Նյութը՝ Արեվիկ Ղարիբյանի
Լուսանկարները՝ Զրուցակցի անձնական արխիվից
Տեղադրվել է 2020-12-09 08:00
ԱՐՑԱԽՑԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ «ՄԱՉԱՆԵՆՑ ՏՈՒՆԸ»
Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում գտնվող «Մաչանենց տունը» պատերազմի օրերին հյուրընկալել էր Արցախից եկած մեր հայրենակիցներին։

Մշակույթով ապրող այս օջախում արցախցիների օրը հագեցած է եղել. համակարգչային դասեր, խեցեգործություն, նկարչություն, երգեցողություն և այլ կրթական դասընթացներ՝ երեխաների և ոչ պակաս օգտավետ ժամանց՝ մեծահասակների համար։ Արվել է ամեն ինչ, որ մարդիկ գոնե մի պահ կտրվեն պատերազմի դառը մտքերից ու իրենց օրը լցնեն հետաքրքիր գործերով։ «Մաչանենց տան» ներկայացուցչի հետ զրուցել ենք արցախցիների համար կազմակերպված դասընթացների, նրանց առօրյայի ու հետագա անելիքների մասին։

 

-Պատերազմի օրերին Արցախից եկած ընտանիքներ էիք հյուրընկալել։ Նրա՞նք էին ձեզ գտնում, թե՞ դուք՝ նրանց։

-Պատերազմի չարաբաստիկ լուրն իմանալուն պես «Մաչանենց տունը» հայտարարություն տարածեց, որ պատրաստ է օգնության ձեռք մեկնել մարդկանց, եւ արդեն սեպտեմբերի 28-ից մեր հարկի տակ արցախցի ընտանիքներ հյուրընկալեցինք։ Մեզ մոտ հաստատվեց վեց ընտանիք Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Քարվաճառի շրջաններից։

 

-Պատերազմն ու տեղահանությունը առավել ծանր է անդրադառնում երեխաների վրա։ Ի՞նչ ծրագրեր էիք իրականացնում արցախցի փոքրիկների համար։

-Բնականաբար, առանց դպրոցի, իրենց տնից հեռու երեխաները շատ էին տխրում։ Շատ արագ ծրագիր մշակեցինք, որը և՛ օգտակար կլիներ երեխաների համար, և՛ հետաքրքիր ժամանց կապահովեր։ Մեզ օգնելու, երեխաների հետ զբաղվելու ցանկությամբ կամավորագրվեցին մեծ թվով մարդիկ, որոնք սիրով պարապում էին երեխաների հետ։ Դասերից բացի նրանց ներգրավեցինք բազմաբնույթ պարապմունքներում՝ համակարգչային դասեր, երգչախումբ, թատերախումբ, նկարչություն, արհեստագործական խմբեր, խոհարարական դասեր... «Մաչանենց տանն» ապրող արցախցի մեծահասակներին էլ հնարավորություն էր տրված մասնակցելու խոհարարական դասերին։ Պատանիներից ոմանք այնքան էին հրապուրվել, որ ասում էին, թե վերադառնալով՝ իրենց շեներում ռեստորան են բացելու։

Արցախցի կանանց էլ էինք ներգարվել։ Նրանք պատրաստում էին արցախյան խոհանոցի տարբեր ճաշատեսակներ, անցկացնում էին ժենգյալով հացի պատրաստման վարպետության դասեր։

 

-Այսօր «Մաչանենց տանը» կա՞ն արցախցի ընտանիքներ, թե՞ մարդիկ տուն են վերադարձել։

-Մեր բարեկամների մեծ մասը ազնվագույն որոշում կայացրեց ու տուն վերադարձավ։ Նրանք մի քանի կիլոմետր հեռավորությամբ պիտի ապրեն ադրբեջանցիների հարևանությամբ, շարունակեն իրենց գործը։ Բոլորս էլ հասկանում ենք՝ ինչ է դա նշանակում, բայց արցախցու քաջ ոգին հնարավոր չէ ընկճել։ Մեզ համար դժվար էր բաժանվելը՝ հարազատ էինք դարձել, բայց հողը հայրենիք է մնում, երբ այդ հողի վրա ապրում ես։ Միայն Քարվաճառից եկած ընտանիքն է մնացել Հայաստանում։ Վերադարձածների հետ մենք կապ ենք պահպանում, նրանց կողքին ենք։