Նյութը՝ Անի Ավետիսյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-18 11:57
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ.
ԱՇՈՏ ՍԱՐԴԱՐՅԱՆ
«Մա'մ, աղոթում եմ` ձեռքերս չվնասվեն, որ գամ ու նվագեմ»

Աշոտ Սարդարյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 4-ին Երևանում։ Երկրորդ երեխան էր, դժվար ծնվեց, հազիվ փրկեցին։ Ու մայրը պատերազմի օրերին հույս էր փայփայում, որ եթե որդին մի անգամ մահին հաղթել է, այս անգամ էլ կփրկվի...

Աշոտը հանգիստ ու զիջող երեխա էր, երբեք իրեն չէր ցուցադրում, բայցև համառ էր ու նպատակասլաց։ Ինքն իր արվեստոտ աշխարհն ուներ£ Շատ գեղեցիկ փորագրություններ էր անում, սիրում էր դաշնամուր նվագել։

Լռակյաց էր, քչախոս, փոքր-ինչ ինքնամփոփ, բայց պատրաստակամորեն բոլորին օգնության էր հասնում։ Տանը չորս երեխա էր մեծանում, բայց հենց Աշոտն էր ծնողների ընկերը. ամեն ինչ անում էր նրանց հոգսը թեթևացնելու, նրանց ուրախացնելու համար։ Նրանց թև ու թիկունքն էր։

Հայրը 1993-94 թվականներին մասնակցել էր պատերազմին։ Աշոտին ոգևորում էին հոր պատմությունները, և այդ ոգևորությամբ էլ բանակ գնաց։ Ասում էր՝ ամեն մեկը մի բան է պատմում բանակի ու ծառայության մասին, բայց ես պիտի իմ աչքով տեսնեմ:

2020 թվականի հունվարի 19-ին ծառայության անցավ Մատաղիսում։ Երբ զանգահարում էր մորը (անգամ պատերազմի օրերին) հանգիստ ասում էր. «Մա՜մ, մանկապարտեզ ա: Շուտով կվերջանա, կգամ»: Մինչդեռ հեռախոսով տնեցիները լսում էին հրթիռների պայթյունի ձայները...

Տնեցիներին շատ էր կարոտել, ուզում  էր արձակուրդ գալ, բայց սկսվեց պատերազմը£ Իմացավ, որ մորաքրոջ տղայից, Դանիելից լուր չկա։ Վիրավոր էր, բայց գնաց դիրքեր՝ եղբորը գտնելու։ Իրար գտան Եռաբլուրում...

Հետո Աշոտին տեղափոխել էին Մարտունի, որտեղ էլ նա պարգևատրվել էր «Քաջարի մարտիկ» շքանշանով։

Նոյեմբերի 3-ին մայրը վերջին անգամ խոսեց որդու հետ։ Ինչպես միշտ՝ Աշոտը ուրախ ձայնով ասաց. «Մա՝մ ջան, ոնց որ թե վերջը մոտ է, հաստատ արձակուրդ կգամ։ Աղոթում եմ՝ ձեռքերս չվնասվեն, որ գամ ու նվագեմ...»։ Նոյեմբերի 4-ին ընկել էին շրջափակման մեջ, հետ նահանջի հրաման էին ստացել, բայց Աշոտը վիրավոր էր ու ասել էր ընկերներին. «Ես դիրքը կպահեմ,  դուք գնացեք։ Մենակ մորս կասեք՝ կներես…»: Երբ փամփուշտները վերջացել էին, վերցրել էր նռնակներն ու սպասել թշնամու զորքի մոտենալուն£ Բայց մինչ այդ հրթիռային արկը պայթեց նրա ու թշնամու միջև։ Ընկերները ձեռքերի միջից հանեցին նռնակները...

Ճանաչենք մեր հերոսներին՝ Աշոտ Սարդարյան…