Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-11-2017
Չարենց. «Այս փոքր նաիրյան աշխարհում ես շատ թշնամիներ ունեմ…»
«Դժբախտություն ունեցա գրելու բանաստեղծությունների եւ պոեմների նոր գիրք՝ 300 էջ, «Գիրք ճանապարհի» ընդհանուր վերնագրով,- մեր ժողովրդի անցյալի, ներկայի եւ ապագայի մասին: Եվ ահա հենց այս գիրքը մարդիկ իրենց նաիրյան կուրությամբ եւ ատելությամբ հայտարարեցին նացիոնալիստական, դաշնակցական եւ… ընկ. Խանջյանի բացակայության ժամանակ, երբ գիրքը, վաղուց արդեն տպագրված, արդեն պիտի լույս տեսներ, բռնեցին եւ Կենտկոմի քարտուղարության անունից արգելեցին որպես հակահեղափոխական, իսկ ինձ էլ, առանց պատճառների որեւէ բացատրության, դուրս վռնդեցին պետհրատից».- սա մի հատված է Եղիշե Չարենցի՝ Մարիետա Շահինյանին ուղղած նամակից, որում պոետն օգնություն էր խնդրում:

Նամակը մնաց անարձագանք, իսկ այն գրելուց ընդամենը 4 տարի հետո Չարենցը բանտարկվեց ու մի քանի ամիս անց կնքեց մահկանացուն: Նա բանտից գրեց 2 նամակ. մեկն ուղղված էր Իսահակյանին. «Ոգով պայծառ եմ ու առույգ. ընտանիքիս հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում ու հոշոտում: Այդ էլ թողնում եմ Աստծուն եւ հայ ժողովրդին…»:



Մյուս նամակը գրեց կնոջը՝ Իզաբելային. «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն. չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»:

Հանճարեղ բանաստեղծը կարծես զգում էր, որ «Գիրք ճանապարհի»-ն իր վերջին ստեղծագործությունն էր. կյանքի վերջին տարիներին սկսվել էին հալածանքները նրա նկատմամբ: 1937 թվականին Հայաստանի գրողների ընդհանուր ժողովը նրան խիստ քննադատել էր եւ հռչակել «ժողովրդի թշնամի»: Չարենցը «Գիրք ճանապարհի» ժողովածուում քննում էր պատմության մաքառումներով անցած ժողովրդի ուղին, իմաստավորում ստեղծագործ մարդու տեղն ու դերը ժողովրդի պատմության մեջ, խորհում քերթողական արվեստի մասին: 



Թեեւ Եղիշե Չարենցը հեռանում է կյանքից, բայց նրա ստեղծագործություններն այսօր էլ շարունակում են ապրել՝ ամեն սերնդի կողմից յուրովի վերաիմաստավորվելով ու վերարժեւորվելով:

«Հայ իրականության մեջ իր ժողովրդի ճակատագրով ապրող ու տառապող ամենամեծ իմաստունն էր Եղիշե Չարենցը: Այդպիսի մարդկանց հնում մարգարե էին անվանում: Նա հայոց պատմության ծնունդն էր, ոսկի երակը հնամյա ցեղի, ով իր ամբողջ կյանքն ապրեց ժողովրդի ճակատագրից անբաժան: Նրա կյանքը դարձավ մի անվերջ ու անմնացորդ անանձնական նվիրում իր հայրենիքին ու ժողովրդին: Նա իր սեփական անձը բերեց իբրեւ զոհ վերջին եւ զոհաբերություն»,- Չարենցի կյանքին ու գործունեությանը նվիրված կոնֆերանս-քննարկման ժամանակ ասաց նրա թոռնուհի Գոհար Չարենցը:



Այս տարի Եղիշե Չարենցի հիշատակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց նոյեմբերի 26-ին: Չարենցյան ընթերցումներով կարդացողները հիշեցին մեծ պոետին: Իսկ այսօր արդեն կազմակերպվեցին քայլերթ դեպի Չարենցի հուշարձան եւ բռնադատված մտավորականներին նվիրված ցուցահանդեսի բացում: