Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-17 08:34
«VAN CLEEF & ARPELS»
Հանրահայտ Van Cleef & Arpels ոսկերչական տան պատմությունը նման է հեքիաթի, և սկսվել է այն հարսանիքից։ 1896թ. ամուսնական դաշն կնքեցին թանկարժեք ակնեղենի վաճառքով զբաղվող երկու ընտանիքների ժառանգներ Էսթել Արպելսը և Ալֆրեդ Վան Քլիֆը։

Ուղիղ 10 տարի անց նրանք որոշեցին բացել համատեղ ձեռնարկություն՝ ոսկերչական խանութ Փարիզում, Վանդոմի հրապարակում։ Սկզբում ընկերության ղեկին Ալֆրեդն ու Էսթելի եղբայր Շարլն էին, այնուհետև նրանց հետ սկսեցին համագործակցել Ժյուլիեն և Լուի Արպելսները, որոնք ոսկերչական գործի փորձագետներ էին։ Նրանց բոլորին միավորում էր ոչ այնքան ազգակցական կապը, որքան թանկարժեք քարերի և նյութերի հանդեպ սերը։ Արպելսները օժտված էին ամենաորակյալ, հազվագյուտ և գեղեցիկ քարերը արվեստի իսկական ստեղծագործության վերածելու շնորհով։

Իր զարդերի բացառիկության և ճոխության շնորհիվ Van Cleef & Arpels-ը արագ հաջողության հասավ հասարկության ամենաբարձր շրջանակներում։ Եվ ոգևորված՝ որոշեցին չհետևել նորաձևությանը, այլ իրենք ստեղծեն նորաձևություն։

1930թ. Շարլ Արպելսը մի միջոցառման ժամանակ նկատեց, որ բարձրաշխարհիկ առյուծուհի, միլիոնատիրուհի Ֆլորենս Ջեյ Գուլդը իր շրթներկը պահում էր ոչ մեծ ձվաձև տուփի մեջ։ Այս դիտարկման արդյունքը դարձավ մինոդյերի՝ գեղամիջոցների համար թանկարժեք պատյանի ստեղծումը։ Կանայք այս նորամուծությունը շատ սիրեցին։ Մինոդյերը համալրված էր կերպասե պայուսակով, որ ճիշտ և ճիշտ դրա չափով էր ձևված։

Հանրահայտ Տան մեկ այլ նոու-հաու էր Mystery Setting-ը (անտեսանելի շրջանակը), որն արտոնագրվեց 1933-ին։

30-50-ականներին Van Cleef & Arpels Տունը գլխավորեց արդեն հանրահայտ ոսկերիչների երկրորդ սերունդը, և հենց այդ շրջանում արհեստանոցների մի մասը տեղափոխվեց Ամերիկա։ 1939թ. Պիեռ Արպելսը Նյու Յորքում բացեց առաջին բուտիկը, որն այժմ գտնվում է 5-րդ Ավենյուում։

Ընկերությունը իր թանկարժեք իրերը պատրաստելիս երբեք չէր մոռանում նաև տեխնիկական իննովացիաների մասին։ Այս ասպարեզում առանձնահատուկ հաջողություններ գրանցվեցին ընկերության արտ տնօրեն Ռենե Պյուսանի, Ալֆրեդ Արպելսի դստեր և տաղանդավոր դիզայներ Ռենե Սիմ Լակազի համագործակցության օրոք։ Այս ստեղծարար եռամիությունը Բարձր նորաձևության թեման հաջողությամբ փոխադրեց ոսկերչական արվեստ՝ օգտագործելով նրբին ծոպեր, քուղեր, վարդակապեր ու ժապավեններ, որոնք զարդարված էին ադամանդներով ու սուտակներով։

Ոսկերչական տան հորինած Passe-Partout սկզբունքը ներառում էր իր մեջ ոսկյա շղթա՝ անգին քարերով զարդարված ծաղկի տեսքով մետաղազարդի՝ բրոշկայի հետ։ Այս նրբագեղ զարդը կարող էր ծառայել և՛ որպես մանյակ, և՛ ապարանջան, մետաղազարդեր կամ գոտիներ։

Ընկերության հանրաճանաչ գյուտերից է նաև Zip («Կայծակ») մանյակը, որը պատրաստվել է Ուոլիս Սիմփսոնի՝ Վինձորի ապագա դքսուհու պատվերով։ Մանրամասնորեն մշակված մեխանիզմի շնորհիվ այս զարդը կարող էր փոխակերպվել. այն բացվում ու փակվում էր սովորական կայծակ շղթայի պես, և կարելի էր կրել դա որպես մանյակ կամ որպես ապարանջան։ Ուոլիս Սիմփսոնի մանյակը դեղին ոսկուց էր, ադամանդներով, իսկ փակի վրա աչք էր շոյում բազմաթիվ ոսկյա շղթայիկներից հավաքված վրձնիկ-կախիկը։ Անվանի պատվիրողի, ինչպես նաև ոսկերիչների հնարամտության ու վարպետության շնորհիվ մանյակ-ապարանջանը հռչակվեց, և Van Cleef & Arpels-ը մինչ օրս թողարկում է Zip թեմայով արված տարատեսակ զարդեր։ Մանյակի առաջին նմուշից հետո ինքնատիպ դիզայնը բազմիցս փոփոխվել է։

1936թ., դարձյալ Վինձորի դքսուհու շնորհիվ, ի հայտ եկավ կանացի Cadenas ժամացույցը։ Սա ծածկված թվացույցով ապարանջան էր, քանի որ 20-30-ական թվականներին ձեռքի ժամացույց կրելը, որքան էլ այսօր դա տարօրինակ հնչի, վատ տոն, անճաշակություն էր համարվում։

