Նյութը՝ Վլադ Մուրադյանի
Լուսանկարները՝ Զրուցակցի անձնական արխիվից
Տեղադրվել է 2020-12-09 08:03
ԿԱՐԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ. «ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ»
Ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի անունը թեպետ լայնորեն հայտնի է թատերական աշխարհում, բայց նա առաջին անգամ է բեմադրվում Հայաստանում: Պիեսի ռուսերեն թարգմանությունը վերնագրված է «Պատմություններ գազանների մասին»։ «Սրտառուչ, հուզիչ, երբեմն վախեցնող պիես է, որն արդիական հնչողություն ունի»,- այսպես է բնութագրում Նիգրոյի գործը Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը, ում ռեժիսուրայով դեկտեմբերի 19-ին կկայանա «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացման պրեմիերան։

-Բեմադրական աշխատանքները սկսեցինք հունիս ամսին՝ համավարակի ծանր օրերին։ Գործին վաղուց էի ծանոթ, բայց միշտ սպասում էի հարմար պահի։ Իսկ պահը հասունանում է՝ կախված հանգամանքներից՝ դերակատարների ընտրություն, տրամադրություն, զուգադիպություններ։ Ասես սպասում ես ինչ-որ ազդանշանի ու զգում-հասկանում ես, որ հենց հիմա պիտի բեմադրես հենց այս գործը։ Նաև մտածում էի Մոլիեր, Չեխով բեմադրելու մասին, բայց ընտրությունս կանգ առավ Նիգրոյի գործի վրա։ Իհարկե, չեմ հրաժարվել նաեւ թվարկածս հեղինակների գործերից։

-Այնուամենայնիվ ինչո՞ւ նախապատվությունը տվեցիք այս պիեսին։

-Դեր խաղաց երկու գործոն։ Առաջինը, որքան էլ պարադոքսալ հնչի, տեխնիկական բնույթի էր։ Համավարակի պայմաններում անթույլատրելի էր 5-ից ավելի դերասանի հրավիրել փորձերի։ Այս գործը բաղկացած է 11 կարճ՝ իրարից տարբեր, բայց էմոցիոնալ առումով կապակցված պատմվածքներից, ինչը հնարավորություն էր տալիս փորձերն անցկացնել մաս-մաս. մի պատմվածքում 3 դերակատար է զբաղված, մյուսում՝ 1 կամ 2։ Ամռանը փորձերն անցկացնում էինք թատրոնի բացօթյա տարածքում՝ խստագույնս պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Եվ երկրորդը, որ չափազանց կարևոր է, այս պիեսում ինձ գրավեցին մարդկային պատմություններն ու հոգեվիճակները, որոնք շատ համահունչ էին այն իրադրությանը, որում անսպասելիորեն հայտնվեցինք մենք կորոնավիրուսային համավարակի հետեւանքով։ Բնականաբար, պիեսը համավարակի մասին չէ։ Պարզապես հերոսները՝ բարի, դրական կերպարներ, որոնք սիրում են, ատում, որոնց հատուկ են մարդկային բոլոր հույզերն ու ապրումները (երբեմն դրանք պայմանավորված են արտաքին գործոններով,  երբեմն՝ ոչ), բոլորն էլ հայտնվում են դժվարին կացությունների մեջ և կարողանում են դուրս գալ անելանելի թվացող իրավիճակներից։ Պիեսի մի շարք մտքեր ու դրվագներ համահունչ են նաև պատերազմական տագնապալի օրերի մեր տրամադրություններին ու ապրումներին։ Պատերազմն ավարտվեց բոլորիս համար սթրեսային հանգուցալուծմամբ։ Երբ վերսկսեցինք փորձերը, դարձյալ համոզվեցինք, որ պիեսը լիովին համապատասխանում է մեր հույզերին ու զգացողություններին։ Իսկ սա, ինքնին, խոսուն ապացույց է, որ մեր ձեռքի տակ դրամատուրգիական լավ գործ է, ու այն արդիական կլինի նաև վաղը և միշտ։

-Պարոն Ներսիսյան, ժանրային առումով ի՞նչ պիես է Դոն Նիգրոյի այս գործը։

-Մենք այն ներկայացնում ենք որպես տրագիկոմեդիա։ Եվ եթե փորձերի ժամանակ սկսում է գերիշխել տրագիկ տոնայնությունը, ապա ես դադար եմ հայտարարում, ու դերասանների հետ սկսում ենք պարզել, թե որտեղ է մեր սխալը։ Որքան էլ պարադոքսալ հնչի, յուրաքանչյուր դրամատիկ իրադարձություն լավ է ընկալվում միայն այն ժամանակ, երբ առկա է հումորը, հեգնանքը, իսկ այս պիեսում այդ տարրերն անպակաս են։ Որքան էլ բարդ ու անելանելի լինեն իրավիճակները, որում հայտնվում են հերոսները, միևնույն է, կա ելք՝  լուսավոր հանգուցալուծմամբ։

-Իսկ ինչպե՞ս ձեռք բերվեց պայմանավորվածություն Դոն Նիգրոյի հետ։ Անձա՞մբ խոսեցիք նրա հետ։

-Ոչ, նրա հետ կապը ապահովվեց թարգմանչի՝ Վիկտոր Վեբերի միջոցով, Ժամանակին նա էր ինձ առաջարկել ընթերցել պիեսը։ Նա ստացավ հեղինակի համաձայնությունը։ Ավելին՝ Դոն Նիգրոն ֆեյսբուքյան իր էջում անմիջապես գրառում կատարեց մեր բեմադրության մասին, անգամ նշեց իր ցանկությունները՝ կապված բեմադրական աշխատանքների հետ ու հաջողություն մաղթեց, ինչը շատ հաճելի է։

-Ի դեպ, պիեսը գազանների մասին է, սակայն հեղինակը նախաբանում գրում է, որ դեմ է դերասանների կերպարանափոխությանը։

-Այո, դա դրամատուրգիական հրաշալի հնարք է. հերոսները թեև գազաններ են, բայց այն, ինչ կատարվում է նրանց կյանքում, նրանց հետ, մարդկային պատմություններ են։ Կռիլովի կամ Լաֆոնտենի առակներում էլ զանազան գազանների ենք հանդիպում, բայց խոսքը հո նրանց մասին չէ՞։ Մեր ներկայացման մեջ դերասանները գազանների հագուստներ չեն կրում, նրանց շարժուձևը չեն նմանակում։ Նիգրոյի գործում գազանները պարզապես լրացուցիչ նուրբ հումորի շղարշ են ստեղծում, թեպետ, որքան էլ խոսքս տարօրինակ հնչի, երբեմն մարդիկ էլ նմանվում են գազանների։ Պիեսն ամերիկյան է, և փորձել ենք ուրույն ոճով բեմադրել։ Ներկայացման մեջ, ժամանակակից գործերի կողքին, հնչում են նաեւ 1930-ականների լավագույն ջազային գործեր, զգեստները նույնպես 30-ականների ամերիկյան ոճին համահունչ են։

-Ի դեպ, թարգմանիչ Վիկտոր Վեբերը հարցազրույցներից մեկում ասել է, որ Նիգրոյի գործերը բեմադրելիս բեմադրիչները շատ անելիք ունեն, դերասաններն էլ՝ շատ ասելիք։

-Լիովին համամիտ եմ։ 10-15 րոպե տեւողությամբ կարճ պատմվածքներից  յուրաքանչյուրը խոր ասելիք ունի, որը մենք աշխատում ենք մատուցել դերասանական թեթև ու անմիջական խաղի միջոցով։

-Ի՞նչ արձագանք եք ակնկալում հանդիսատեսից։ Գուցե ոմանք ծանոթ չլինեն Նիգրոյի գործերին։

-Կարծում եմ՝ կսիրեն, կվերապրեն այն բոլոր հոգեվիճակներն ու զգացողությունները՝ ծանոթ և ոչ այնքան, որոնք կներկայացվեն բեմում։ Իրականում շատ կարևոր է հանդիսատեսի արձագանքը, որ հասկանանք, թե որքանով է հաջողվել մեր ստեղծագործական աշխատանքը, հաստատվե՞լ է արդյոք դերասան-հանդիսատես կապը։ Բնականաբար, այս իրավիճակում չենք ակնկալում լեփ-լեցուն հանդիսասրահներ, բայց ակնկալում ենք տեսնել երջանիկ, խոսուն աչքեր։ Դերասանների հույզերը պետք է փոխանցվեն դահլիճին և հակառակը։