
Այդտեղ նա մարմնավորում է երիտասարդ Սիդին, ով պատանեկան խառնաշփոթի ու ընտանեկան հարաբերությունների շրջանակում ինչպես իր սկզբունքներին, այնպես էլ ընտանեկան արժեքներին հավատարիմ մնալու խնդիր ունի:
Դավիթ Սարգսյանն այդ կերպարով երեք հեղինակավոր կինոփառատոներում միաժամանակ արժանացել է «Լավագույն երկրորդ գլխավոր» դերակատար (Best Supporting Actor) մրցանակին: Այդ փառատոներն են՝ «Festigious International Film Festival», «Los Angeles Actors Awards» եւ իտալական «Oniros Film Awards»-ը, որտեղ, ի դեպ, Ալինա Սմոլյերի հետ նրա խաղը (ով ֆիլմում մարմնավորում է Սիդի քրոջը՝ գլխավոր հերոսուհուն) ճանաչվել է նաեւ որպես «Լավագույն դերասանական զույգ» (Best Acting Duo): Ընդ որում՝ այդ հեղինակավոր կինոփառատոները դերասանների վարկանշային IMDb որակավորման փառատոներ են, որոնք մեծ ազդեցություն ունեն եւ որակավորման նոր մակարդակ են համարվում մասնագիտական աճի ճանապարհին:
«Molehill» կարճամետրաժ ֆիլմում Սիդի քույրը՝ Լեյղը, առավոտյան գնում է եղբորը որոնելու, ով տանը չի գիշերել, եւ պարզում է, որ Սիդը մասնակցում է իր նախկին ընկերոջ տանը կազմակերպված խնջույքին: Լեյղը հավատում է, որ այդ ամենը կազմակերպվել է իրենից վրեժ լուծելու եւ եղբորը հանցավոր խնդիրների մեջ ներքաշելու համար: Մի քանի րոպե տեւողությամբ այդ ֆիլմում երեւում են ինչպես ամերիկյան ժամանակակից երիտասարդների կյանքն ու կենցաղը, այնպես էլ ընտանեկան լարված եւ բարդ հարաբերություններն ու արժեհամակարգի՝ մեզ անծանոթ անկյունները: «Molehill» ֆիլմով Դավիթ Սարգսյանը 4 տարբեր փառատոներում նոմինացված է եղել 5 անվանակարգերում, որոնցից 4-ին պատվով արժանացել է: Ըստ փառատոների կանոնադրության՝ ֆիլմը հասանելի չէ համացանցում:
Դավիթ Սարգսյանը հայաստանյան հանդիսատեսին հայտնի է «Թուղթ ու գիր» (մարմնավորել է Ջեքի կերպարը) եւ «Վտանգավոր խաղեր» (մարմնավորել է Արամի կերպարը) բազմասերիանոց հեռուստանովելներից: Այժմ դերասանն ակտիվորեն մասնակցում է ամերիկյան մի քանի նախագծերի նկարահանումներին, համագործակցել է «Discovery Channel»-ի հետ, նկարահանվում է գովազդային հոլովակներում, ինչպես նաեւ հայ եւ օտարերկրացի ռեժիսորների ժամանակակից արվեստի նախագծերում: Դավիթ Սարգսյանի մասնագիտական կարիերայի վրա մեծ ազդեցություն են ունեցել ռեժիսոր Թրեյ Հալեյի «The Family Business» դրամատիկ էքշնում եւ ռեժիսոր Ռոջեր Քուպելյանի «Բյուզանդիայից Արեւելք» («East of Byzantium») պատմավավերագրական ֆիլմում խաղացած դերերը: