Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-14 08:34
ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԵՋ Է ԱՇՈՒՆ-ՁՄԵՌԸ
Նորաձևության համաշխարհային հանրահայտ ապրանքանիշների ցուցադրություններն ի հայտ բերեցին աշնանային-ձմեռային սեզոնի նոր միտումները։

Շատ հայտնի Նորաձևության տան շքեղ հավաքածուի հիմնական գույնը սևն էր։ Որոշ մոդելներում սևը համակցված էր սպիտակի, կարմիրի և տարատեսակ ոսկեգույն տարրերի հետ։ Սև թավիշի և թափանցիկ շղարշի համակցումը ստեղծել էր առանձնակի պերճաշուք կերպարներ։ Սրանից բացի դիզայները օգտագործել էր մոխրագույնն ու polka dot դասական դաջանախշերը։ Զգեստներից ու բլուզներից շատերը զարդարված էին ժապավենակապ օձիքներով։ Ուշարժան էին հատկապես զմրուխտականաչ և վառ մանուշակագույն երանգների զգեստները։

Դիզայների խոսքով՝ իսպանական Անդալուզիայով ոգեշնչված կերպարները իրենց մեջ ներառել են տարազան բոլորածալեր, ժանյակներ և այսօր առանձնապես արդիական ծավալուն թևքեր։

Ինքնատիպ տեսք ունեին ժակետներն ու վերարկուները, որոնց թևքերը գեղազարդված էին բոլորածալերով, պրակտիկ պանչոները, հարմարավետ պլյուշե վերարկուները և բազմահարկ բոլորածալերով անհամաչափ փեշերը։ Ամենօրյա կերպարներ էին ստեղծվել բրդյա լայն տաբատ+կիպ վոդոլազկա համակցություններով։ Երեկոյան հագուկապի համար դիզայներն առաջարկել է թավիշից տոնական զգեստներ, կիսաթափանցիկ բլուզներ, մաքսի փեշեր։ Հավաքածուի հիմնական գունափունջը բաղկացած է բեժ և դարչնագույն երանգներով, ինչպես նաև նավաստիական զոլերով բացված սևից, սպիտակից, մոխրագույնից։

Ազատ ոճը ներկայացված է Bar ժակետի հետ տաբատով ու փեշով կոստյումով։ Այս ժակետը, որ ստեղծել է Քրիստիան Դիորը, լեգենդար մոդելագործի խոսքով՝ բարերում «երջանիկ ժամեր» անցկացնելու համար, նախատեսված է պայմանականություններից ազատ կանանց համար և արդեն վաղուց նոր ժամանակների խորհրդանիշ է դարձել։ Սրանից բացի հավաքածուում կային վանդականախշ հագուստներ, կաշվե և բամբակյա կոմբինեզոններ, շեղանկյունիներից կամ քառակուսիներից շախմատաձև հերթագայությամբ զուգահեռ և լայնակի տարբեր գույների զոլեր գոյացրած արգայլ նախշով փքաբաճկոններ և փուլովերներ։ Մարդամեջ դուրս գալու համար դիզայներն առաջարկել է թափանցիկ զգեստներ և երկար ծոպերով մոդելներ։

Carolina Herrera ապրանքանիշը ներկայացրել է դիզայներ Ուես Գորդոնը՝ իր մոդելներում միավորելով պերճագեղությունը, ռոմանտիկությունը և անկաշկանդությունը։ Նրա ստեղծած բոլոր կերպարներն առանձնահատուկ էին անսովոր ձևերի թևքերի, ճոխ բոլորածալերի, գեղեցիկ բանվածքի, ժակարդե ցայտերանգ նախշի և անսովոր աքսեսուարի շնորհիվ։ Հավաքածուի գունապնակը բաղկացած էր կարմիրի, դեղինի, կապույտի, կանաչի, նարնջագույնի և վարդագույնի վառ երանգներից։

Կանանց և արանց համար ստեղծված հագուստներում այս սեզոնում օգտագործված էին համանման դաջանախշեր, գունափունջ և հումք։ Կանանց հավաքածուում կային ցանկահարույց մինի զգեստներ և փեշեր, պրակտիկ տրիկոտաժե հագուստներ, ինչպես նաև այրական ոճի ժակետներ, կոստյումներ և վերարկուներ։

