Այսօր

Որքան առաջ ես գնում, այնքան դժվարությունները շատանում են. պատրաստ եմ դրան. Սերոժ Թիթիզյան

  19 Մայիս 2021  529 դիտում
Որքան առաջ ես գնում, այնքան դժվարությունները շատանում են. պատրաստ եմ դրան. Սերոժ Թիթիզյան

Սերոժ Թիթիզյանի համար ավարտվող մրցաշրջանը լի էր բեկումնային փոփոխություններով. Ֆրանսիայից՝ Հայաստան, «Արարատ 2»-ից՝ հիմնական թիմ, հրավեր երիտասարդական հավաքականից:

Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Արարատի» կիսապաշտպանը Erit.am-ի հետ զրույցում պատմել է կարիերայի մեկնարկի, իրադարձություններով հագեցած մրցաշրջանի և նպատակների մասին։

Ռոնալդինյոյի «կախարդանքը»

Մանկությանս հերոսը ֆուտբլային  «կախարդն» էր՝ Ռոնալդինյոն։ Մեծ ոգևորությամբ հետևում էի նրա խաղերին, Youtube-ով դիտում կախարդական հնարքները և երազում կրկնել դրանք։ Ֆուտբոլի հաճախելը եղել է իմ ցանկությունը։ Առաջին քայլերս կատարել եմ 6 տարեկանում Ֆրանսիայի Վանդյովր լը Նանսի քաղաքի համանուն թիմում։ Ամբողջ օրը գնդակով էի՝ թե՛ մարզումների ժամանակ, թե՛ դրանցից հետո՝ բակում։ «Վանդյովրում» խաղացել եմ մինչև 14 տարեկան, ապա տեղափոխվել եմ «Մեց», որտեղ հանդես եմ եկել երկու տարի և չկնքելով պայմանագիր՝ տեղափոխվել «Վիլե»։ Այստեղ շատ լավ հանդես եկա, խփեցի 5 գոլ, ինչի արդյունքում էլ վերադարձա «Մեց» ու արդեն աշխատավարձով պայմանագիր կնքեցի։ Ֆրանսիայում անցկացրած վերջին մրցաշրջանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դժվարություններ կային. խաղաշրջանի մի կեսն անցկացրի «Սարգեմինում», մյուսը՝ մանկությանս թիմում՝ «Վանդյովրում», ինչից հետո որոշեցի տեղափոխվել Հայաստան։

Մտավախությունը բնական է, հստակ նպատակը՝ կարևոր

Կարևոր որոշումներ կայացնելիս մտավախություններ ունենալը բնական է։ Ինքս նման դեպքերում երկար մտածում եմ՝ ավելի լա՞վ կլինի, թե՞… Հայաստան տեղափոխվելիս էլ մտածում էի՝ արդյո՞ք ֆրանսիական ֆուտբոլից հրաժարվելն ու Հայաստանի առաջնությունն ընտրելը հետընթաց չէ։ Առանցքային էր այն, որ հայրենիք էի գալիս հստակ նպատակով՝ ցանկանում էի լավագույնս հանդես գալ Հայաստանի Բարձրագույն խմբում և հրավեր ստանալ երիտասարդական հավաքականից։ Ինքս իմ առաջ նպատակ էի դրել՝ խաղալ այնպես, որ մեկ տարվա ընթացքում հավաքականի մարզիչները նկատեն ինձ։ Ստացվեց։

«Արարատը», հաղթահարվող դժվարությունները և տարբերությունները

Ինչպես ֆուտբոլի հաճախելու որոշումն է եղել իմը, այնպես էլ հայրենիքում խաղալու։ Հայաստան տեղափոխվելուց հետո մի քանի ակումբում փորձաշրջան անցա, արդյունքում առաջարկ ստացա «Արարատ-2»-ից. Ռազմիկ Գրիգորյանը («Արարատ-2»-ի գլխավոր մարզիչը – խմբ.) զանգահարեց և ասաց, որ շատ կուզենար ինձ տեսնել «Արարատի» երկրորդ թիմում։ Ոգևորվել էի այդ հնարավորությունից, քանի որ «Արարատը» հայկական ֆուտբոլի լեգենդար ակումբն է։ Հայրս, պապիկս պատմել էին փառահեղ հաղթանակների մասին, ուստի իմ ընտրությունն էլ կանգ առավ «Արարատի» վրա։ Ինչպես նշեցի, Ֆրանսիայից տեղափոխվելիս նպատակադրվել էի խաղալ Բարձրագույն խմբում, դրա համար էլ «Արարատ-2»-ում ջանք չէի խնայում: Արդյունքում Վարդան Բիչախչյանը («Արարատի» գլխավոր մարզիչ) նկատեց ակտիվությունս և ինձ հրավիրեց առաջին թիմ։ Նորամուտս «Ալաշկերտի» հետ խաղում էր, փոքր-ինչ լարվածություն կար, փորձում էի խուսափել սխալներից, կարծում եմ՝ ստացվեց (ժպտում է – խմբ.)։ 

Իրականում ամենամեծ դժվարությունն ընտանիքից հեռու լինելն է։ Հայաստանում հարազատներ ունեմ, բայց ընտանիքս, նշանածս Ֆրանսիայում են։ Առանց նրանց դժվար է, սակայն հստակ նպատակներ ունենալու դեպքում ցանկացած դժվարություն հաղթահարելի է։ 

Ինչ վերաբերում է ֆրանսիական և հայկական ֆուտբոլի տարբերություններին՝ դրանք իսկապես շատ են, իսկ գլխավորն այն է, որ եթե Ֆրանսիայում ավելի մեծ ուշադրություն են դարձնում ֆուտբոլիստի տեխնիկային, ապա Հայաստանում կարևոր է թիմային խաղը։ Ֆրանսիայում մարզիչը կարող է ամբողջ օրը հատկացնել միայն մեկ ֆուտբոլիստին, իսկ այստեղ գերակշռում է թիմային աշխատանքը։ 

«Երանի Սերոժը գոլ խփի»

Երիտասարդական հավաքականից հրավեր ստանալուց հետո աննկարագրելի զգացողություններ ունեի։ Առաջինն այդ նորությունը հայտնել եմ սիրելիիս։ Նա գիտի իմ նպատակները, դրանց կարևորությունը և ոգեշնչում է։ Ընտանիքիս անդամները հասկանում էին, թե ինձ համար  ինչ նշանակություն ունի երիտասարդական հավաքականում առաջին՝ Բելառուսի հետ խաղը։ Հանդիպումը դիտելիս մայրս փոքր եղբորս ասել է. «Երանի Սերոժը գոլ խփի» ու դրանից ընդամենը մեկ րոպե անց մեկնաբանը բղավել է՝ «Գո՜լ, Սերոժ Թիթիզյան»։ Իրենք այնտեղ հուզվել են, ես՝ այստեղ անսահման հպարտություն զգացել հավաքականում հենց առաջին խաղում գոլ խփելու համար։ Խաղի ընթացքում լարվածություն չեմ զգացել։ Ավելի շատ ոգևորված էի, քան լարված։ Կարծում եմ՝ հենց ոգևորությունս օգնեց լավ խաղալ։ 

Կարևոր է՝ գերի չդառնալ ուշադրությանը

Լավ խաղալիս ուշադրության կենտրոնում հայտնվելը բնական է, դրանից չեմ խուսափում, բայց շատ էլ չեմ ոգևորվում և գերի չեմ դառնում։ Ուշադրությունից պարտավորված եմ զգում ավելի լավ խաղալ։ Իհարկե, դժվար է, երբ վատ հանդես գալուց հետո էլ քննադատություններ են լինում, բայց պրոֆեսիոնալ կարիերա սկսելիս հասկանում էի, որ նման բաներն անխուսափելի են։ Որքան առաջ ես գնում, այնքան դժվարությունները շատանում են, ես պատրաստ եմ դրան։ 

Գլխավոր նպատակը

Ամենամեծ նպատակս Չեմպիոնների լիգայում խաղալն է, բայց այդ մասին շատ չեմ խոսի։ Չեմ լարվում, չեմ մտածում, թե որ թիմի հետ կհասնեմ նպատակիս, պարզապես խաղ առ խաղ եմ առաջ գնում։ Այժմ կենտրոնացել եմ  «Արարատի» հետ մրցաշրջանը հաջող ավարտելու և երիտասարդական հավաքականի կազմում հունիսին կայանալիք խաղերի վրա։ 

Զրույցն ավարտում ենք բլից հարցումով

-Նախընտրած լիգան և թիմը։

-Անգլիայի Պրեմիեր լիգա, «Լիվերպուլ»։

-Խաղ, որ երբեք չես մոռանա։

-Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Պարի Սեն Ժերմեն» պատասխան խաղը, երբ կատալոնացիները հաղթեցին 6-1 հաշվով։ Չեմ մոռանա նաև 15 տարեկանում «Մեցի» հետ Ֆրանսիայի չեմպիոն դառնալու վճռորոշ խաղը։

-Պատմության լավագույն գոլը։

-Առաջինը մտքիս եկավ 2009 թվականին Անդրես Ինյեստայի՝ «Չելսիի» դեմ խաղի 93-րդ րոպեին խփած գոլը։

-Ֆուտբոլիստ, որ կուզեիր լիներ թիմակիցդ։

-Լիոնել Մեսսի։

-Սուպերընդունակություն, որ կցանկանայիր ունենալ։

-Լինել աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը։

-Եթե չլիներ ֆուտբոլը...

-Կրկին կլիներ ֆուտբոլը (ժպտում է- խմբ.

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