Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-19 16:57
ՏԱԲԱՏՆԵՐ
Տաբատի պատմությունը մեզ հասցնում է Ասորեստանի թագուհի Շամիրամի ժամանակներ, մ.թ.ա. 800 թվական։

Մեզ քաջածանոթ թագուհին առաջին կինն էր, որ շալվար է հագել, քանի որ այդպես ավելի հարմար էր պատերազմելն ու ձիավարելը։ Ավելի ուշ տաբատ-շալվարները տարածվեցին Ճապոնիայում և Վիետնամում։

Միջին դարերում Եվրոպայում կանանց արգելված էր տաբատ հագնել, արգելքը խախտելու համար այդ համարձակներին նույնիսկ կարող էին խարույկ հանել։ 1851թ. ֆեմինիստական շարժման հիմնադիրներից մեկը՝ գրող, լրագրող Ամելյա Բլումերը, սկսեց կարճավուն փեշի հետ տաբատ հագնել։ Շուտով սկսում են երևան գալ կանանց համար ստեղծված առաջին տաբատով կոստյումները։ Սակայն միայն 20-րդ դարի երկրորդ կեսին տաբատները սկսեցին տարածում գտնել, թեև սկզբում տաբատ հագնում էին միայն կինոաստղերը և մոդայամոլուհիները։ 1964թ. ճեմահարթակներում երևացին տաբատով ամենօրյա կանացի կոստյումները։ Այդ պահից կանանց տաբատները նրանց զգեստապահարանի անբաժանելի մաս դարձան։ Տասնամյակների ընթացքում տաբատները բավականաչափ փոփոխություններ կրեցին։

Այս սեզոնում տաբատները պետք է առավելագույնս պարզ ու անպաճույճ լինեն։ Այսպիսի մոդելները սազում են և՛ դասական վերևի, և՛ գրանժ ոճի վերևի հետ։ Նեղացող և ուղիղ տաբատները հիմնականում բարձր գոտկատեղ ունեն։

Ոճային տեսք ունեն հատկապես բնության մեջ հանդիպող վառ ու հագեցած երանգներով մոդելները։

Նրբագեղ տեսք ունեն մանր վանդականախշով դասական տաբատները, որոնք լավ է կրել միագույն վերևի հետ։ Դիզայներները հաճախ օգտագործում են նաև զոլավոր և կենդանական դաջանախշեր։

Այս սեզոնի համար մեկ այլ տարածված տարբերակ է ծավալուն պալացցոն։ Այս տաբատները հարկ է համակցել տաբատի տակ դրվող ծավալուն վերևի հետ։ Որպես աքսեսուար դիզայներները խորհուրդ են տալիս օգտագործել տպավորիչ գոտի։

Բարձրացված գոտկատեղով բանան տաբատներն այս սեզոնում ավելի ուղիղ ձևվածք ունեն։ Սրանք կարելի է կրել նաև փողքերը ծալած, ինչն անմիջականություն է հաղորդում կերպարին։

Լեգինսները նույնպես դիրքերը չեն զիջում։ Նորաձև թրենդների թվում են կաշվե տաբատները. բանան տաբատներ գունավոր կաշվից, վառ կաշվե տաբատները վրադիր գրպաններով և փողքերը ռետինե երիզով են, սև կիպ skinny-ն։

Նորաձև են նաև պրակտիկ բոյֆրենդ ջինսերը, դենիմից կարճավուն ուղիղ տաբատները և լայն զանգաձև՝ կլյոշ ջինսերը։

Նորաձև են նաև պրակտիկ տրիկոտաժե տաբատով կոստյումները։ Դրանք կարելի է կրել այրական ոճի կոշիկների, կրոսովկաների և բոտիլյոնների հետ։

Այս սեզոնի հավաքածուներից շատերում կարելի է տեսնել փայլող կտորներից տաբատներ, դրանց մեջ կան նաև ամենօրյա զգեստապահարանի համար մոդելներ,ինչպես նաև կերպասե տոնական տաբատներ։

Գեղեցիկ և տոնական օրերի համար իրենց մոդելների համար ազնիվ թավիշ են օգտագործել նորաձևության մի շարք Տներ։

Դիզայներները ուշադրությունից դուրս չեն թողել նաև կոմբինեզոնները, որոնք կարվում են պինդ կտորներից՝ դենիմից, կոստյումի կտորից, կոպիտ վուշից կամ բամբակից։ Դրանց հետ կարելի է հագնել կապիչներով կոպիտ կիսաճտքակոշիկներ կամ բոտիլյոններ։

Որոշ հավաքածուներում ներկայացված են տոնական կիպ կոմբինեզոններ։ Գերնորաձև են լայն տաբատներով նստեցված և օվերսայզ լրակազմերը, ինչպես նաև երկմասանի և եռամաս լրակազմերը։ Պակաս արդիական չեն բերմուդով խիտ գործվածքից կոստյումները։