Ոսկերչական տան մյուս զարդը, որը Van Cleef & Arpels-ի խորհրդանիշը դարձավ, ճպուռ փերին էր։ Պիեռ Արպելսը՝ Շարլ Արպելսի եղբորորդին, իր հորեղբոր պես բալետի կրքոտ երկրպագու էր։ Դեռ երեխա էր, որ դյութվել էր Փարիզում Դյագիլևյան ՙՌուսական սեզոնների՚ ներկայացումներով, և նրա շնորհիվ տեղի ունեցավ սիմվոլիզմի ու ռուսական դասական բալետի դպրոցի միաձուլումը։ Իսկ հետո հետաքրքիր մի բան եղավ։ 1960թ., մի օր  Հինգերորդ Ավենյույում գտնվող սրահ մտավ հուզված մի մարդ՝ հայտնելով, թե ցանկանում է հանդիպել Տան ղեկավարի հետ։ Պիեռ Արպելսը ընդունեց նրան։ Պարզվեց, որ այցելուն հայտնի պարուսույց Ժորժ Բալանչինն է՝ ամերիկյան բալետի և ժամանակակից նեոդասական բալետային արվեստի սկզբնավորողը։ Նա ոսկերչին առաջարկեց մասնակցություն ունենալ նոր բալետի նախագծում։

1967թ. տեղի ունեցավ «Թանկարժեք զարդեր» բալետի պրեմիերան։ Բաղկացած էր այն երեք տեսարանից՝ «Զմրուխտ» (Ֆորեի երաժշտության ներքո), «Սուտակ» (Ստրավինսկու երաժշտության ներքո) և «Ադամանդ» (Չայկովսկու երաժշտության ներքո)։ Այդ ժամանակ էլ ի հայտ եկավ «Բալետ» անունով ոսկերչական նոր հավաքածուն, որը մեծ հաջողություն ունեցավ։ Հավաքածուն թարմացվեց 2007-ին։

21-րդ դարի սկզբին Van Cleef & Arpels-ը շարունակում էր համաշխարհային հեղինակավոր ապրանքանիշ և ճոխության խորհրդանիշ մնալ։ Տան «Ատլանտիդա» հավաքածուն ցուցանում է խորտակված հեքիաթային երկիրն ու անտիկ դիցաբանության տարազան պատկերներ ոսկե ձկնիկների, հունական նավերի, ծովային վիշապների և այլնի տեսքով։

Ապրանքանիշը հաճախ է օգտագործում նաև բուսական զանազան մոտիվներ։ Ընկերության հանրահայտ ու հաճախ պատճենվող զարդերից է քառաթերթ երեքնուկով «Ալգամբրա» մանյակը։

Գրեյս Քելիի հավաքածուի հայտնի զարդերից շատերը նույնպես ստեղծված են Van Cleef & Arpels ապրանքանիշի կողմից։ Իր հարսանեկան նվերը Գրեյս Քելին արքայազն Ռենեի հետ ընտրել է Van Cleef & Arpels-ի նյույորքյան բուտիկում, որտեղ նրանց դիմավորել է ինքը՝ Լուի Արպելսը։ Մոնակոյի ապագա արքայադուստրը ընտրեց մարգարտյա մի քանի զարդ, ադամանդահուռ ժապավենով եռաթել մանյակ, նրբին ապարանջան, մաքրամաքուր ադամանդներով զարդարված ականջօղեր և կենտրոնում մարգարտով ադամանդե ծաղկի տեսքով մատանի։ Ի դեպ, ապրանքանիշի մարգարիտները արքայադուստրը գործնականում կրում էր ամեն օր։ Երեք ամիս անց Van Cleef & Arpels-ը արդեն դարձել էր Մոնակոյի պաշտոնական մատակարարը։

Արքայազն Ռենեն կնոջը նվիրեց նաև մանյակ ու անսովոր խոշոր ու մաքուր զմրուխտներով ականջօղեր։ Դրանցով Գրեյս Քելին հայտնվեց Bunte հանդեսի շապկին 1961 թվականին։

Ոսկերչական տան հաճախորդներից էին նաև Ժակլին Քենեդի-Օնասիսը, բարձրաշխարհի առյուծուհի Բարբարա Հաթսոնը, Իրանի արքայադուստր Սորայան և շատ ուրիշներ։

1999թ. Van Cleef & Arpels ապրանքանիշը ձեռք բերեց ճոխ իրերի արտադրության մեջ մասնագիտացած շվեյցարական հոլդինգային Compagnie Fimanciere Rihcemont S.A.-ը։

Van Cleef & Arpels-ի բուրամիջոցների արտադրության արտոնագիրը պատկանում է ֆրանսիական Interparfums կորպորացիային։ Ապրանքանիշի առավել հայտնի բուրմունքներն են՝ First, Gem, Tsar։ 1990-ին Van Cleef & Arpels-ը մի քանի հաջողված բուրմունք թողարկեց՝ Van Cleef (1993), Miss  Arpels (1994) և Birmane (1999)։ 2009-ից թողարկվում է Collection Extraordinaire շարքը՝ բաղադրված ընտիր բուրմունքներից։ 2020թ. թողարկվեցին կանացի ծաղկամրգային Reve բուրմունքը, նաև California Reverie-ը, Orchidea Vanill-ը, Rose Rougu և այլ բուրմունքներ։