Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 15-05-2016
Նարե Գեւորգյան. «Նարեն այլեւս դադար չի առնի»
Րոպեներ առաջ ավարտվեց «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագիծը:

Արդեն երրորդ անգամ նախագծի շրջանակում  հնարավորություն եղավ բացահայտելու մինչ այս ստվերում մնացած ստեղծագործողներին:

Այս անգամ հաղթողն էր արդեն իսկ սիրված երգչուհի Նարե Գեւորգյանը, ով «Հայսուպերսթար» հեռուստաշոուի 2-րդ եթերաշրջանի եզրափակչի մասնակիցն էր: 2008 թ.-ին նա մասնակցել է «Ոսկե Քնար» ռադիոմրցանակաբաշխությանը եւ արժանացել «Տարվա հայտնություն» մրցանակին: 

Նարեին հաղթանակ բերեց «Արեւ» երգը, որի խոսքերի եւ երաժշտության հեղինակն է Լիանա Թորոսյանը:

Մեզ հետ զրույցում Նարեն խոստովանեց, որ չի պատկերացրել, որ հենց ինքն է լինելու հաղթողը: Նա քվեարկել է Հայկ Հունանյանի օգտին: Երգչուհու անկեղծության եւ հուզմունքի մասին էին խոսում նաեւ նրա անզուգական ժպիտը եւ աչքերից հոսող արցունքը:

«Երբ կանգնած էինք բեմում, մտածում էի, որ պետք է հնչի Հայկի անունը, որովհետեւ ես դեռ նախագծի սկզբից այդպես էի կարծում: Չէի բացառում նաեւ, որ կհաղթի Նիկը, ես անգամ մեկ տոկոս չէի հավատում, որ ես կլինեմ հաղթողը»,- մեզ հետ  զրույցում անկեղծացավ երգչուհին:

Ի դեպ, մրցույթի մրցանակն է հաղթած երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, ինչպես նաեւ դրա տարածումը: Նարեն այնքան հուզված էր, որ չէր էլ պատկերացնում, որ «Արեւը» կունենա տեսահոլովակ. «Խոստանում եմ իմ երկրպագուներին, որ այս գործը կիսատ չի մնա, եւ Նարեն այլեւս դադար չի առնի»:

Հավելենք, որ եզրափակչում հայտնված մասնակիցներից յուրաքանչյուրն ունեցավ իր հաղթանակը: «Դար 21» հեռուստաալիքը, Ռադիո Վանը եւ Հանրային ռադիոն անցկացրել էին քվեարկություն, որի ընթացքում հանրությունը հնարավորություն է ունեցել քվեարկելու իրենց նախընտրած երգի եւ մասնակցի օգտին:

Չնայած նախագիծը րոպեներ առաջ մոտեցավ իր տրամաբանական ավարտին, սակայն մասնակցել ցանկացողների թիվն ու հասարակության հետաքրքրությունն այնքան մեծ էին, որ արդեն իսկ սկսվել է «Պրեմիերա 4»-ի հայտադիմումների ընդունումը:

Պատկերասրահ՝ Ավարտվեց «Պրեմիերա» նախագիծը