Նյութը՝ Վլադ Մուրադյանի
Լուսանկարները՝ Զրուցակցի անձնական արխիվից
Տեղադրվել է 2020-12-22 17:13
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԶՐԿԵԼ ՀԵՔԻԱԹԻՑ
Չորս օր շարունակ՝ դեկտեմբերի 23-26-ը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստվում է ներկայացնել Պ.Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկ» («Շչելկունչիկ») բալետի երաժշտությունը՝ նոր ձևաչափով։ Այդ մասին զրուցում ենք Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ։

-Պարոն Թոփչյան, շուրջ ինը ամիս տևած ընդմիջումից հետո դուք կրկին «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում եք։ Ինչպե՞ս է անդրադարձել տևական դադարը նվագախմբի աշխատանքների վրա։

-Տևական դադարին գումարվեցին նաև այն արհավիրքները, որոնց միջով անցանք բոլորս։ Բնականաբար, այդ ամենը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ նվագախմբի աշխատանքների վրա։ Նվագի առումով ոչինչ ասել չեմ կարող, բայց բարոյահոգեբանական առումով՝ անշուշտ։ Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակին նվիրված համերգի փորձերի ժամանակ զգացի, որ բոլորիս մոտ անհանգստություն կա։ Բայց պետք է ուժ գտնել և աշխատել։ Եվ խոսքս միայն նվագախմբի ու երաժիշտների մասին չէ։ Բոլորս պետք է աշխատենք, պիտի հզորանանք։

-Կա՞ր արդյոք մտավախություն, որ հանդիսատեսի սակավություն կլինի։

-Դահլիճը չէր կարող լեփ-լեցուն լինել, քանի որ մենք խստորեն պահպանում ենք համաճարակի հետ կապված անվտանգության բոլոր կանոնները, բնականաբար, նաև՝ սոցիալական հեռավորությունը։

-Ազդագրերը հուշում են, որ առաջիկա օրերին՝ Ամանորի շեմին, անակնկալ եք պատրաստել նաև փոքրիկ երաժշտասերների համար. երեխաներին հրավիրում եք ունկնդրելու Պ.Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկ» բալետի երաժշտությունը։ Որքան հիշում եմ, այն ձեր նվագացանկում եղել է։

-Եթե չասեմ տոնից, ապա գեթ հեքիաթից երեխաներին զրկել չի կարելի։ Դա ևս կունենա իր բացասական հետևանքները։ Ինչ վերաբերում է «Մարդուկ-ջարդուկին», ապա այն, իհարկե, եղել է մեր նվագացանկում, և միշտ նորովի ենք ներկայացրել՝ ժամանակակից ուշագրավ լուծումներով։ Այս անգամ այն կլինի մեկ գործողությամբ։ Բնականաբար, դարձյալ պահպանվելու են հակահամաճարակային պահանջները, բայց երեխաներին շատ չկաշկանդելու նպատակով սահմանափակվելու ենք մեկ գործողությամբ. հակառակ պարագայում ընդմիջման ժամանակ դժվար կլիներ սահմանափակել շփումը։ Ներկայացման ընթացքում նկարիչ Սուքիաս Թորոսյանը կպատկերի նկարներ, և այդ ամենը ռեալթայմ կարտացոլվի մեծ էկրանին: Իսկ Հոֆմանի հայտնի հեքիաթի՝ «Մարդուկ-ջարդուկի» հեքիաթասացները կլինեն Հրանտ Թոխատյանը (դեկտեմբերի  23, 24, 25-ին) և Սերգեյ Սարգսյանը (դեկտեմբերի 26-ին)

։