Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 16-06-2017
Մեկնարկեց չորրորդ «Թվապատում»-ը
Այսօր «Innovative Solutions and Technologies» կենտրոնում մեկնարկեց երկօրյա լրագրողական միջազգային կոնֆերանսը, որի առանցքային թեման մենեջմենթն է:



Չորրորդ թվապատման տարբերանշանները փողկապներն ու վզկապներն են: Դրանք հուշում են՝ «Թվապատում 2017»-ը,  մեդիաբովանդակություն ստեղծելուց բացի, նաեւ մեդիայի աշխատանքը կազմակերպելու եւ կառավարելու մասին է: Այն հիանալի հնարավորություն է՝ հասկանալու մեդիայի ներկայիս վիճակը եւ մարտահրավերները: Հենց այդ նպատակով էլ Գերմանիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից հրավիրված՝ ոլորտի առաջատար վեց մասնագետները կոնֆերանսի շրջանակում ներկայացնում են թվային միջավայրում մեդիայի գոյատեւման, զարգացման եւ հաջողության միջազգային փորձը:



Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը «Թվապատում 2017»-ի բացումն ազդարարելիս ողջունեց ներկաներին եւ նշեց, որ այս թվապատման ուշադրության կենտրոնում լինելու են մեդիայի փոփոխվող դիմագիծն ու գործառույթները, ժամանակակից մեդիա հարթակների ձեւավորման ու բրենդավորման արդյունավետ եղանակները, մոնետիզացիայի նոր միջոցները, լրատվամիջոց-սոցիալական մեդիա համակցությունը, նաեւ հայաստանյան մեդիադաշտի ներկան եւ հեռանկարները:



Պետք է նշել, որ «Թվապատում»-ը հարթակ է ոչ միայն մեդիայի զարգացման միտումներին ծանոթանալու, այլեւ համագործակցության նոր հնարավորություններ եւ եզրեր գտնելու, համաշխարհային փորձով ոգեշնչվելու համար: Այս տարի բանախոսների տեսական եւ գործնական խորհուրդներն ուղղված են առաջին հերթին մեդիա մենեջերներին, բայց՝ նաեւ լրագրողներին, ուսանողներին եւ մեդիա համայնքի մյուս ներկայացուցիչներին: Բանախոսներն իրենց փորձով պատմում էին, թե ինչպես կարելի է նոր ասելիքը հասցնել հին լսարանին, ինչպես փոթորկվող ժամանակներում մնալ մեդիայի ղեկին, ինչպես դիմակայել մրցակցության ու նոր հարթակների աշխարհում:



«Թվապատում»-ի առաջին պատումը կրում էր «Մեդիան փոթորկվող ժամանակներում» խորագիրը, որի շրջանակում անցկացվեց բլից քննարկում: Տարբեր երկրներից ժամանած մասնագետները խոսեցին փողերի եւ մեդիա բովանդակության մասին: Ո՞րն է առաջնայինը, ո՞րն է ստեղծում մյուսին: Այս ամենը հայտնվեց քննարկման կիզակետում եւ մանրամասն վերլուծելու անհրաժեշտություն առաջացավ: Այնուհետեւ խոսվեց բաժանորդագրության եւ գովազդի մասին:



Քննարկման մասնակիցները կարեւոր համարեցին նշել, որ ամբողջ աշխարհում գովազդային շուկան գնալով նվազում է: Բանն այն է, որ բիզնեսով զբաղվողներն իրենք են ստեղծում էլեկտրոնային հարթակներ եւ անհրաժեշտություն չեն համարում վճարել ԶԼՄ-ներին՝ դրանք հանրայնացնելու համար: Բերվեցին միջազգային փորձից օրինակներ, ապա դրանք համեմատվեցին հայ իրականության հետ:



Հաշվի առնելով այն իրողությունը, որ ամբողջ աշխարհում տպագիր թերթերը գնալով նվազում են, անհրաժեշտություն առաջացավ քննարկելու դրա պատճառները: Նշվեց, որ դրա հիմնական «մեղավորը» ինտերնետն է, որն ընթերցողներին տալիս է անսահման հնարավորություններ: Ներկայիս ծանր իրավիճակից դուրս գալու համար մասնագետները խորհուրդ տվեցին ընթերցողների համար ստեղծել ակումբներ՝ կապեր հաստատելու նպատակով, ինչպես նաեւ նրանց ընձեռել զեղչեր եւ այլն:



Հաջորդ կարեւոր թեման վերաբերում էր միջազգային լրատվական բյուրոների թվի նվազմանը: Գաղտնիք չէ, որ մեր օրերում դրանք այնքան էլ մեծ տարածում չունեն: Այդ փաստը հաստատեցին նաեւ լրագրության ոլորտում գործունեություն ծավալող մեր գործընկերները: Բանն այն է, որ լրագրողներն այսօր ունեն շատ հնարավորություններ՝ շրջելու տարբեր երկրներում եւ անձամբ հետեւելու դեպքերի զարգացմանը: Այդուհանդերձ, ընդգծվեց նաեւ այն կարեւոր իրողությունը, որ այսօր ԶԼՄ-ները միմյանց հետ ակտիվ համագործակցությունների մեջ են:



Քննարկվող թեմաները բազմաժանր էին՝ նոր մեդիա, միտումներ, վտանգներ, հնարավորություններ, խմբագրի առանձնահատկություններ, լրատվական կայքի լսարանն ընդլայնելու մեխանիզմներ եւ այլն: Դրանք ուղեկցվում էին նաեւ հարց ու պատասխաններով:



Միջազգային կոնֆերանսի երկրորդ օրը Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետները կքննարկեն մեդիադաշտին վերաբերող տարբեր թեմաներ, կբերեն կոնկրետ օրինակներ, կանդրադառնան ոլորտի առջեւ ծառացած դժվարություններին, մարտահրավերներին, մրցակցության պայմաններում առաջացող խոչընդոտներին եւ այլն: