Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-12 08:05
ՓԵՏՐԱԿՈՒՐՏԿԱՆԵՐ
Նորաձև փետրակուրտկաները՝ պուխովիկները, ձմեռային զգեստապահարանի անփոխարինելի հագուստներից են։

Դրանց հիմնական տարրերը ծավալուն օձիքը կամ գլխանոցն է՝ կնգուղը, ընդարձակ գրպանները, գոտին կամ կուլիսկան՝ չերևացող ձգափոկը։ Մկդակումը հիմնականում այնքան էլ հաճախ չի հանդիպում։

Առավել արդիական են ծավալուն մոդելները։ Սեզոնի հիթն առանց ավելորդ գեղատարրի հարմարավետ ծածկոց փետրակուրտկաներն են կամ սպորտային տարրով մոդելները։

Տարածված թրենդներ են նաև կարճ՝ մինչև ազդրերը հասնող կամ գոտկատեղից շատ քիչ ցածր փետրակուրտկաները։

Պերճաշուք տեսք ունեն ձևվածքով վերարկու հիշեցնող փետրակուրտկաները։ Դրանք հաճախ ծալովի օձիք ունեն, ուղիղ թևքեր առանց ռետինաերիզների և գոտի։ Նախընտրելի է ազատ ուրվագիծը։ Bevza ապրանքանիշը ներկայացրել է դիմափոշու գույնի շքեղ մոդել նույներանգ մորթե ճոխ օձիքով։

Շատ դիզայներներ իրենց մոդելներում օգտագործել են մորթե զարդարանք. մորթին կարող է զարդարել վրադիր գրպանները, օձիքը կամ կնգուղը։ Գլխավորը՝ մորթե գեղատարրը պաճուճավոր չպիտի լինի։

Զանց չեն առնվել անսովոր թևքերով փետրակուրտկաները։ Դիզայներները իրենց հավաքածուներում ներառել են կարճեցված, զանգաձև և անգամ արձակվող թևքեր։

Շարունակում են նորաձև մնալ անթևիկ փետրակուրտկաները, որոնցով կարելի է հետաքրքիր համադրություններ ստեղծել։

Ոճային տեսք ունեն նաև բազմաշերտ մոդելները. օրինակ՝ փետրակուրտկաների տակից կարելի է հագնել մկդակած թեթև անթևիկ։ Արդիական են նաև բազմաշերտության տպավորություն ստեղծող փետրակուրտկաները։

Անչափ հետաքրքիր տեսք ունեն անհամաչափ փետրակուրտկաները, և՛ երկարները, և՛ կարճլիկները։

Փետրակուրտկաների գործվածքները կարող են լինել և՛փայլատ, և՛ փայլուն։ Անսովոր տեսք ունեն կերպաս նմանակող կամ թավիշից մոդելները։ Արդիական են նաև ոսկեփայլ կամ արծաթափայլ մետաղազօծ կտորները։ Որոշ դիզայներներ իրենց մոդելներում վինիլ են օգտագործել։ Այդ կտորները կարող են օգտագործվել նաև մանժետները զարդարելու կամ փետրակուրտկաների այլ տարրերի համար։ Գունախաղով գործվածքների վրա ակնահաճո է նաև տրեզը՝ ժապավենաթելը։

Նորաձև հավաքածուներում կան նաև կաշվե պրակտիկ փետրակուրտկաներ։

Ինքնատիպ տեսք ունեն այն մոդելները, որոնցում համակցվում են տարբեր գործվածքներ։ Ցայտերանգությունը կարող է և՛ վառ ընդգծված լինել, և՛ հազիվ նկատելի։ Շատ պրակտիկ է երկկողմանի փետրակուրտկան, որը կարելի է շրջել և հակառակ երեսով հագնել. այդ դեպքում կունենանք մի մոդել և երկու գույն։

Սեզոնի ոճային թրենդ է աչք ծակող դաջանախշով՝ ծաղկային, աբստրակտ, կենդանական, փետրակուրտկան։ Արդիական են նաև վանդականախշը, զոլերը, սիսեռանախշը և գազանիկների զանազան նկարները։ Ճոխ տեսք ունեն վիկտորյան նախշերը։

Կան նաև ստրազներով կամ ժանյակե ներդիրներով մոդելներ, որոշ մոդելներում կայծակ շղթաները փոխարինված են կոճակներով կամ կոճգամներով։

Փետրակուրտկաների գունապնակը բավական ընդգրկուն է։ Դասական սևից ու սպիտակից բացի հաճախ են օգտագործված կարմիրը, գինեգույնը, կոբալտագույնը, կանաչը, շոկոլադագույնը։ Ամենաթրենդայինը նեոնային երանգներն են։ Եթե ցանկանում եք ինքնատիպ երևալ, ընտրեք մարջանագույն և անանուխագույն, վարդագույն, բաց մանուշակագույն կամ նարնջագույն երանգներ։