Երեկոյան հագուստներից առանձնակի ուշադրություն էին գրավում օղազրահ հիշեցնող փայլփլուն մինի զգեստները, որոնք դյութել էին բոլորին ինչպես իրենց փայլով, այնպես էլ մարմինը մերկացնելով։

Այս աշնանը աչք է շոյում վանդակավոր տարտան նախշով, ոսկեգույն կոճակներով գեղազարդված սև-կարմիր գործվածքից երկփեշ ժակետը։ Հավաքածուում կան նաև լատեքսից կոկտեյլային զգեստներ և փեշեր, լաքե սև լոսինաներ, կաշվից ու ժանյակից բոդի և բրա, վարդակապ օձիքով մետաքսյա բլուզներ, մորթե վառ գույնի կիսամուշտակներ, բոտֆորտներ և բազում այլ հանդերձներ։ Հավաքածուի հիմնական գունապնակը բաղկացած է կարմիրից, բորդոյից, կապույտից, բաց մանուշակագույնից, զմրուխտագույնից, մանանեխագույնից և ֆուքսիայի տարբեր երանգներից։

Մի շաք նոր հավաքածուներում հիմնական շեշտը դրված է hand made հանդերձների վրա։ Ներկայացված են հելունով հյուսված հոյակապ փուլովերներ, զգեստներ, ժակետներ։ Ցուցադրության զարդը դարձան երփներանգ խալաթ զգեստները, որոնք առանձնահատուկ տրամադրություն ստեղծեցին։

Որոշ հավաքածուների գլխավոր տարրերն են կիսաթափանցիկ մոդելները, ճոխ թևքերով հագուստները, մետաքսի ու գունատ վարդագույն երանգների թավշի օգտագործումը։

Հայտնի տների հավաքածուներում օգտագործվել են դետալներ 70-ականների նորաձևությունից՝ գործնական կոստյումներ, թեթև բլուզներ, բարձրացված գոտկատեղով զանգաձև՝ կլյոշ տաբատներ, մատիտ փեշեր, հարմարավետ միդի զգեստներ և փափուկ տրիկոտաժից մոդելներ, սև ժանյակից կիսաթափանցիկ տոնական զգեստներ, սուր օձիքներով վերնաշապիկներ և վառ գույների վանդականախշ հանդերձներ։

Նոր հավաքածուներում շատ է սևը, որը հաճախ բացվում է մոխրագույնով ու սպիտակով, իսկ հանդիսավոր դեպքերի համար՝ փիրուզագույնով, զմրուխտագույնով և շափյուղայի գույնով՝ կապույտի մուգ երանգով։ Մոդելները ճեմում էին հարթակով փայլերով կոկտեյլային մինի զգեստներով ու մոհերից բոլերոներով, լայն տաբատներով կամ շորտերով կոստյումներով, մկդակած ճոխ փեշերով ու հարմարավետ լայն վերարկուներով, խոշոր վանդակավոր ու «սագաթաթ» նախշերով հագուստներով։ Որպես աքսեսուար էին ծառայում կոտելոկ բոլորագլխարկներն ու լայն փողկապները։

Ֆրանսիական հայտնի Տունը նախապատվությունը տվել է նրբագեղ բոհեմիկ գեղագիտությանը՝ ներկայացնելով ոճային միագույն կերպարներ։ Չեզոք գունափնջերով ստեղծված մինիմալիստական ոճի հանդերձներում դիզայները հմտորեն օգտագործել է 80-ականների նորաձև ուրվագծերը։ Առանձնակի հետաքրքրություն առաջացրին ընդգծված ուսերով մոդելները, գերկարճ հանդերձները, բանան տաբատները, ծփուն փեշերը, օվերսայզ ոճի մոդելները և գոտիով պլյուշե վերարկուները։ Մոռացված չէին նաև ծաղկային, փայտափորագրման ոճով ստեղծված դաջանախշերը, ինչպես նաև գրասենյակային զգեստներն ու կոստյումները։ Հավաքածուի բոլոր մոդելները լրացված էին ֆիրմային երկարաճիտքերով։