Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-12 08:01
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ԲՈՒԽԱՐԻ
Հնուց է հայտնի՝ մարդը անվերջ կարող է նայել կրակին, ջրին և աշխատող մարդուն։ Կրակի տարերքը հմայում ու գերում է մարդուն, ուժ է տալիս, նպաստում է խոկմանը, մտքերի խաղաղ ընթացքին։

Հենց դա է պատճառը, որ վառարանից բացի մարդն իր տանն աշխատել է ստեղծել նաև բաց օջախ՝ բուխարի, որի մեջ երևում են այրվող փայտերը, և հնարավոր է հետևել կրակի լեզվակների խաղին։ Դարեր շարունակ բուխարին եղել է բնակարանի ներքին հարդարանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը և այսօր էլ չի կորցրել արդիականությունը։ Փոխվել է ձևը, տեսքը, բայց ամենաարդիական ու նորաձև բուխարին անգամ պահպանել է իր գործնական նշանակությունը և կոչված է տաքացնելու տունը։

Հնագույն ժամանակներում կրակը՝ օջախը, այն վայրն էր, որտեղ եփում էին ուտելիքը, որի շուրջն անցկացնում էին գիշերը՝ պաշտպանվելով ցրտից ու գազաններից։ Օջախը սրբագույն վայր էր։ Մեծ դժբախտություն էր, եթե խարույկը, կրակը մարում էր։ Պատահական չէ, որ մի շարք ծիսական արարողակարգերում օգտագործվում է կրակը։ Մեր օրերում դրա ամենավառ օրինակն է քրիստոնյաներիս Սուրբ Զատիկը, երբ վառվող մոմ են հանում Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարից և հասցնում աշխարհի տարբեր անկյուններ։

Կրակի պաշտամունքը շատ ավելի տարածված է եղել հեթանոսության շրջանում։ Ժամանակի ընթացքում թեպետ ի հայտ եկան հրահանն ու կայծքարը, որը հեշտացրեց կրակ ստանալը, բայց կրակի հանդեպ վերաբերմունքը չփոխվեց։ Կրակը քարանձավից աստիճանաբար մուտք գործեց պալատներ։

Հին Հռոմում օջախը տեղադրվում էր շինության մեջտեղում։ Առաստաղի վրա թողնում էին հատուկ ծխնելույզ (հայերիս մոտ՝ երդիկ), որտեղից ծուխը դուրս էր գալիս։

Այդ օջախներն իրենց կառուցվածքով բավական բարդ էին, չափերով՝ մեծ, շրջափակված էին մեծ սյուներով և արձաններով։ Այդպիսի վառարաններ լինում էին նաև տերմերում՝ բաղնիքներում և հարուստ մարդկանց առանձնատներում։ Դրանք բարդ շինություններ էին. կազմված էին մի քանի բաժիններից, որոնք տաքացվում էին բուխարիից սնվող հատուկ ջեռուցման խողովակներով, որոնցով անցնում էր տաք օդը։ Այդ խողովակները, որպես կանոն, անցնում էին կրող պատերի միջով։ Այդ ջերմությունն այնքան գրավիչ էր, որ հենց տաք բաղնիքներում էին վարում բանակցություններ, դաշինքներ կնքում։

Միջին դարերում մեծ ամրոց-պալատներում ի հայտ են գալիս հայտնի բուխարու դահլիճները։ Դրանցում կառուցվող կամ տեղադրվող վառարաններն ունեին ահռելի չափեր, քանի որ ծառայում էին պալատներում ապրող կամ հյուրընկալվող մեծաթիվ մարդկանց համար ուտեստներ պատրաստելուն։ Այդպիսի բուխարիներում հնարավոր էր խորովել մեծ մսակտորներ, նույնիսկ անասունի ամբողջական մարմինը։ Բնականաբար, բուխարի-վառարանը գտնվում էր սրահի մեջտեղում, իսկ ծխնելույզն ամրացվում էր հատուկ բարձակին և ծխատար սյուներին։ Վառարանները պատրաստվում էին թրծված աղյուսից, իսկ բուխարու դահլիճն ասես յուրատեսակ ցուցասրահ լիներ. այնտեղ ցուցադրաբար կախում էին զինվորական և որսորդական ավարը, սպանված կենդանիների մորթիները, իսկ առաստաղը պատկերազարդում էին որսի ու ռազմի տեսարաններ ներկայացնող դեկորատիվ որմնանկարներով։

Վերածննդի դարաշրջանում բուխարին հայտնվում է այսօր մեզ համար սովորական դարձած տեղում՝ պատի մոտ։ Ինտերյերի այդ մասնիկը սկսում են դիտարկել շինության գեղարվեստական ձևավորման տեսանկյունից։ Բուխարիների ձևավորման մեջ սկսեցին օգտագործել տարբեր քարեր՝ մարմար և գրանիտ, դրանք զարդարում էին խճաքարերով։ Բուխարու վերևի հարթ գոգի վրա տեղադրում էին լուսանկարներ, ժամացույց, ճենապակյա արձանիկներ։

