Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-16 08:56
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ԱՇԽԱՐՀԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԸ
Չեխիայում առանձնակի բծախնդրությամբ են զարդարում տոնածառը։ Սովորաբար դա անում են դեկտեմբերի 24-ի երեկոյան։ Օրվա այդ հատվածը անվանում են առատաձեռն։

Սեղանի կենտրոնում դրվում է չամանով տապակած ծածան։ Ձուկը գնում են կենդանի վիճակում, մի քիչ թողնում են, որ լողա լոգատաշտի մեջ, ապա նոր՝ այն հայտնվում է տոնական սեղանին։

Հունգարիայում կաթոլիկների և բողոքականների Ծննդյան սեղանի ճաշացուցակում զգալի տարբերություններ կան։ Կաթոլիկները խիստ հաջորդականություն են պահպանում ինչպես ճաշատեսակների հերթականության, այնպես էլ բազմազանության առումով։

Սեղանի գլխավոր ճաշատեսակը խոզի գոճին է, որը, ըստ ավանդության, պետք է ընտանիքին երջանկություն բերի։

Դանիայում Ծննդյան տոների նախապատրաստությունը սկսվում է 2 ամիս առաջ։ Փողոցներում և հրապարակներում հայտնվում են գեղեցիկ զարդաշղթաներ, թղթից կամ մետաքսից պատրաստված կարմիր սրտիկներ և ծղոտե այծիկներ։ Քաղաքի գլխավոր հրապարակում՝ ռատուշայի մոտ դրվում է գլխավոր եղևնին, իսկ դրա տակ մեծ ապակե արկղ, որի մեջ դրամ են գցում ուրիշ երկրների աղքատ երեխաների համար։

Դեկտեմբերի 24-ի երեկոյան նստում են ընթրիքի սեղանի շուրջը, որի գխավոր ուտեստը ավանդական բադն է՝ խնձորներով։

Գերմանիայում նախատոնական զվարճությունները շատ ավելի վաղ են սկսվում, քան Ավագ շաբաթը։ Ավանդույթի համաձայն, որը ծնունդ է առել դեռևս 16-րդ դարում, շուրջ 200 քաղաքներում նոյեմբերի վերջին շաբաթը բացվում են տարեմուտյան շուկաները։ Տոնավաճառները բացվում են ռատուշային հարող գլխավոր հրապարակում։ Առևտրականներն ու վաճառողները հագնում են միջնադարյան գեղեցիկ և զարդարուն տարազներ և վաճառում տոնածառի խաղալիքներ, նվերներ, կոճապղպեղով հաց, տաք գինի և բոված շագանակներ։

Իտալիայում Սուրբ Ծննդից առաջ տներում սկսվում է «մեծ մաքրությունը»։ Տոնական գիշերը՝ ուղիղ կեսգիշերին սկսվում է Ծննդյան ժամերգությունը։ Այն տևում է 1,5 ժամ։ Վատիկանում ժամերգությունը վարում է ինքը՝ Հռոմի Պապը։

Տանը սպասվում է տոնական ընթրիքը։ Սեղանին պարտադիր դրվում է ոսպ, սպիտակ լոբի, ոլոռ, ընդավորներ՝ մեղրով, կաղամբ, նշի կաթի մեջ եփված բրինձ և մակարոն սարդինայով ու ընկույզի սոուսով։ Պահպանվել է նաև բրաձկից, ոստրեից և օձաձկից ուտեստներ մատուցելու ավանդույթը։ Տոնական ընթրիքին պարտադիր պետք է ուտեն եկեղեցում օծված սագի միս։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր նվերները ստանում է դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան։

Իսպանիայում Ծննդյան տոները սկսվում և ընթանում են շատ ուրախ։ Բնակչության մեծ մասը ազգային տարազ հագած դուրս է գալիս փողոց, երգում ու պարում։ Ծննդյան ժամերգությունից առաջ ընդունված է հավաքվել եկեղեցու մուտքի մոտ և իրար ձեռք բռնած պարել։ Գիշերն ի բուն բաց են մնում թխվածքների և հրուշակեղենի խանութներն ու կրպակները, որպեսզի տոնը ոչ միայն ուրախ լինի, այլև քաղցր։ Իսպանիայի գավառներում բնակչությունն առավել հետևողականորեն է պահպանում ազգային սովորույթներն ու ծեսերը։ 

Պարտադիր պատրաստում են նշապուր, մեղրաընկուզային հալվա, բրնձի շիլա, խոզ, ապխտած մսեղեն, մուրաբաներ, շագանակներ։

Շոտլանդիայում Սուրբ Ծննդին պատրաստում են հին կելտական ուտեստ՝ վարսակի ալյուրից թխված տափակ և բարակ բլիթներ։ Առավոտ կանուխ բլիթները բաժանում են ընտանիքի բոլոր անդամներին՝ պայմանով, որ դրանք ուտեն միայն ընթրիքին։ Ամբողջ օրը բլիթը պետք է լինի տվյալ մարդու մոտ։ Եթե բլիթը կոտրում կամ կծում ես, ապա հաջորդ տարի կպատժվես, իսկ եթե «առոք-փառոք» պահպանել ես, ուրեմն հաջորդ տարի սպասիր լավ լուրերի։ Անշուշտ, սեղանից անպակաս է տապակած սագը։

