Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 05-04-2019
Դասընթաց երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) 2019 թվականի ապրիլի 25-26-ը Վանաձորում կազմակերպում է «Դասընթաց ՀՀ-ում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար» ծրագիրը:

Մասնակիցներին կներկայացվեն պետական երիտասարդական քաղաքականությունը, Նախարարության կողմից իրականացվող երիտասարդական միջոցառումներն ու ծրագրերը, Նախարարության կողմից երիտասարդական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման կարգը, ծրագիր գրելու հմտությունները,  արդյունավետ և սահմանված չափանիշներին համապատասխան դրամաշնորհային ծրագրերի հայտերի մշակման և ներկայացման ձևերը: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի դրամաշնորհային ծրագրերի բյուջեների կազմման, նախահաշիվների ձևի, գնային չափորոշիչների, ժամանակացույցների, ինչպես նաև հաշվետվությունների ճիշտ կազմման ու ներկայացման մասին:

Մասնակիցները տեղում կփորձեն գրել ծրագիր, կազմել ծրագրի բյուջեն ու նախահաշիվը, որից հետո կկազմակերպվի քննարկում, մասնակիցների հարցերին կտրվեն պատասխաններ: 

Մասնակիցների ընդհանուր քանակը՝ 50, որից 10-ը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորից: 

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք մինչև ս.թ. ապրիլի 20-ը erit.msy@gmail.com հասցեին ուղարկել մասնակցության նամակ՝ նշելով հասարակական կազմակերպության անվանումը, մարզը (որը ներկայացնում են), մասնակցի անուն-ազգանունը և կոնտակտային տվյալները: 

Նախարարությունը հոգում է սեմինարի ընթացքում մասնակիցների կեցության, սննդի ծախսերը և Երևան-Վանաձոր-Երևան ճանապարհածախսը: Ճանապարհածախսը դեպի Երևան և հետադարձ հոգում է գործուղող կողմը: 

Նախանշվածից շատ հայտեր ստանալու պարագայում իրականացվելու է հայտերի մրցութային գնահատում՝ առավելությունը տրվելու է դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու փորձ չունեցող կազմակերպություններին և ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Վանաձորի հասարակական կազմակերպություններին, պահպանվելու է մարզային ներկայացուցչականության համամասնությունը: