանք գնալու միտքը շատ պատահական ծնվեց։ Ընկերուհիներիցս մեկը նման հայտարարություն էր կարդացել, և որոշեցինք հնարավորությունը բաց չթողնել։ Մեր խմբից միայն ես էի մինչ այդ եղել Դադիվանքում. Արցախում ճամբար էի գնացել, երբ առաջին անգամ տեսա հրաշագեղ վանքը։ Ընկերներս մի տեսակ՝ պարտքի՞ ասեմ, թե՞ մեղավորության զգացում ունեին, որ չէին եղել վանքում։ Երբ գիտակցում ես, որ այն այլևս մեր հսկողության տակ չի լինելու, սարսուռ է անցնում մարմնովդ։

 

-Ի՞նչ տպավորություններ ունեցար այդ օրը, ի՞նչ հուշեր բերեցիր քեզ հետ։

 

-Երբ անցնում էինք Քարվաճառի ճանապարհով, տեսնում էինք այրված տներ ու գաղթի ճամփան բռնած մարդկանց՝ անասելի ծանր էր։ Բայց տեսնում էինք նաև Ստեփանակերտ վերադարձող մարդկանց։ Ասես երկու զուգահեռ իրականություն լիներ... Եվ հույս էր արթնանում։

Մեր խմբի անդամներից շատերն առաջին անգամ էին Դադիվանքում։ Բոլորիս հոգիներում ու աչքերում ցավ կար՝ մեկ էլ ե՞րբ կտեսնենք մեր վանքը։ Այդ օրը իմ ծանոթներից մի քանիսը մկրտվեցին, ու օրը բոլորիս համար առավել կարևորվեց։

-Իսկ մայրիկի մտավախությունը տեղի՞ն էր։ Ճանապարհն անվտա՞նգ էր։

-Բարեբախտաբար, անփորձանք գնացինք-վերադարձանք։ Բայց մի բան մեզ շատ անհանգստացրեց. մեծ ավտոբուսով էինք գնում, ոլորապտույտ ճանապարհին մեր առջևից մի բեռնված մեքենա էր գնում շատ դանդաղ։ Վրան անկողին էր, կենցաղային իրեր. մարդիկ տուն էին վերադառնում։ Բայց մեքենան անընդհատ աջ ու ձախ էր թեքվում, թվում էր՝ հիմա շուռ կգա։ Մեր ավտոբուսի համար վազանցի տեղ չկար, մեր հետևից էլ շատ մեքենաներ էին գալիս։ Բոլորը մտածում էին՝ տեսնես ո՞վ է ղեկին։ Զգացվում էր, որ վարորդը կամ շատ հոգնած է, կամ...  Երբ հնարավոր եղավ առաջ անցնել այդ մեքենայից, տեսանք, որ ղեկին 14-15 տարեկան տղա է, որ ստանձնել էր այդ ծանր գործը։ Ամբողջ ճանապարհին մտածում էինք, որ նա ապահով տեղ հասնի...