Նյութը՝ Վլադ Մուրադյանի
Լուսանկարները՝ Զրուցակցի անձնական արխիվից
Տեղադրվել է 2020-12-13 15:54
ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ. «ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԸ ԶԳՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԻ ԶԱՐԿԸ »
Դեկտեմբերի 9-ին առցանց տիրույթում իր աշխատանքն սկսեց «Հայ Ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնը «Լինե´լ․ սա խնդիր չէ» (“To BE! That's not a question!”) կարգախոսով։

Այն կավարտվի դեկտեմբերի 15-ին։ Սովորաբար փառատոնը տեղի էր ունենում հոկտեմբեր ամսին։ Նոր ձևաչափով մեկնարկած փառատոնի մասին զրուցում ենք «Հայ Ֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանի հետ։

-Հետաձգման պատճառը բոլորիս է հայտնի՝ պատերազմը։ Փառատոնի բացումը տրվեց Նովոսիբիրսկի «Կրասնի ֆակել» թատրոնի «Օնեգին» ներկայացումով, որը բեմադրել է ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը։ Ներկայացումն արժանացել է «Ոսկե դիմակ» ռուսական ազգային թատերական մրցույթի ժյուրիի մրցանակին։ Ձեռք ենք բերել աշխարհահռչակ ևս 4 ներկայացման մեկանգամյա ցուցադրության իրավունք։ Խոսքը Թոմաս Օսթերմայերի «Վերադարձ դեպի Ռեյմս» (Գերմանիա), Սաշա Վալցի «Տիեզերագնացների ծառուղի» (Գերմանիա), Յո Սթրոմգրենի «Կորոնա շարք #10, #25» (Նորվեգիա) և Պիպո Դելբոնոյի «Այս վայրի մթությունը» (Իտալիա) ներկայացումների մասին է։  

-Տեղյակ եմ, որ հետաքրքիր օնլայն ռազմավարություն եք մշակել․ համաժողով, վարպետության դասեր։ Բացենք փակագծերը։   

-Փառատոնի օրերին կանցկացվի թատերական մեծ համաժողով՝ «Ինչպես կարող ենք մեկուսացումից հանել թատրոնը մեկուսացման ժամանակ» թեմայով։  Համաժողովի մոդերատորներն են Եվրոպական փառատոների ասոցիացիայի (ԵՓԱ) գլխավոր քարտուղար Քեթրին Դեվենթերը (Բելգիա)  և  թատերագետ, ռեժիսոր, դրամատուրգ, «Театр»  ամսագրի գխավոր խմբագիր, «NET» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարինա Դավիդովան (ՌԴ)։ Հիմնական բանախոսներն են տարբեր երկրների ճանաչված թատերական փառատոների տնօրեններ, հանրահայտ բեմադրիչներ, թատերագետներ, արվեստի գործիչներ Նորվեգիայից, Իռլանդիայից, Իտալիայից, Վրաստանից, Բրազիլիայից, Բոսնիա և Հերցեգովինայից։ 

«Հայ Ֆեստ» փառատոնն առաջիկա օրերին իր գործընկերների աջակցությամբ կներկայացնի նաև վարպետության դասերի մի ամբողջ շարք։ Այս վարպետության դասերի շնորհիվ մենք կփորձենք խոսել շատերին հետաքրքրող թեմաների մասին։ Մեր արտերկրի գործընկերները կներկայացնեն այն կարևոր քայլերը, որոնք պետք են թատերական նոր նախագծերի իրականացման համար։

-Որքանով հասկացա, դրանք հիմնականում նեղ մասնագիտական շրջանակի համար են։ Կհետաքրքրե՞ն արդյոք միջոցառումները թատերասեր հանրությանը։

-Այո, վարպետության դասերը հիմնականում խիստ մասնագիտական են, բայց կան թեմաներ, որոնք կհետաքրքրեն նաև թատրոն սիրող մարդուն։

-Ասացիք, որ բեմադրվել են ներկայացումներ կորոնավիրուսի մասին։ Այդպիսի մի ներկայացման ցուցադրության բացառիկ իրավունքը Դուք ստացել եք։ Ի՞նչ եք կարծում, եկե՞լ էր դրա ժամանակը։ 

-Լենինգրադի շրջափակման ժամանակ անգամ մշակութային կյանքը չէր դադարել:

Կարծում եմ՝ ստեղծագործող մարդը զգում է ժամանակի զարկը։

-Պարոն Ղուկասյան, Ձեր թվարկած ներկայացումները շատ գրավիչ են։ Հասկանալի է, որ թատրոն սիրող մարդու համար բացառիկ հնարավորություն է ստեղծված։ Առհասարակ կարո՞ղ է տեսագրությունը փոխանցել ներկայացման ողջ հմայքը։

-Մեր փառատոնի շրջանակում ցուցադրվող ներկայացումների տեսագրություններն արվել են համաճարակից առաջ և շատ բարձր որակ ունեն։ Ինչ վերաբերում է առցանց ներկայացումներին կամ համերգներին, ապա դրանք ավելի շատ ակցիաներ են, համենայն դեպս, ինձ համար։ Թատրոնը կենդանի շփում է պահանջում, բայց պետք չէ մոռանալ, որ ժամանակակից թատրոնը սահմաններ չի ճանաչում։ Կային ժամանակներ, որ մեզ համար նոր էր մուլտիմեդիային թատրոնը։ Անցավ ժամանակ, և մարդիկ այլ կերպ սկսեցին ընկալել թատրոնի այս տեսակը։

-Այնուամենայնիվ, որքանո՞վ դժվար կլինի հանդիսատեսին վիրտուալ տիրույթից ետ բերել թատրոն։ 

-Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Մարդիկ կվերադառնան իրենց բնականոն կյանքին։ Եթե անգամ 2021-ին կորոնավիրուսը լիովին չնահանջի, ապա, առավել քան համոզված եմ, որ նոր ու հետաքրքիր ձևաչափեր կստեղծվեն։ 

Լինե՛լ, սա խնդիր չէ» կարգախոսը շատ համահունչ է օրվա պահանջին։ 

-Այո՛։ «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն իր գոյության ընթացքում պայքար է մղել մշակութային ու կրթական ոլորտների զարգացման համար։ Համավարակի և հետպատերազմյան շրջանում «Հայ Ֆեստ»-ը հավատարիմ է մնում  իր կարևորագույն առաքելությանը։ Պատերազմի ողջ ընթացքում թիկունքն աչքի է ընկել իր ակտիվ գործունեությամբ՝ ցուցաբերելով ցանկացած պահի զինվոր դառնալու իր պատրաստակամությունը։ Պատերազմի դաշտում եղել են բազմաթիվ արվեստի գործիչներ, որոնք և՛ կռվել են, և՛ ստեղծագործել: Մեր հարգանքի տուրքն ու շնորհակալությունն ենք հայտնում բոլոր զինծառայողներին և այն արվեստագետներին, որոնց ստեղծագործական կյանքն ընդհատվեց այս պատերազմում։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել նաև մեր բոլոր այն գործընկերներին, որոնք, առաջնորդվելով մարդասիրական, խաղաղասիրական մղումներով, աջակցեցին մեզ՝ բարձրաձայնելով Արցախի Հանրապետությունում կատարվածի մասին։

Պատերազմից հետո ուժերի վերականգման կարևոր քայլերից մեկը կրթության և մշակույթի զարգացումն է։  Այժմ մեզանից յուրաքանչյուրն իր առջև խնդիր պետք է դնի՝ կրթվե՛լ ու զարգանա՛լ, քանի որ բոլորս ենք զինվոր և պարտավոր ենք լրջությամբ մոտենալ մեզ բաժին հասած ծառայությանը: Հենց այս ամենի շնորհիվ մենք կհասնենք մեր հաղթանակին: «Լինե՛լ, սա խնդիր չէ» կարգախոսը օրվա հրամայականն է։

Հ․Գ․ «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: 2019-2021թթ. Եվրոպական փառատոների ասոցիացիան 715 եվրոպական փառատոներից «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում: