Նյութը՝ Ա. Տուրյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 23-04-2016
Երկխոսությամբ փնտրվում է բազմաթիվ հրատապ հարցերի պատասխանը
«100 Live»-ի և «Ավրորա» մարդասիրական մրցանակի կազմակերպիչների նախաձեռնությամբ Երևանում ապրիլի 23-ին մեկնարկել են «Aurora Dialogues» խորագիրը կրող քննարկումներ:

Երևանի Մատենադարանում ապրիլի 23-ի առավոտից սկսված միջոցառումներին մասնակցում են աշխարհի առաջատար գիտնականներ, բարերարներ, մեդիա փորձագետներ և մարդասիրության ոլորտի առաջամարտիկներ: Նպատակ ունենալով կազմակերպել մասնագիտական քննարկումներ՝ «Aurora Dialogues» քառամաս շարքը իր մեջ ներառել է մարդասիրությանը, ճգնաժամերին առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում: Աչքաթող չեն արվել նաև փախստականների ճգնաժամի հետևանքով առաջացած հարցերը, ինչպես նաև կանանց՝ մեր օրերում մարդասիրական գործունեությամբ զբաղվելու հիմնախնդիրները և կարևորությունը:

Թեմատիկ ելույթների, մասնագիտական քննարկումների և հարցուպատասխանի միջոցով «Aurora Dialogues»-ը ի սկզբանե նպատակ ունի արժևորելու հանրային քննարկումների մակարդակը, որոնք անդրադառնում են մութ անցյալից դասեր քաղելու, ներկայում ճիշտ գործելու և ավելի լավ ապագա ձևավորելու կարևորությանը: Ողջ օրվա ընթացքում նախատեսվել էր քննարկել մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մեր օրերում կանանց դերը մարդասիրության գործում և հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության ներկա հնարավորությունները:

«Aurora Dialogues» մասնագիտական քննարկումների շրջանակում ելույթ ունեցավ «100 Lives» մեծ նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը: Վերջինիս խոսքով՝ դեռևս ամիսներ առաջ ինքը անիրական էր համարում  «Ավրորա»-ի իրականացումը:

«Ուրախ եմ բոլոր մասնակիցներին ու մասնագետներին ողջունել հատկապես Մատենադարանի կամարների ներքո: Երկու տարի առաջ, երբ պատմում էի իմ երազանքի մասին, այն անիրական էր թվում: Այսօր փաստ է, որ հավաքվել ենք Հայաստանի եզակի հաստատությունում` հին ձեռագրերի ինստիտուտում:  Ուրախ եմ հայտնել, որ մենք «100 Lives»-ի շրջանակներում հավաքեցինք Հայոց ցեղասպանության վերապրածների պատմությունները, ներկայացրինք դրանք աշխարհին: Սրանք պատմություններ են, որտեղ ընտանիքի անդամները պատմում են իրենց փրկության մասին: Շատ ազդեցիկ են հնչում: Մենք նաև նախաձեռնել ենք թվայնացնել արխիվային փաստաթղթերը: Ցավոք, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանն առնչվող շատ փաստաթղթեր չեն գտնվել, բայց եղածները պահպանելու ենք սերունդների համար»,- վստահեցրեց Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով նաև, որ նախաձեռնության շրջանակներում սիրիացի փախստական 100 երեխաների համար կրթաթոշակ է սահմանվել, որպեսզի նրանք կարողանան սովորել լավագույն դպրոցներում:

Ռուբեն Վարդանյանը նշեց նաև, որ ձգտում կա պահպանելու մեր պատմությունը, թույլ չտալու, որ այն մոռացվի. «Այս օրերին չափազանց կարևոր թեմաների մասին կխոսենք: Անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում ենք ապրում, կարող ենք փոփոխություններ իրականացնել: Համոզված եմ, որ միասին կփոխենք աշխարհը»:

«Aurora Dialogues» մասնագիտական քննարկումների մասնակիցներին ողջույնի խոսք ուղղեց նաև «100 Lives» նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մրցանակի հաղթողին ընտրող հանձնաժողովի անդամ Վարտան Գրեգորյանը:

«Էդելման» հեղինակավոր ընկերության գործառնությունների տնօրեն Էդ Վիլյամսի խոսքով՝ այս մասնագիտական քննարկումները նպատակ ունեն անդրադառնալու ամենաարդիական ու ամենից հրատապ խնդիրներին. «Երկխոսությունն այնպես է նախագծվել, որ ճնշող մարտահրավերներից էլ սկսենք: Պատրաստվում ենք «Aurora Dialogues»-ի շրջանակներում խոսել ներկայիս ճգնաժամերից, չմոռանալով նշել նաև մեդիայի դերի՝ դրանք ներկայացնելու տեսանկյունից կարևորությունը»:

Խոսելով «Ավրորա» մրցանակի նշանակության մասին՝ Էդ Վիլյամսը նշեց, թե կենտրոնական է հենց այն գաղափարը, որ պետք է հանրային ճանաչման արժանանան մարդասիրական ոլորտում բոլոր արժանավորները. «Բացի այդ ուզում եմ, որ աշխարհն արթնանա, լինի ավելի ակտիվ գործիչ հենց մարդասիրության ոլորտում»:

«Aurora Dialogues»-ի առաջին մասում Նոբելյան մրցանակակիր, «Ավրորա» մրցանակի հաղթողին ընտրող հանձնաժողովի անդամ, մարդու իրավունքների պաշտպան և Իրանի առաջին կին դատավոր Շիրին Էբադին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ հանձնակատար, մարդու իրավունքների պաշտպան, «Ավրորա» մրցանակի հաղթողին ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին, Կոլումբիայի համալսարանի միջազգային և հանրային կապերի դպրոցի ղեկավար Էդվարդ Լաքը և Հոլոքոստի թանգարանի ներկայացուցիչ Սթիվեն Լուքերտը խոսեցին մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակի մասին ու քննարկեցին այն գլխավոր քայլերը, որոնք իսկապես անհրաժեշտություն են:

Հինա Ջիլանիի խոսքով՝ մարդկանց անվտանգությունը ոչ թե պաշտպան ոստիկանից է գալիս, այլ հենց այն մարդկանց, ովքեր ամբողջ աշխարհում հոգ են տանում մարդկանց իրավունքների մասին. «Իշխանությունները հաճախ փախստականների թեման բերում են քաղաքական օրակարգ՝ այն ևս իրենց օգտին օգտագործելու համար: Կարծում եմ, որ սա ամենից դաժան քայլն է, որ ինչ-որ մեկն ունակ է անելու»:

Կոլումբիայի համալսարանի պատվավոր ներկայացուցիչ Էդվարդ Լաքը, խոսելով մարդկային ամենից ծանր ոճրի՝ ցեղասպանության մասին, նշեց, որ հաճախ ավելի շատ մտածում են երկրի տեսանկյունից, քան անձերի. «Պետք է կարևորել, կարծում եմ, անձնական պատասխանատվության զգացումը: Բացի այդ ապագայում ցեղասպանություններից խուսափելու համար, պետք է ճշգրիտ խոսել անցյալի ցեղասպանությունների մասին: Սա իրապես առաջնային է»:

Շիրին Էբադին էլ կոչ արեց այնպիսի հասարակություն դառնալ, որտեղ չեն լինի ոչ պատերազմներ, ոչ սով, ոչ իրավունքների խախտումներ. «Շատ փախստականներ, ովքեր ապրում են վրաններում Թուրքիայում, Հորդանանում կամ Լիբանանում, զրկված են ամենատարրական կարիքների նորմալ բավարարումից: Անգամ խմելու ջրից են զրկված: Եթե այս կերպ շարունակվեց, մենք կունենանք ոչ գրաճանաչ, անգրագետ ապագա սերունդ»:

Հոլոքոստի թանգարանի ներկայացուցիչ Սթիվեն Լուքերտն էլ անհանգստություն արտահայտեց մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հաճախակի տարածվող փաստաթղթերի կազմման ու ներկայացման վերաբերյալ. «Հաճախ այդ փաստաթղթերին նայելիս զարմանում ես, քանի որ դա արված է ոչ թե շարքային քաղաքացիների, հանրության համար, այլ վերլուծաբանների: Պետք է փնտրել և գտնել ինֆորմացիան հանրությանը ճիշտ հասցնելու ձևը: Դա շատ կարևոր է»:

Հետագա քննարկումների, երկխոսության ընթացքում «Aurora Dialogues»-ի մասնակիցները խոսեցին ամենատարբեր թեմաների ու խնդիրների մասին՝ բարձրաձայնելով հիմնահարցեր, որոնք արագ և հնարավորինս ամբողջական լուծվելու կարիք ունեն: Մասնակիցները առաջ քաշեցին ստեղծված զանազան ճգնաժամերը կառավարելու մեխանիզմներ, որոնց օգտագործման դեպքում մարդիկ շատ ավելի ապահով և հանգիստ կապրեն աշխարհի վրա: