Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-12-10 17:54
ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ «ԼԵՀԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ» ԾՐԱԳԻՐԸ
«Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը Երևանում անցկացվել է դեկտեմբերի 7-9-ը, եզրափակվել է դասական համերգով, որը տեղի է ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգին ելույթ է ունեցել Armenia լարային քառյակը: Հնչել են Վենյավսկու, Լիպինսկու, Կազանեցկու, Դեբսկու, Կիլարի ստեղծագործությունները։

Ծրագիրը մեկնարկել է «Lazienki Դալան» ցուցասրահում կազմակերպված Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսով, որը տրամադրել էր Royal Łazienki Museum-ը։ Ցուցադրվել է նաև Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ»  ֆիլմը, կազմակերպվել էր Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի շնորհանդեսը։ Իսկ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել են Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» և Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» կինոնկարները։

Նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցը շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր աջակիցներին ու կազմակերպիչներին: «Մեր կողմից աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ հայերն առավել մանրամասն կարողանան ծանոթանալ լեհական մշակույթին: Մենք այս իրադարձության ընթացքում արդեն իսկ ձեռք բերեցինք հրաշալի գործընկերներ և արդեն գիտենք, թե նրանցից ում հետ կաշխատենք հաջորդ տարվա լեհական մշակույթի օրերը կազմակերպելու հարցում»,-նշել է նա:

Նախագիծը կազմակերպել էին լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։