Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-12-10 17:52
«ՕՆԵԳԻՆ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ ՕՆԼԱՅՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՅ ՖԵՍՏ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի «Օնեգին» ներկայացմամբ, որը խաղացել է Նովոսիբիրսկի «Կրասնի ֆակել» թատրոնի թատերախումբը, դեկտեմբերի 9-ին մեկնարկել է «Հայ ֆեստ» թատերական փառատոնը:

Փառատոնը 2020-ին անցկացվում է օնլայն հարթակում և կրում է «Լինե´լ․ սա խնդիր չէ» կարգախոսը:

Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև Թոմաս Օսթերմայերի «Վերադարձ դեպի Ռեյմս» (Գերմանիա), Սաշա Վալցի «Տիեզերագնացների ծառուղի» (Գերմանիա), Յո Սթրոմգրենի «Կորոնա շարք #10, #25» (Նորվեգիա), Պիպո Դելբոնոյի «Այս վայրի մթությունը» (Իտալիա) ներկայացումները, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների:

«Հայ ֆեստ»-ի օրերին կանցկացվի թատերական մեծ համաժողով՝ «Ինչպես կարող ենք մեկուսացումից հանել թատրոնը մեկուսացման ժամանակ» թեմայով, որին կմասնակցեն տարբեր երկրներում գտնվող ճանաչված թատերական փառատոների տնօրեններ, բեմադրիչներ, թատերագետներ և այլն: Համաժողովի մոդերատորներն են Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի (ԵՓԱ) գլխավոր քարտուղար Քեթրին Դեվենթերը (Բելգիա)  և  թատերագետ, ռեժիսոր, դրամատուրգ, «Театр» ամսագրի գխավոր խմբագիր, «NET» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարինա Դավիդովան (Ռուսաստան)։

Կանցկացվեն նաև վարպետության դասեր, որոնց շրջանակում կխոսվի շատերին հետաքրքրող թեմաների մասին։ Փառատոնի արտերկրի գործընկերները կներկայացնեն այն կարևոր քայլերը, որոնք պետք են թատերական նախագծերի իրականացման համար, կխոսեն նաև նրանց նշանակությունից, անհրաժեշտ հմտություններից՝ կապված արվեստի հետ։

«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

2019-2021 թվականներին Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում: