Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ Erit.am
Տեղադրվել է 2020-12-15 08:57
ՆՈՐ ՄԱՐԶԱԳՈՒՅՔԸ՝ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԹԱՆ
Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈՒԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ այս տարեսկզբին կյանքի էր կոչել «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի ու տարբեր մարզաձևերի խթանումն էր։

Հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցել էին հանրապետության տարբեր մարզերի 69 դպրոցներ։ Հաղթողները պիտի ստանային 1-միլիոնական դրամ արժողությամբ նոր մարզագույք։ Այսօր արդեն հայտնի են հաղթող 16 դպրոցները։ Դրանց թվում է նաև Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը։ Զրուցում ենք կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանի հետ։

-Ինչպիսի՞ն էին մրցույթի պահանջները։ Ինչպե՞ս էին որոշվելու հաղթողները։

-Աշակերտները պետք է պատրաստեին 10 րոպեն չգերազանցող տեսահոլովակներ, պատմեին իրենց կյանքում սպորտի կարևորության, իրենց դպրոցի մարզական նվաճումների և առաջիկա ծրագրերի մասին։ Շատ ուրախացանք,  երբ իմացանք, որ մեր սաներն իրենց նկարած հոլովակով կարողացել են այնպես ներկայացնել սպորտի հանդեպ իրենց սերը, դպրոցում կատարվող աշխատանքը, որ 15 այլ դպրոցների թվում մեր կրթօջախը ևս հաղթող է ճանաչվել։

-Ի՞նչ մազագույքով է համալրվել կրթօջախը։

-Ստացել ենք թենիսի սեղան, սպորտային ներքնակներ, այծիկ և ոստնակ, ըմբշամարտի մանեկեն, ֆուտբոլի, վոլեյբոլի, հանդբոլի ցանցեր, բասկետբոլի զամբյուղներ, բազմապիսի գնդակներ, ցատկապարաններ, օղակներ և այլ պարագաներ։

-Նոր մարզագույքն արդեն դպրոցում է։ Ինչպե՞ս կանդրադառնա այդ ամենը ֆիզկուլտուրայի դասերի, սաների մարզական ձեռքբերումների վրա։

-Նոր մարզագույքը, իսկապես, շատ է ոգևորել մեր սաներին։ Պետք է նշեմ, որ ֆիզկուլտուրայի մեր ուսուցիչների՝ Հասմիկ Թորոսյանի և Լիա Բադալյանի ջանքերով այս առարկան դպրոցում ամենասիրվածներից է։ Կրթօջախում գործում է նաև ըմբշամարտի խմբակ, որը ղեկավարում է Արգիշտի Բաբայանը։ Համոզված եմ՝ նոր մարզագույքը հնարավորություն կտա էլ ավելի հետաքրքիր դարձնել ֆիզկուլտուրայի դասերը։ Հույս ունեմ նաև, որ մեր ըմբշամարտիկները կկարողանան մասնակցել հեղինակավոր մրցումների և վերադառնալ հաղթանակներով։

Նոր մարզագույք ստանալու առթիվ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր էին այցելել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը, հյուրեր։ Ու թեպետ համավարակի հետևանքով ամենատուժած առարկաներից մեկը ֆիզկուլտուրան է, այնուամենայնիվ կրթօջախի սաները հյուրերի առաջ ցուցադրեցին իրենց սպորտային հմտությունները՝ տարբեր արգելքների հաղթահարումով փոխանցումավազքից մինչև ըմբշամարտ, ներկայացրին նաեւ համերգային համարներ։ «Խաղաղության խորհուրդ» երգի կատարումը հուզեց բոլորին։

Հյուրերը շնորհավորեցին դպրոցի ոսուցիչներին և սաներին։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը նկատեց, որ երեխաների ոգևորությունն ինքնին վկայում է ծրագրի հաջողության մասին։ Իսկ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի, և տարեցտարի ավելի շատ երեխաներ կստանան մարզվելու, իրենց ֆիզիկական կարողությունները էլ ավելի զարգացնելու հնարավորություն։