Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-20 16:45
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԵՐԳ. JINGLE BELLS
Այսօր դժվար է պատկերացնել Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոներն առանց հայտնի ու սիրված Jingle Bells երգի։ Իր ծնունդի համար երգը պարտական է Ջեյմս Լորդ Փիերփոնթին (James Lord Pierpont)։

Նա ծնվել է 1822 թվականի ապրիլի 25-ին Բոսթոնի հոգևոր հովիվ Ջոն Փիերփոնթի և Մերի Շելդոն Լորդի ընտանիքում։ Ի դեպ, Ջեյմս Լորդ Փիերփոնթը ԱՄՆ-ի ամենամեծ ֆինանսական կայսրության հիմնադիր Ջոն Փիերփոնթ Մորգանի հորեղբայրն է։

Երբ լրացավ Ջեյմսի 10 տարին, ծնողները նրան ուղարկեցին Նյու Հեմփշիրի գիշերօթիկ դպրոց։ Մայրիկին գրած նամակներում նա նկարագրում էր, թե ինչպես է դեկտեմբերյան նոր եկած ձյան վրա հրճված սահում սահնակով։ Թվում էր, թե ռոմանտիկ երեխա է մեծանում, այնինչ հազիվ 14 տարին բոլորած` արկածախնդիր տղան փախավ դպրոցից, հայտնվեց «Շարկ» նավի վրա ու մեկնեց ճամփորդելու։ 9 տարի շարունակվող այդ շրջագայությունների ժամանակ Ջեյմսը շատ բարեհաջող յուրացրեց գործնական աշխարհագրությունը և 1845 թվականին վերադարձավ Նոր Անգլիա։ Այդ ժամանակ նրա հայրը դարձել էր Նյու Յորքի նահանգի Թրոյ քաղաքի հոգևոր հովիվը։ Հետո աշխատանքի բերումով տեղափոխվեց Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդ քաղաք, որտեղ էլ հաստատվեց ամբողջ ընտանիքը։

Շուտով Ջեյմսն ամուսնացավ Միլիսենթ Քավիի հետ։ Նրանք ունեցան մեկ որդի և մեկ դուստր։ Սակայն դա չխանգարեց Ջեյմսին 1849 թվականին, թողնելով հորն ու ընտանիքը, մեկնել Սան Ֆրանցիսկո` մի գործ հիմնելու մտադրությամբ։ «Ոսկու տենդի» ժամանակներն էին, և հեշտ չէր գործ սկսելը։ Շատերի նման, Ջեյմսի բախտն էլ չբերեց։ Սկսել էր զբաղվել լուսանկարչությամբ և լուրջ հաջողությունների էր հասել։ Բայց մի քանի անգամ նրա լուսանկարչատանը հրդեհ բռնկվեց, և նա, կորցնելով ամեն ինչ, 1851-ին վերադարձավ Մեդֆորդ։ 1853-ին նա կրկին մեկնեց, այս անգամ` եղբոր մոտ։ Մի քանի տարի Ջորջիա նահանգի Սավանա քաղաքի եկեղեցու երաժշտական տնօրենն էր և երգեհոնահարը, նաև երգեցողության և երգեհոնի դասեր էր տալիս։ Հենց այդ ժամանակ էլ գրեց իր առաջին երգերը։ Ու մինչ նա զբաղված էր ստեղծագործական աշխատանքով, 1856 թվականին կինը մահացավ թոքախտից։ Առաջին ամուսնությունից ծնված երեխաները մնացին պապիկի հետ, իսկ Ջեյմսը կրկին ամուսնացավ, այս անգամ Սավանայի քաղաքապետի դստեր` Էլիզա Ջեյն Պուրսի հետ։ Նրանք աղջիկ ունեցան։ 25 տարեկանում Ջեյմս Փիերփոնթը 6 երեխա ուներ և նրանց համար պարզ ու հաճելի երգեր էր հորինում։ Ըստ մի վարկածի` 1851 թվականին նա ինչ-որ հարցով գրազ է գալիս իր տան տնտեսուհու հետ։ Պարտվելու դեպքում պետք է մի ուրախ երգ հորիներ։ Պարտվում է և գրում մի երգ այն մասին, թե ինչպես է երիտասարդը սպասում օրիորդին, որ ձիեր լծված սահնակներով ուրախ-զվարթ սահեն։ Տնտեսուհին, երգը լսելով առաջարկում է վերնագրում «սահնակ» բառը փոխարինել ավելի հնչեղ ու «զրնգուն» բառով, ասենք` «ղողանջող զանգակներ»-«Jingle Bells»-ով։

1857թ. օգոստոսին Ջեյմս Լորդ Փիերփոնթի հեղինակած «The One Horse Open Sleigh» երգը Օլիվեր Դիթսոնը տպագրեց Բոսթոնում։ Մեկ ամիս անց

ստացան երգի հեղինակային իրավունքը։ 1859թ. երգը վերահրատարակվեց մեկ այլ անվանումով` «Jingle Bells, The One Horse Open Sleigh»։ Այն տարիներին երգն ամենևին էլ հիթ չէր։ Սակայն տարեցտարի ավելի ու ավելի մեծ ճանաչում էր ստանում` դառնալով Սուրբ Ծննդյան տոների ամենահայտնի երգը։

Ջեյմսի հետագա կյանքը հագեցած էր նորանոր արկածներով։ Քաղաքացիական պատերազմի տարիներին նա կամավոր ծառայության անցավ հեծելազորում։ Պատերազմից հետո ընտանիքի հետ հաստատվեց Ջորջիա նահանգում. երգեհոն էր նվագում Քուիթմանի եկեղեցում, երաժշտության դասեր տալիս։ Նա ապրեց 70 տարի` փոխելով բազմաթիվ բնակության վայրեր։ Ջեյմս Լորդ Փիերփոնթը մահացավ 1893 թվականի օգոստոսի 5-ին։

Այսօր աշխարհը նվաճած այս երգը ի սկզբանե կատարվել է Գոհաբանության տոնին, բայց այնքան սիրվեց ժողովրդի կողմից, որ սկսեցին երգել Սուրբ Ծնունդին, թեպետ երգում ոչ մի բառ չկա այդ տոնի մասին։ Այսուհանդերձ, «Jingle Bells»-ը դարձավ այդ տոնի յուրօրինակ խորհրդանիշը։

Երգը շատ սիրված է անգամ Ավստրալիայում, թեպետ Ծննդայն տոներին այստեղ անասելի տապ է։ Ավստրալիացիները դիմել են խորամանկության` փոխելով բառերը. երգի գլխավոր հերոսները շոգ եղանակին պտտվում են ավստրալիական ժանգոտած «Հոլ» մեքենայով։

Ահա թե ինչպիսի ուրախ պատմություն է կապված երգի հետ. 1965թ. դեկտեմբերի 16-ին Gemini 6 տիեզերանավում օդագնացներ Ուոլի Շիրան և Թոմ Սթաֆորդը, խաղ խաղացին Թռիչքների կառավարման կենտրոնի աշխատակիցների գլխին։ Ասացին, որ ՉԹՕ են տեսել, որի օդաչուն կարմիր հագուստով էր։ Ապա նրանք շրթհարմոնով և ծնծղայով կատարեցին «Jingle Bells»-ը։ Այսօր այդ երկու նվագարանները ցուցադրված են Սմիթսոնյան ինստիտուտի ավիացիայի և տիեզերագնացության ազգային թանգարանում։ Դրանք առաջին երաժշտական գործիքներն են, որոնցով նվագել են տիեզերքում։

1970 թվականին Ջեյմս Փիերփոնթի անունը գրանցվել է ԱՄՆ-ի Կոմպոզիտորների փառքի դահլիճում։

Երգը փառավոր ճանապարհ է անցել. 1941-ին այն իր նվագախմբի հետ ձայնագրել է Գլեն Միլերը։ «Jingle Bells»-ը երգել են աշխարհահռչակ երգիչներ Ֆրենկ Սինատրան, Լուի Արմսթրոնգը, Դյուք Էլինգթոնը, Նաթ Քինգ Քոուլը, Էլլա Ֆիցջերալդը և «Bony M» խումը։

«Jingle Bells» երգի դասական ձայնագրությունը համարվում է Բինգ Քրոսբիի ձայնապնակում հնչող տարբերակը, որը թողարկել է «Դեկկա» ձայնագրման ստուդիան 1943-ին։ Այն վաճառվեց միլիոնավոր օրինակներով։