Արվեստի ու ճարտարապետության տարբեր ոճերի և ուղղությունների սկզբնավորումն իր ազդեցությունն էր ունենում նաև բուխարիների տեսքի վրա։ Այսպես, գոթական ոճին բնորոշ վեհաշուքությունը դրսևորվում էր ոչ միայն տաճարների ու պալատների կառուցման ժամանակ, այլև շինությունների ներքին հարդարանքում, ինտերյերային դիզայնում։

Այդ շրջանում բուխարիները կառուցում էին կոպիտ գլաքարերից։ Գոթական ամրոցներում ու պալատներում բուխարիները հսկայական չափերի էին։ Դրանցում ասպետները շամփուրի վրա կարող էին ամբողջական ցուլ խորովել։ Բուխարին սովորաբար կառուցում էին պատի մեջ։ Հնոց-կրակարանը կարող էր լինել սենյակի բարձրության կամ մարդու մեկուկես հասակի չափ։ Այդպիսի բուխարիներ պահպանվել են Ֆրանսիայում՝ Մոն-Սեն-Միշել աբբայությունում։ Սրանք իրենցից գեղարվեստական արժեք չէին ներկայացնում։

15-16-րդ դարերում նկարիչներն ու ճարտարապետները կրկին անդրադարձան անտիկ ժամանակների գեղարվեստական գաղափարներին։ Նորաձև դարձան օլիմպիական աստվածների արձանները, սյուները, խոյակները, քառանկյունի հարթ որմնասյուները։ Դրանք լայնորեն կիրառվում էին շինությունների արտաքին ձևավորման նպատակով, սակայն հաճախ տեղ էին գտնում նաև ինտերյերում։ Այդ շրջանում փոխվեց բուխարիների տեսքը. սովորական գլաքարը փոխարինվեց ազնիվ, բարձրարժեք քարերով՝ գրանիտով ու մարմարով։ Բուխարիները սկսեցին զարդարել խճանկարներով, փոփոխության ենթարկվեց նաև դիրքը. բուխարին լիովին «սերտաճեց» պատին։

Բարոկկո ոճը տոնականության ու պերճաշուքության դրսևորումն էր. իտալերենից թարգմանաբար barocco նշանակում է «տարօրինակ, ճոռոմ»։

Եվրոպական պետությունների բարձրաշխարհիկ հասարակությունը ոչ մի հարցում իրեն չէր զրկում ճոռոմ շքեղությունից։ Այդ շրջանում բուխարիները ևս դարձան ավելի զարդարուն ու պերճաշուք։ Մեծացան չափերը, դրանց արտաքին հարդարանքում մեծ տեղ տրվեց ֆլորենտական խճանկարին։ Գեղարվեստական զարդանախշերը ստացան անհամաչափ, «հոսող» ձևեր։ Ավելի հաճախ սկսեցին պատկերել խաղողի որթատունկ ու տերևներ, վարդի ճյուղեր, միջատներ, թռչուններ, կենդանիներ։

Բուխարու հետևի պատը սկսեցին ծածկել չուգունե թիթեղով։ Դրանք զարդարում էին աստվածաշնչյան տեսարաններ կամ ռազմական գործողություններ պատկերող զարդաքանդակներով։ Բուխարու համար որպես շինանյութ օգտագործում էին սպիտակ մարմարը, որի հետ համադրում էին ոսկեզօծ զարդանախշեր։ Բուխարու առջև սկսեցին դնել շրջանակված մետաքսյա էկրան, որի հետևից գեղեցիկ թափանցում էր կրակի լույսը և ստեղծում էր դեկորատիվ էֆեկտ, իսկ էկրանը հավասարաչափ ցրում էր կրակի ջերմությունը։

Սովորաբար շքեղության ու ճոռոմության ժամանակաշրջանին հաջորդում է ավելի զուսպ արտահայտչամիջոցների ժամանակաշրջանը, մարդկանց սկսում են դուր գալ ավելի համեստ և լակոնիկ ձևերը։ Այդպես սկզբնավորվեց կլասիցիզմը, որի ձևավորման հիմքում ռացիոնալիզմի գաղափարներն էին։ Անգլիական ոճի բուխարին ազնվականական հանգստության, նրբագեղության ու պարզության դրսևորումն էր։ Այդ ժամանակաշրջանի բուխարիների հարդարանք-զարդարանքը շատ զուսպ էր։ Ամենատարածված նյութը դարձավ սև մարմարը, որի վրա փորագրվում էին անտիկ ոճի զարդաքանդակներ։ 19-րդ դարի անգլիական բուխարիների մանրամասն նկարագրությունը տեղ է գտել Արթուր Կոնան-Դոյլի «Շերլոկ Հոլմս» վեպում։ Այդպիսի բուխարիներ կարելի է տեսնել նաև այդ ժամանակաշրջանն արտացոլող անգլիական ֆիլմերում։