Շվեյցարիայում տարեմուտյան պատրաստությունները սկսում են մեկ ամիս առաջ։ Մի առանձին սեղանի վրա դրվում է ծառի ճյուղերից և ծաղիկներից հյուսած պսակ, և ամեն կիրակի դրա վրա ավելացնում են մեկական մոմ։ Չորրորդ մոմի առկայությունը նշանակում է, որ Ծննդյան տոները սկսվել են։ Յուրաքանչյուր տոնական սեղանին դրվում է ավանդական սաղմոն ձուկը։

Շվեդիայում Սուրբ Ծննդի նախօրեին լուրջ աշխատանքներ են ընթանում. Ինչ-որ հնարավոր է նախապես պատրաստել՝ պատրաստում են, որպեսզի տոնական օրերին շատ չչարչարվեն կամ պարզապես ոչինչ չանեն։ Տղամարդիկ փայտ են կոտրում, կանայք մաքրում են ողջ տունն ու լվանում ամբողջ կահկարասին։

Տոնական սեղանին պետք է լինի խոզի ազդրամիս, շիլա, ձկնեղեն և հատուկ կարագով հաց։ Սեղանի զարդը եփված լեզուն է և տապակած խոզի գլուխը, գարեջուրը։ Ընթրիքին մատուցվում է տապակած սագ՝ խնձորով և սալորով, տապակած խոզ, շոգեխաշած կարտոֆիլ, դդմիկ, մրգային կարկանդակ։

Խաղողի վազը շատ երկրներում համարվում է առատության, երջանիկ ընտանեկան օջախի խորհրդանիշը։ Դա է պատճառը, որ Կուբայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ընդունված է Նոր տարվա գիշերը ժամացույցի յուրաքանչյուր հարվածի հետ մեկ հատիկ խաղող ուտել՝ յուրաքանչյուր ամսվա համար մտապահելով մեկ նվիրական երազանք։ Այսպիսով՝ 12 հարված՝ 12 երազանք։

Իտալացիների Ամանորի սեղանին պետք է լինեն ընկույզ, ոսպ և խաղող, որոնք խորհրդանշում են առողջություն, երկարակեցություն և բարեկեցություն։

Ճապոնացիներն ունեն «երջանիկ» մթերքների իրենց հավաքածուն. ծովակաղամբը բերում է ուրախություն, բոված շագանակները՝ հաջողություն գործերում, ոլոռը և ընդավորները՝ առողջություն, եփած ձուկը՝ հոգու հանգստություն և առույգություն, ձկնկիթը՝ երջանիկ ընտանիք, շատ երեխաներ։

Ֆրանսիացիները չեն պատկերացնում տոնական սեղանը առանց ավանդական տապակած հնդկահավի, իսկ Հունգարիայում և Ավստրիայում, ընդհակառակը, գտնում են, որ Նոր տարվա գիշերը չի կարելի թռչնի միս ուտել՝ երջանկությունը կթռչի։

Տիբեթցի տանտիրուհիները Նոր տարվա նախօրեին թխում են ամենատարբեր լցոններով կարկանդակներ, որոնք ամբողջությամբ բաժանում են. որքան շատ բաժանես, այնքան հարուստ կլինես։

Լեհական ընտանիքներում տոնական սեղանի վրա ընդունված է դնել 12 տեսակի ուտեստ, որոնց մեջ պետք է բացառվի մսեղենը, բայց պարտադիր է ձուկը, սնկապուրը կամ բորշչը, գարու շիլան՝ սև սալորով, կլյոցկիներ՝ յուղով և շոկոլադե տորթ։

Ողջ աշխարհի քրիստոնյաների համար Սուրբ Ծնունդը ընտանեկան ջերմ տոն է, որը հագեցած է համընդհանուր միաբանության և սիրո մթնոլորտով։

Ուկրաինայում հունվարի 7-ին տոնական Ծննդյան սեղանին մատուցում էին բլիններ, ձկնային ճաշատեսակներ, տնական խոզի երշիկ, խոզի և տավարի ազդրամսից ուտեստներ, մեղրային քաղցրաբլիթներ, տորթ, կեքս, կարկանդակներ, թխվածքաբլիթներ։ Խմիչք մատուցվում է ըստ ճաշակի և հաշվի առնելով գրպանի պարունակությունը։ Գիշերը երիտասարդները խումբխումբ հավաքվում են, դիմակներ և թատերական հագուստներ հագնում և խաղիկներ երգելով ընկնում տնետուն։ Տանտերերը այս «երգիչներին» պարգևատրում են փողով կամ անուշեղենով։ Այդ օրը դուրս են գալիս պահքից, և սկսվում է կերուխումը։