Նյութը՝ Անահիտ Ավագյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-11 19:56
ԱՎԱԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ»
Երևանյան կրկեսի շենքի շինարարական աշխատանքներն ի սկզբանե նախատեսված էր ավարտել 2015թ-ի դեկտեմբերի 31-ին: Բայց ամեն տարի նոր որոշումներով այդ ժամկետը հետաձգվում է:

: ՀՀ կառավարությունը 2020թ. դեկտեմբերի 2-ի նիստում  կայացրեց մի որոշում, որով երևանյան կրկեսի նոր շենքի շինարարության ավարտի հերթական ժամկետ է սահմանել 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս անգամ որքանո՞վ է իրատեսական նախանշված ժամկետում շենքը շահագործման հանձնելը: Այս  և շենքի շինարարության հետ կապված այլ հարցերի մասին է զրույցը «Երևանյան կրկես» ՍՊԸ գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ՀՀ կառավարության որոշման մեջ ասվում է, որ 2019թ. մարտին Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի տնօրենը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը 14.02.2006թ. կնքված թիվ 365-Օ պայմանագրի համաձայն պետք է կատարեր 650 000 000 ՀՀ դրամի չափով ներդրումներ մինչև 31.12.2015թ. և ներդրումների ավարտից հետո, մեկ տարվա ընթացքում, առնվազն մեկ տարի ժամկետով, առնվազն 50 000 ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագիր կնքեր 30 աշխատողների հետ։ Սակայն շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել։  Ի՞նչ  փուլում են դրանք, դեկտեմբերի 2-ին նախանշված ժամկետում կավարտվե՞ն, թե՞ դեռ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խանգարող հանգամանքներ:

-Աշխատանքներն ընթացքի մեջ են, և կանխատեսումներ անել չենք կարող։ Այս տարին բոլորովին այլ էր. քնեցինք-արթնացանք՝ կորոնավիրուսի համավարակ։ Հետո՝ այս սարսափելի պատերազմը: Այդուհանդերձ աշխատում ենք, ներքին հարդարման և ինժեներական  ենթակառուցվածքների  տեղադրման  փուլին ենք հասել:

-Այսինքն՝ ավարտի հստակ ժամկետ կրկին չե՞ք կարող նշել:

-Ո՛չ ժամկետ կարող եմ ասել, ո՛չ ֆինանսական ծավալների հստակ թվեր:         Աշխատանքի մոտ 85%-ը կատարված է, մնացել է 25%-ը: Այսօրվա պայմաններում որքանով հնարավոր է, աշխատում ենք:

- Կորոնավիրուսիբուռն շրջանում աշխատանքները լիովին դադարեցվե՞լ էին:

-Մի քանի օր չաշխատեցինք հակահամաճարակային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով: Հետո աշխատում էինք քիչ հզորությամբ՝ պահպանելով սանիտարական և հակահամաճարակային կանոնները: Ասեմ, որ տարվա ընթացքում աշխատանքային տհաճ անակնկալներն էլ շատ էին:Մատակարարման առումով էլ խնդիրներ եղան: Կան սարքավորումներ, որոնք Հայաստանում չկան, պատվիրում ենք դրսից։ Տեղափոխման խնդիրներ կան։ Ամեն դեպքում հուսով ենք, որ ամենինչ լավ է լինելու:

Հիշեցնենք, որ կրկեսի նոր շենքն  ունի 8 հարկ՝ 6 վերգետնյա և 2 ստորգետնյա: Դահլիճում նախատեսվում է մոտ 2300 նստատեղ: Վերադառնանք ՀՀ կառավարության որոշմանը.     այս տարվա մարտին Պետականի գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, հարցը քննարկվել էր և որոշում էր կայացվել՝ ներել  «Երևանյան կրկես»  ՍՊԸ-ի՝ պայմանագրով ստանձնած ներդրումները չկատարելու հետևանքով հաշվարկված 7,2 մլն ՀՀ դրամ տուգանքի գումարը՝ պայմանով, որ ընկերությունը պարտավորվի ամբողջությամբ ավարտել շենքի շինարարական աշխատանքները 31.12.2021թ.։ Երևանի կրկեսի նոր շենքի շինարարությունը կարժենա 6 միլիարդ ՀՀ դրամ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո, մեկ տարվա ընթացքում կրկեսի ղեկավարությունը պետք է աշխատանքային պայմանագրեր կնքի 30 աշխատակիցների հետ՝ պայմանագրերի կնքելու պահին ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով։