Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-17 08:38
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ԿՈՃԱՊՂՊԵՂՈՎ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ
Այսօր կոճապղպեղով թխվածքաբլիթներն ու անուշահացերը մեծ համբավ են վայելում ամբողջ աշխարհում։ Իսկ ինչի՞ց է սկսել այդ անուշեղենի պատմությունը, և որտե՞ղ է առաջացել Նոր տարուն այդպիսի կարկանդակներ թխելու ավանդույթը։

Նախ մի քանի խոսք կոճապղպեղի մասին։ Կոճապղպեղի հայրենիքը Հարավային Ասիան է։ Այս բույսի յուրահատկությունները հայտնի են եղել մարդկությանը հազարավոր տարիներ առաջ. մարդիկ նկատել էին, որ յուրահատուկ համով բույսը բուժիչ հատկություններ ունի։

15-17-րդ դարերում, երբ աշխուժացավ առևտուրը Ասիայի և միջերկրածովյան երկրների միջև, այլ համեմունքների հետ կոճապղպեղն էլ մուտք գործեց Եվրոպա, այստեղ լայն կիրառում գտավ և համարվում էր հարստության, նրբաճաշակության և բացառիկ ճաշակի ցուցանիշ։

Հիմա՝ կոճապղպեղով թխվածքաբլիթի մասին։ Գոյություն ունի մի վարկած, ըստ որի այս թխվածքաբլիթի «նախահայրը» բուրավետ մեղրալոշիկն է՝ նման այն անուշահացին, որը թխում էին դեռևս Հին Եգիպտոսում մ.թ.ա. 350 թվականին։ Քաղցրահամ այդ լոշիկներն ունեին մեղրին բնորոշ հաճելի բույր։ Ավելի ուշ խմորին սկսեցին ավելացնել տարբեր համեմունքներ, այդ թվում նաև կոճապղպեղ։

Որոշ հետազոտողներ պնդում են, որ թխվածքաբլիթի պատմությունը ծնունդ է առել դեռևս Հին Հունաստանից, վկայակոչում են անգամ Պալլասին նվիրված մի լեգենդ։ Ասում են, թե Աթենաս աստվածուհու տաճարը պաշտպանում էր աստվածուհու օձը։ Քաղաքի բնակիչներն ամեն ամիս օձին մի մեղրալոշիկ էին նվիրում (ինչպես վերը ասացինք, դա թխվածքաբլիթի «նախնին» է)։ Եթե օձը ուտում էր լոշիկը, համարվում էր լավ նշան, իսկ եթե ոչ՝ ուրեմն Աթենասը ինչ-որ  պատճառով բարկացած էր մարդկանց վրա։

Որոշ աղբյուրների համաձայն՝ կոճապղպեղով անուշեղենը Եվրոպա մուտք է գործել 992 թվականին հայ վանական Գրիգոր Մակարի շնորհիվ. հենց նա է սովորեցրել ֆրանսիացիներին այդ թխվածքաբլիթների բաղադրատոմսը։

Վարկածները տարբեր են, իսկ իրողությունն այն է, որ Եվրոպայում կոճապղպեղով թխվածքաբլիթը լայն տարածում գտավ Խաչակրաց արշավանքների շրջանում։ Մեկն ասում է, թե  անգլիացի մի հոգևորական՝  Պատրիկ անունով, որոշում է խմորին ավելացնել այն համեմունքներից, որ նրա եղբայրն էր բերել Խաչակրաց արշավանքից։ Հատկապես կոճապղպեղով թխվածքաբլիթը շատ է դուր գալիս վանականներին, և նրանց խնդրանքով Սուրբ Ծնունդին հենց այդպիսի կարկանդակներ են սկսում թխել։

Մյուսներն էլ ասում են, թե Մերձավոր Արևելքի երկրներում համտեսած թխվածքաբլիթը այնքան է դուր գալի եվրոպացիներին, որ դրանք դառնում են Ծննդյան տոների հյուրասիրությունների անբաժան մասը, իսկ տոների առիթով կազմակերպվող տոնավաճառներում այդ ժամանակներից ի վեր սկսում է իշխել «կոճապղպեղի» բույրը։

Առաջին գրավոր հիշատակությունը այս թխվածաքաբլիթի մասին՝ թվագրված 1793 թվականով, պահպանվել է Անգլիայի Մակետ Դրեյթոն քաղաքում։ Այդ քաղաքն էլ մինչև օրս համարվում է կոճապղպեղով թխվածքաբլիթի հայրենիքը։ Այդ մասին է ազդարարում քաղաքի գլխավոր մուտքի մոտ կախված հատուկ վահանակը։

Հնուց ի վեր կոճապղպեղով համեմված թխվածքաբլիթներով հռչակված է եղել գերմանական Նյուրնբերգ քաղաքը, որին նույնիսկ այդ թխվածքաբլիթների համաշխարհային մայրաքաղաք էին համարում։ Դրան պատմականորեն նպաստել է նաև քաղաքի աշխարհագրական դիրքը. Նյուրնբերգը գտնվում էր հյուսիսային առևտրական ճանապարհների խաչմերուկում, ուստի Եվրոպա մուտք գործող ամբողջ կոճապղպեղն «անցնում էր» այդ քաղաքի միջով։ Թերևս աա է պատճառը, որ ձևավորվել է կարծիք, թե հենց այստեղ է ծնունդ առել, այստեղից է տարածում գտել սրտաձև, մարդուկի և տնակի տեսքով կոճապղպեղային բլիթներ թխելու արվեստը։ Նյուրնբերգյան թխվածքաբլիթների վրա շատ հաճախ ոսկեգույն սննդային ներկով նկարազարդումներ էին անում, տարբեր համեմունքներ շաղ տալիս։