Ինչպես արդեն ասացինք, արվեստում, ճարտարապետության մեջ ոճերի, ուղղությունների փոփոխությունն անդրադառնում էր նաև բուխարիների տեսքի վրա։ Կլասիցիզմին, բարոկկոյին ու ամպիրին բնորոշ շքեղությունն ու վեհությունը նկատվում էր նաև բուխարիների տեսքում՝վեհաշուք սյուներ, ռազմական սյուժեներ, զենքեր, դափնեպսակներ։ Բոնապարտի եգիպտական արշավանքից հետո բուխարիների ձևավորման մեջ տեղ գտան սֆինքսի արձանի նմանակները և եգիպտական զարդանախշերը։ Բարձրաքանդակներով զարդարված և մեծ չափերի  բուխարիների պատրաստման նյութը դարձավ միայն մարմարը։

Ժամանակի ընթացքում բուխարին ավելի ժողովրդականացվեց, տարբեր խավերի ներկայացուցիչ ավելի մեծ թվով մարդիկ կարող էին իրենց թույլ տալ տներում բուխարի ունենալու հաճույքը։ Բայց հասարակ եվրոպացիներին խորթ ու ձանձրալի էր այդ ճոռոմությունը։ Նրանց հոգեհարազատ էր բնականությունը, հանգիստ ու զուսպ կյանքը։ Այդպես ծնունդ առավ քանթրի կամ կոշտաքարային ոճը՝ գյուղական հովվերգություն, գեղեցիկ հովվուհիներ, ուրախ ու անհոգ, գողտրիկ ու փոքրիկ նկարներ։

Այս ամենն իր արտացոլումը գտավ նաև գրականության մեջ. գովերգում էին գյուղական կյանքը, պարզունակ ճարտարապետությունը, հյուսածո կահույքը, պլեդ-ծածկոցները և այն ամենը, ինչը կարող էր աչք շոյել. գեղեցիկ հնությունը, խաղաղ ու անվրդով առօրյան։ Բուխարիները պատրաստվում էին հասարակ աղյուսից, ծխատարը թաքցվում էր բարակ տախտակի տակ։ Քանթրի ոճի ամենավառ ներկայացուցիչները դարձան հոլանդական բուխարիները։

Ճարտարապետության և շինարարության ոլորտում ժամանակի ընթացքում ամեն ինչ փոփոխվել է և՛ տեխնոլոգիայի, և՛ նյութերի, և՛ դիզայնի առումով։ Այսօր նորաձև է հայ-տեկ ոճը, որի գլխավոր շինանյութը ապակին է (կամ դրան փոխարինողները)՝ համադրված մետաղի հետ։ Ժամանակակից հայ-տեկ բուխարու մետաղական մասերը շողշողում են, ունեն անհավանական ձևեր, որոնք ավելի շուտ տիեզերանավ են հիշեցնում, քան թե սովորական տնային վառարան։

Այդպիսի բուխարիներ պատրաստելիս օգտագործում են ժամանակակից հրակայուն նյութեր (ապակի, չժանգոտվող պողպատ, հատուկ պլաստիկ, կերամիկա)։ Կողքի հենասյուները կարող են լրիվ բացակայել, օջախը կարող է լինել սենյակի կենտրոնում, իսկ օդափոխիչը՝ պարզապես կախված լինել առաստաղից։ Այդպիսի բուխարին կարելի է հեշտությամբ տեղափոխել, տանել՝ ուր ուզենաք։ Հայ-տեկ բուխարիների գծերը շատ կտրուկ են, կարող են հատվել ամենաանհավանական անկյան տակ։ Այդ բուխարիներում ամեն ինչ հիշեցնում է քաղաքակրթության և գիտատեխնիկական առաջընթացի մասին։

Վերն ասվածն ամենևին էլ չի նշանակում, թե այսօր միայն գերժամանակակից բուխարիներն են հարգի։ Ամենևին։ Նախասիրություններից ու ճաշակից կախված՝ բուխարին այսօր կարող է լինել ցանկացած ոճի կամ ներառել մի քանի ոճերի խառնուրդ։ Գլխավոր չափորոշիչներն են՝ չափերի սահմանափակությունը (այսինքն՝ բուխարու չափերը պետք է համեմատական լինեն սենյակի կամ ընդհանուր տարածքի հետ), կիրառականությունը, մասամբ էր՝ ոճի միասնությունը։

Անկախ դիզայնից ժամանակակից բուխարին թույլ է տալիս վայելել կրակի ջերմությունը հրակայուն ապակու ետևից, հեռացնել մոխիրն առանց կրակը մարելու։ Այսօրվա բուխարին աշխատում է ոչ միայն փայտով կամ ածուխով, այլև էկոլոգիապես մաքուր վառելանյութով, որը ստեղծված է հատուկ այդ նպատակի համար։ Ժամանակակից բուխարիների ՕԳԳ-ն կազմում է 75%։

Ժամանակակից բուխարին նաև հասարակական դիրքի, հարգի խորհրդանիշ է. այն տանտիրոջ անհատականության յուրահատուկ հայելին է, ճաշակի և ոճի արտահայտությունը։ Եվ այս պարագայում գինն այնքան էլ որոշիչ չէ…