Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-16 08:49
ՍԵՂՄԻՐԱՆ. ԵՐԿԱՐ ՈՒ ՁԻԳ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Կանանց զգեստապահարանի մի քանի իրեր մեզ են հասել շատ հին ժամանակներից։

Այսպես, կանայք սեղմիրան հագել են դեռևս հին հույների ժամանակներից, իսկ Նոր Գվինեայում երեխայի մեջքին պինդ գոտի էին կապում, որպեսզի ամբողջ կյանքում  բարակ իրան ունենար։ Ժամանակի ընթացքում սեղմիրանները արդիականացվեցին։ 16-րդ դարում և 17-րդ հարյուրամյակի սկզբին Իսպանիայում նորաձև էին նեղ իրանն ու փոքր կուրծքը։ Սեղմիրաններն այստեղ մետաղյա էին, հատուկ պտուտակներով, որոնց օգնությամբ կազմվածքը առավելագույնս ձգում էին, իսկ կուրծքը տափակեցվում էր փայտե ափսեներով սեղմելով։ Ազնվազարմ կանանցից ոմանք այնքան ուժեղ էին ձգում իրենց, որ խեղում էին իրենց ներքին օրգանները։

18-րդ դարի կեսերին այդ ՙպատյանները՚ սկսեցին արգելել, քանի որ դրանք վնաս էին հասցնում կանանց առողջությանը։ Սեղմիրանների մեջ փայտիկների կամ մետաղյա ձողիկների փոխարեն սկսեցին ներհյուսել կետի ճկվող բեղ։ Ռոկոկոյի դարաշրջանում սեղմիրանները սկսկեցին կարել փափուկ գործվածքներց՝ սատինից, մետաքսից կամ կերպասից։ Դարձյալ նորաձև դարձան փարթամ կուրծքն ու բարակ իրանը։ Ֆրանսիական հեղափոխությունը ազատությունը տարածվեց նաև նորաձևության վրա։ Երևան եկավ ամպիր ոճը՝ բարձրացված գոտկատեղով, որ պահում էր կուրծքը։ Սեղմիրանը սկսեց առավելապես ուսափոկերով, կրծքի տակ տեղադրված գոտի հիշեցնել՝ ժամանակակից կրծկալի նախատիպը։

18-րդ դարում ի հայտ է գալիս ՙպանյեն՚՝ քուղակապումով կրծկալը, որը կրում էին հատուկ օղակներով փեշի հետ, իսկ 18-րդ դարի վերջին սկսեցին օգտագործել լայն ձգող կաշեգոտու տեսքով սեղմիրան։

Սեղմիրանների արդյունաբերական արտադրությունը սկսվեց 1820թ.։ 1880-ին սկսեց հարգի դառնալ ՙՊոմպադուր՚ մոդելը՝ կարճ սեղմիրանը, որը հետևում ու առջևում ավարտվում էր սուր անկյունով։ 1886թ. Յոզեֆ Ուելսը Ֆիլադելֆիայից սեղմիրանին այլընտրանք առաջարկեց՝ մետաղալարից զամբյուղի տեսքով կրծկալ։

19-րդ դարավերջին իսկական պատերազմ սկսվեց սեղմիրանների դեմ։ Դրանց թունդ հակառակորդներից մեկն էլ ֆրանսիացի գրող Ժորժ  Սանդն էր։

Տարիներ անց սեղմիրանների դեմ պայքարը ավելի լայնածավալ դարձավ։ Հիգիենայի մասնագետները այս կանացի հագուստը հակաբնական ու վնասակար հայտարարեցին։ Ժամանակի նորաձևության արքա Պոլ Պուարեն նույնպես ակտիվորեն մասնակցում էր սեղմիրանների դեմ պայքարին։ Նրան աջակցում էին Այսեդորա Դունկանը և Մատա Հարին։

1900թ. ստեղծվեց սեղմիրանի հատուկ տեսակ, որը կազմվածքին նրբագեղ S տառի ուրվագիծ էր հաղորդում։ Այսպիսով կուրծքն ավելի շահեկան տեսքով էր ներկայացվում, իսկ փորը չէր սեղմվում։

1903թ. Փարիզի բժշկական ակադեմիայի բժիշկ, ֆրանսուհի Գոշ Սարոն սեղմիրանը երկու մասի բաժանեց. վերևի մասը իրենից կրծկալ էր ներկայացնում, իսկ ներքևինը՝ գոտի։  20-րդ դարի 20-ական թվականներին հարգի էր ուղիղ սեղմիրանը, որը, սակայն, ձևափոխում էր կուրծքը։ 30-40-ականներին ի հայտ եկան ավելի հարմարավետ սեղմիրաններ, որոնք ամբողջությամբ համապատասխանում էին մարդու կազմախոսությանը։

Որպես կանոն, սեղմիրանը քուղակապումով էր, բայց հաճախ քուղերին փոխարինում էին զանազան ախլակները։ Այսօր նորաձև են սեղմիրաններն ու բյուստյեն, որոնք կարելի է կրել տոպի փոխարեն։ Դիզայներները դրանցում օգտագործում են ինչպես քուղակապումը, այնպես էլ կայծակ-շղթաները։

Այդ մոդելները հատկապես ոճային տեսք ունեն ջինսե ե մետաքսյա տաբատների հետ։