Հետզհետե Սուրբ Ծնունդին ու Նոր տարուն թխվածքաբլիթներ թխելու, դրանցով տոնծառը զարդարելու ավանդույթը եվրոպական երկրներից տարածվում է այլ երկրներում։ Թեպետ շատ ժողովուրդներ իրավամբ կարող են ասել, որ Նոր տարվա ու Սուրբ Ծնունդի առթիվ ավանդաբար գաթա կամ տարեհաց են թխել ու այսօր էլ շարունակում են թխել։ Որոշ ժողովուրդներ նման անուշահացեր ու կարկանդակներ թխում են նաև այլ տոների շեմին, անվանակոչության ու հարսանիքի առիթներով։ Ավելի ուշ դրանք սկսեցին համեմել կոճապղպեղով։ Ռուսաստան կոճապղպեղը մուտք գործեց 12-13-րդ դարերում և լայնորեն կիրառություն գտավ ազգային խոհանոցում։ Այն ավելացնում էին թուրմերին, թեյերին, կվասին, կուլիչին և այլ թխվածքների։ Կոճապղպեղաով թխվածքաբլիթը, որը շատ արագ հայտնի դարձավ ամբողջ Ռուսաստանում, կոչեցին «պրյանիկ» և մինչև օրս էլ թխում են։

Եվրոպական երկրներում Ծննդյան տոների անբաժանելի մասն են դարձել կոճապղպեղով թխվածքաբլիթները։ Հաճախ դրանք պատրաստվում են կրոնական թեմաներով, նաև տաբրեր ձևերով և կախում են տոնածառից։ Հատկապես փոքրիկներն անհամբերությամբ սպասում են, թե երբ թույլ կտան դրանք հանել ծառից և ճաշակել։ Համեմունքներով թխված այս բլիթները շատ տարածված և հայտնի են հատկապես Գերմանիայում։

Գոյություն ունեն կոճապղպեղով թխվածքաբլիթի պատրաստման բազմաթիվ բաղարդատոմսեր։ Ներկայացնում ենք ամենահայտնիներից մեկը, որը լայնորեն կիրառվում է արդեն բազում տարիներ և վայելում է համտեսողների սերը։ Ահա բաղադրատոմսը.

ալյուր - 200գ,

սոդա - 1,5 թեյի գդալ,

հավկիթ - 1 հատ,

կոճապղպեղ (աղացած) - 2 թեյի գդալ,

դարչին (աղացած) - 1 թեյի գդալ,

հիլ (աղացած) - 1 թեյի գդալ,

մեխակ (աղացած)- 0,5 թեյի գդալ,

կարագ - 100գ,

շաքարավազ - 110գ,

թույլ ծորացող մեղր կամ ցանկացած օշարակ - 3 թեյի գդալ։

Գլազուրի համար.

2 ձվի սպիտակուց

1,5 բաժակ շաքարափոշի,

մի քիչ կիտրոնի հյութ։ Գունավոր գլազուր ստանալու համար կարող եք օգտագործել սննդային ներկեր կամ լրիվ բնական լինելու համար՝ հատապտուղների հյութ։

Պատրաստման եղանակը

Իրար խառնել լավ մանրացրած հիլը, մեխակը, փոշի դարչինն ու կոճապղպեղը, սոդան, վերջում՝ ալյուրը։ Առանձին թասիկում լավ հարել շաքարավազն ու կարագը, ավելացնել հավկիթը և մեղրը, որը նախապես պետք է մի քիչ տաքացնել։ Մեղր չունենալու դեպքում կարող եք օգտագործել մրգային օշարակ։ Ալյուրային չոր խառնուրդն ավելացնել ձվակարագային խառնուրդը, լավ հարել, ապա ձեռքով խմոր հունցել։ 1,5-2 ժամ դնել սառնարանը, որ փափուկ խմորը մի քիչ պնդանա։ Խմորը բարակ շերտով բացել և կաղապարիկներով կտրտել տարբեր ձևերով։

Խմորը շատ նուրբ է, ուստի նախապես բուսական յուղ քսած տապակի մեջ դնելու համար պետք է օգտագործել թիակ։ Թխել 5-7 րոպե 180 աստիճանով։  Ուշադիր հետևել և դարչնագունելուն պես հանել։ Ամենահետաքրքիրը՝ «նկարազարդումները» կատարել ընտանիքի անդամների հետ։

Եթե սիրում եք ի ցույց դնել խոհարարական ձեր ձիրքը, առաջիկա տոները շատ հարմար առիթ են։ Թխեք, վայելեք, հյուրասիրեք, զարմացրեք, վայելեք տոնն իր ողջ հմայքով։